Միքայել Մելքումյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպանը շնորհավորել է Միքայել Մելքումյանին նորաստեղծ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել հանձնաժողովի դերը հայ-ռուսական ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերություններում աշխատանքները կլինեն արդյունավետ, կձևավորվի համապատասխան օրակարգ:

Միքայել Մելքումյանը հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի համանման հանձնաժողովի հետ համագործակցության երկկողմ ձևաչափ ստեղծելու իր մտադրության մասին՝ ընդգծելով, որ առաջիկայում ԱԺ կայցելի ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: