Սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու համար ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումարներ, գործակալության պետը կալանավորվել է

ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ  չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերևույթ ապօրինի վարձատրության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018թ․ նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  և 2-րդ կետերով և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր  քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել էր ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին և 2018թ․ դեկտեմբերի 20-ին ընդունվել վարույթ:

Իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016-2018թթ․սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և  սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար:

Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ևս վեց անձի․ երեք անձի՝ սուտ մատնութան, և երեք անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: