Մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, և այդ ուժը մշակույթն է․ Զոհրաբ Մնացականյան

Փետրվարի 7-ին Տալլինի Նիգուլիստե եկեղեցում տեղի է ունեցել «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին: Միջոցառմանը, որը նախաձեռնել էր Էստոնիայում ՀՀ դեսպանությունը, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էստոնիայի մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Տարվի Սիթսը: ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ, ողջունելով հյուրերին, նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշել է.

«Հայերի ու էստոնացիների միջև շփումները գալիս են դարերի խորքից, երկու ժողովուրդները վայելում են փոխադարձ հարգանք, կիսում տարբեր խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն: Սակայն մեր ժողովուրդներին միավորում է առավել զորեղ ուժ, և այդ ուժը մշակույթն է»:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել մաեստրո Լևոն Իսկենյանին և «Գյուրջիև» համույթին՝ երեկոյի ընթացքում հանդիսատեսին հայ անվանի կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործություններին ծանոթացնելու, այդ կատարումներով նաև մեր քաղաքակրթությունը, մեր մշակույթը ներկայացնելու համար։

«Կոմիտասը միանձնյա դրեց հայ դասական երաժշտության հիմքերը,- նշել է ՀՀ արտգործնախարարը:- Մի մարդ, ով այդքան շատ էր սիրում կյանքը։ Քահանա, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ երաժշտական արվեստի ավանդույթները հավաքագրելուն՝ հետագայում դրանք վերածելով գլուխգործոցների: Իր երաժշտությունն ամուր ինքնության դրսևորում է, որով մենք այդքան հպարտ ենք: Ուրախ եմ, որ մեզ այսօր հնարավորություն ընձեռվեց մասնակից լինելու, թե երաժշտությունն ու մշակույթը ինչպես են առավել մերձեցնեում մեր ժողովուրդներին»: