«Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումներ հայտնաբերվել են նաև այլ ընկերությունում

Հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործողություններ դեղատներում՝ «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումները (պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ) հայտնաբերելու ուղղությամբ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկացմամբ, «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում ևս հայտնաբերվել է վերը նշված կենսաբանական ակտիվ հավելումը (100 տուփ), որը, ըստ ընկերության ղեկավարի, ձեռք է բերվել ֆիզիկական անձից և հետագայում դեղատներում տրվել իրացման:

«Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում, շարունակում են:

Տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, ուստի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի 010 20 60 40 կամ 012 90 60 90 հեռախոսահամարներով: