Իրանը ՌԱՀ-ի արդյունավետությամբ առաջատարներից մեկն է աշխարհում

Բավական շատ են տեղեկություններն այն մասին, որ ժամանակակից սպառազինությունների ոլորտում Ռուսաստանն ու Չինաստանն առանձին զինատեսակների առումով զգալիորեն առաջ են անցել ԱՄՆ-ից և ողջ Արևմուտքից։ Սակայն գրեթե բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է աշխատում Իրանի ռազմաարդյունաբերական համալիրը (ՌԱՀ), և, ի դեպ, շատ իզուր․․․

2018 թվականին, մինչև ապրիլյան հեղաշրջումը, այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով գտնվելով Իրանում, այցելեց իրանական ՌԱՀ-ի մի շարք առաջատար ձեռնարկություններ։ Նա Երևան վերադարձավ զարմացած ու հիացած։ Թե այնտեղ ինչ էր տեսել Վիգեն Սարգսյանը, որից հետո Հայաստանում արդեն հրապարակավ խոսում էր Թեհրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կնքելու նպատակահարմարության մասին, մնում է միայն կռահել։

Հայաստանյան ընթերցողներին ցույց տալու համար, որ Իրանը ժամանակակից սպառազինությունների արտադրությամբ աշխարհում արդեն առաջատարներից մեկն է, ներկայացնենք Թեհրանից ստացված միայն երկու հաղորդագրություն։ Դրանք կարևոր տեղեկություններ են, հատկապես, եթե հաշվի առնենք հաղորդագրություններն այն մասին, որ Իսրայելը վերսկսում է իր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարումներն Ադրբեջանին։ Հունվարի 31-ին Իրանի ՌՕՈՒ-ն ներկայացրել է իր առաջին լայնաֆյուզելյաժ ԱԹՍ-ը՝ «Khodkar» («Ավտոմատ») անվանումով, որն ամբողջությամբ մշակված ու պատրաստված է իրանական մասնագետների կողմից։

«Iran Daily» թերթի հաղորդմամբ, այդ ԱԹՍ-ը Т-33 ուսումնական ինքնաթիռի արդիականացված տարբերակն է։ Այն կրում է երկու տեսախցիկ. մեկը տեղադրված է ֆյուզելյաժի տակ, որպեսզի նպաստի թռիչքի և վայրէջքի փուլերին, իսկ մյուսը՝ առջևի կողմում, որպեսզի ապահովի խցիկի այլընտրանքային տեսադաշտը։ Դրոնը, բացի ֆազավորված ցանցերից, ունի նաև GPS և ԳԼՕՆԱՍՍ ընդունիչների ալեհավաքներ, տվյալների հաղորդիչի ալեհավաքներ։ «Khodkar»-ը, որն օգտագործում է J85 տուրբոռեակտիվ շարժիչ, ընդունակ է նաև գրի առնել տվյալները և կարող է օգտագործվել դիտարկման ու մարտական խնդիրների համար։ Այն ցուցահանդեսում ներկայացված բազմաթիվ այլ ԱԹՍ-ներից միայն մեկն էր, սակայն անմիջապես գրավում էր ցուցահանդեսի այցելուների ուշադրությունը։

Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, իրանական բանակի հրամանատար, գեներալ Աբդոլռահիմ Մուսավին ողջունել է վերջին չորս տասնամյակների ընթացքում երկրի նվաճումները հակաօդային պաշտպանության ոլորտում։

«Իրանի ժողովուրդը 40-ամյա դիմադրություն է ցուցաբերել և հաջողությամբ հաղթահարել պատժամիջոցները»,- ասել է նա։

Բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտարարել է նաև, որ Իրանի ռազմական տեխնիկան կատարում է ոչ միայն մարտական խնդիրներ, այլև փրկարարական ու որոնողական գործողություններ տարերային աղետների դեպքում։ Իրանի զինված ուժերը նոր ռազմական տեխնիկա, այդ թվում անօդաչու սարքեր և հրթիռներ են ներկայացրել նաև մեկ այլ ցուցահանդեսում՝ «Eqtedar 40» անվանումով, որը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։

Իսկ, ահա, հաջորդ տեղեկությունն իրանական ժամանակակից զենքի մասին հաղորդել է… իսրայելական «DEBKAfile» հանրահայտ համակայքը՝ վկայակոչելով Իսրայելի ռազմական աղբյուրները։ Պարզվում է, փետրվարի 2-ին Իրանում հաջողությամբ փորձարկվել են մինչև 1350 կմ հեռահարության իրանական «Hoveizeh» նոր թևավոր հրթիռները։ Դատելով իսրայելական հրապարակումից, Թել Ավիվում լրջորեն մտահոգված են. չէ՞ որ փլուզվեց սիոնիստական առասպելը «իրանական տնտեսության վախճանի», իրանական բանակի և նավատորմի ռազմատեխնիկական հենքի թուլության մասին և այլնի մասին։ «DEBKAfile»-ն ընդգծել է, որ «Hoveizeh» իրանական հրթիռների փորձարկումները Թեհրանի պատասխանն են հունվարի 22-ին հաջողությամբ անցկացված «Arrow-3» («Նետ-3») հրթիռների իսրայելա-ամերիկյան փորձարկումներին։

Ահա թե այնուհետ ինչ է գրում իսրայելական համակայքը. «Soumar» դիպուկ նշանառության թևավոր հրթիռների ընտանիքին պատկանող «Hoveizeh» հրթիռի փորձարկումներով Իրանը ցույց տվեց, որ չնայած Իսրայելի պաշտպանության նախարարության Հետազոտական վարչությունը և ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը մտադիր են մշակել Երկրագնդի մթնոլորտի սահմաններից դուրս գտնվող նշանակետեր խոցելու ընդունակ հրթիռներ, Իսլամական Հանրապետությունը կարողացել է հասնել գերդիպուկ նշանառության ցածրաթռիչ թևավոր հրթիռների ստեղծման։

Իրանը համոզված է, ոչ առանց վախի գրում է «DEBKAfile»-ը, որ «ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Իսրայելը պատասխան չունեն այդ հրթիռին հակազդելու համար»։ Եվ իսկապես, ռազմական փորձագետների խոսքերով, աշխարհի ոչ մի ռազմական ուժ առ այսօր չի գտել մինչև հարված հասցնելը թևավոր հրթիռների կասեցման արդյունավետ միջոցներ, եթե միայն դրանք չեն գտնվում նշանակետից փոքր հեռավորության վրա։ Թևավոր հրթիռները կարող են շրջանցել սարերն ու բլուրները և ցածր թռչել հարթավայրերի վրայով, այդպիսով խուսափելով հակահրթիռային պաշտպանության համակարգերի ռադարներից, հիշեցնում է իսրայելական համակայքը։

Իսրայելցիների եզրահանգումն օրինաչափ է. «իրանական «Hoveizeh» թևավոր հրթիռի հաջող փորձարկումը շատ կարևոր է, չնայած դրա նշանակությունը թերագնահատելու Արևմուտքի փորձերին»։ Ուրիշ ո՞ւմ, եթե ոչ Իսրայելի համար ներկայումս ճիշտ ժամանակն է գիտակցել, որ Իրանից թևավոր հրթիռների զանգվածային արձակման առջև իսրայելական տարածքը փաստացի անպաշտպան է։ Ի դեպ, իրանական թևավոր հրթիռների առջև անպաշտպան են Իրանին սահմանակից բոլոր երկրները, Իրանի հարևանների տարածքում տեղակայված օտարերկրյա բոլոր զորքերը…

Նույնիսկ ՆԱՏՕ-ն այսուհետ ստիպված է հաշվի նստել այն փաստի հետ, որ «ՆԱՏՕ-ական ուղղությամբ» հարկ կլինի գործ ունենալ ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի թևավոր հրթիռների հետ։ Իսկ չէ՞ որ իրանական ՌԱՀ-ի նվաճումները չեն սահմանափակվում սոսկ վերոնշյալ «Khodkar» ԱԹՍ-ներով և «Hoveizeh» թևավոր հրթիռներով, որոնք աշխարհը տեսավ իր աչքերով։ Օրերս իրանցիները ցուցադրել են իրենց նվաճումները նաև տանկաշինության ոլորտում։ Իրանական «Կարրար» և «Զոլֆիքար-3» տանկերի հետ մեկտեղ, ցուցադրվել են ռուսական Տ-72 և ամերիկյան «Աբրամս» տանկերի խոր արդիականացված տարբերակներ։

Հունվարի 9-ին Իրանի ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար Ազիզ Նասիրզոդան հայտարարել է իրանական արտադրության «Kowsar» կործանիչների թռիչքային փորձարկումների հաջող ավարտի մասին: Իրանի ռազմաօդային ուժերն առաջիկա երեք տարվա ընթացքում սպառազինության կառնեն այդ մակնիշի 15 մարտական մեքենա։ «Kowsar»-ն անմիջական օդային աջակցության (CAS) համար նախատեսված ժամանակակից կործանիչ է, որի շնորհիվ Իրանը դարձավ այն սակավաթիվ երկրներից մեկը, որոնք տիրապետում են ավիոնիկայով և կրակի կառավարման համակարգերով սարքավորված 4-րդ սերնդի այդպիսի ռեակտիվ ինքնաթիռների մշակման և արտադրության նորագույն տեխնոլոգիաներին։ Թերահավատները կասեն՝ օ՜, դա արդեն անցած բան է, արդեն կան «4+» և «5-րդ» սերնդի ռազմական ինքնաթիռներ։ Նրանց կառարկեմ միայն մեկ փաստարկով. իսկ ընդհանրապես քանի՞սն են աշխարհում այն երկրները, որոնք հնարավորություն ունեն և իրենց թույլ են տալիս պատրաստել ռազմական օդուժ։ Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։ Այնպես որ, Իրանը իսկապես աշխարհի ամենաառաջավոր պետություններից մեկն է սեփական ՌԱՀ-ի արդյունավետության առումով։

 

Սերգեյ Շաքարյանց