Եվրոպան ցանկանում է ԱՄՆ-ից Իրանի հարցում ավելի քիչ կախված լինել

Կարծես թե միայն անցած տարի Եվրոպան լիակատար չափով զգաց, որ Ամերիկայի վասալն է։ 2018թ. մայիսին Դոնալդ Թրամփը հասկացնել տվեց եվրոպացիներին, որ փափկանկատ չի լինի նրանց հանդեպ, եթե փորձեն շեղվել ԱՄՆ-ի ուղեգծից։ Ինչպես հայտնի է, նա հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու մասին։

ՀԳՀԾ-ն Իրանին պարտավորեցնում է սահմանափակել միջուկային գործունեությունը՝ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների դադարեցման դիմաց։ Թրամփը խոստացավ, որ համաձայնագրի վերանայումից Թեհրանի և ՀԳՀԾ-ի այլ մասնակիցների հրաժարման դեպքում Իրանի դեմ պատժամիջոցները կխստացվեն։ Եվրոպական երկրներին նա խորհուրդ տվեց միանալ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, սպառնալով այլապես երկրորդական պատժամիջոցներ կիրառել ԵՄ-ի դեմ։ Դա վերջնագիր էր ոչ այնքան Իրանին (որի դեմ պատժամիջոցները կիրառվում են արդեն 40 տարի, 1979 թվականից), որքան Եվրոպային։

2018թ. օգոստոսի 7-ին Վաշինգտոնը գործողության մեջ դրեց պատժամիջոցների առաջին փաթեթը, որոնք վերաբերվում են Իրանի հետ համագործակցող  եվրոպական ընկերություններին։ Ի պատասխան, ԵՄ-ն կիրարկեց, այսպես կոչված, արգելափակման կանոնակարգը։ Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնը երկարաձգեց Թեհրանի դեմ պատժամիջոցների գործողությունը, տարածելով դրանք հանրապետության նավթային մասնահատվածի վրա։ Հունվարի 24-ին հակաիրանական սահմանափակումները նորից ընդարձակվեցին։

ԵՄ-ի արգելափակիչ կանոնակարգը թույլ է տալիս ԵՄ-ի անդամ երկրների ընկերություններին չենթարկվել ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներին, հնարավորություն է տալիս այդ ընկերություններին դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցները կատարող երրորդ անձանց գործողություններից կրած վնասները և չեղարկում է ԵՄ-ի տարածքում ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ ցանկացած օտարերկրյա դատավճիռների գործողությունը։ Սակայն, եվրոպական բիզնեսը նախընտրեց ենթարկվել Վաշինգտոնի, այլ ոչ թե Բրյուսելի հրամաններին։ Եվրոպական ընկերությունները սկսեցին դուրս գալ Իրանում ունեցած ներդրողական նախագծերից (նավթարդյունահանում, ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծում, գործարանների շինարարություն) և չեղարկել կնքված միլիարդավոր եվրոների պայմանագրերը։

Եվրոպական բիզնեսի շահերի պաշտպանության որոշակի հույսեր էին կապված Իրանի հետ հաշվարկների հատուկ համակարգի ստեղծման հետ, որը Վաշինգտոնի վերահսկողությունից դուրս կգտնվեր։ 2018թ. սեպտեմբերին ԵՄ-ն որոշում ընդունեց «հատուկ նշանակության մեխանիզմի»՝ SPV-ի (Special Purpose Vehicle) ստեղծման մասին՝ Իրանի հետ ֆինանսական գործարքներ անցկացնելու համար։ ՍՎԻՖԹ-ի (Համաշխարհային միջբանկային ֆինանսական կապուղիների ընկերություն) միջոցով հաշվարկների մեխանիզմը դրա համար պիտանի չէր. նախ՝ 2018թ. նոյեմբերից իրանական բանկերն անջատված են այդ համակարգից, երկրորդ՝ ՍՎԻՖԹ համակարգն արդեն վաղուց գտնվում է Վաշինգտոնի հսկողության տակ։ Եվրոպացիները հիմք էին ընդունում այն, որ SPV-ը կապահովի պայմանագրի կողմերի գաղտնիությունը. ընկերությունը չի «մատնի» եվրոպական գործընկերներին, ինչը վերջիններիս կազատի Վաշինգտոնի երկրորդական պատժամիջոցների սպառնալիքից։ Բացի այդ, SPV ընկերությունը վճարումներն ու հաշվարկները կիրականացնի եվրոյով և գուցե այլ արժույթներով, բայց ոչ ԱՄՆ դոլարով։ Այսինքն՝ նախագիծը պետք է նաև նպաստեր եվրոպական տնտեսության ապադոլարացմանը։

Բրյուսելը, սակայն, անաշխույժ էր գործում։ SPV-ի ստեղծման գաղափարն ազդարարվեց միայն սեպտեմբերին, այլ ոչ թե մայիսին, երբ ընդունել էին ԵՄ-ի արգելափակիչ կանոնակարգը։ Սպասվում էր, որ SPV-ը կգործարկվի նոյեմբերին, այնուհետ մեկնարկը նախատեսում էին Ամանորին, բայց այդ ժամկետներն էլ խախտվեցին․ ԱՄՆ-ը շարունակում էր սարսափեցնել։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն սեպտեմբերին «մտահոգություն և խոր հիասթափություն» արտահայտեց SPV-ի ստեղծման մասին Եվրամիության որոշման առթիվ, իսկ դեկտեմբերին սպառնաց՝ «Վաշինգտոնը պատրաստ է պատժել ցանկացած խախտողի, և Եվրամիությունը բացառություն չի դառնա»։

ԵՄ անդամ երկրները երկար ժամանակ չէին կարողանում որոշել, թե ով իր իրավասության տակ կառնի SPV ընկերությունը։ Վերջիվերջո, համարձակը գտնվեց. Ֆրանսիայի նախագահ Մակրոնը համաձայնեց ընդունել SPV ընկերությունը։ Հունվարի վերջին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ընկերության ստեղծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները ձեռք են բերված։ Այն անվանեցին INSTEX (Instrument in Support of Trade Exchanges, Առևտրական հաշվարկների օժանդակման գործիք)։ Կազմակերպության կենտրոնակայանը կլինի Փարիզում, այն կգլխավորի «Commerzbank»-ի նախկին տնօրեն, գերմանացի Պեր Ֆիշերը։ Դիտորդական խորհրդի նախագահը բրիտանացի կլինի։ Գործառնությունների արժույթ են հայտարարվել եվրոն և բրիտանական ֆունտ ստեռլինգը։

Ինչպես կարելի է հասկանալ, գործիքի անվանումը փոխելը (SPV-ից INSTEX-ի) բացատրվում է նրանով, որ մասամբ փոփոխություններ տեղի ունեցան մեխանիզմի հայեցակարգում։ Եթե SPV-ը որոշակի նմանություն ուներ ՍՎԻՖԹ-ի հետ, ապա INSTEX-ը ավելի մոտ է հաշվարկային պալատին։ Եվ եթե SPV-ը նախատեսված էր մասնակիցների և գործառնությունների լայն շրջանակի համար, ապա INSTEX-ը պետք է ապահովի միայն կենսական անհրաժեշտության ապրանքների առևտուրը (օրինակ՝ դեղորայքի)։ Կոպիտ համեմատությամբ, դա «եվրոպական դեղորայք և սննդամթերք՝ իրանական նավթի դիմաց» բարտերային սխեմա է։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը INSTEX-ի վերաբերյալ Բուխարեստում հայտարարել է. «Դա մեր քաղաքականության կարևոր տարրն է՝ ուղղված Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի և այդ երկրի հետ կոմերցիոն հարաբերությունների պահպանմանը»։ Դատելով առաջին կցկտուր հաղորդագրություններից, INSTEX-ը կարող է աստիճանաբար փոխարկվել համապարփակ գործիքի, սպասարկել ապրանքների ավելի լայն տեսականու առևտուրը։ Բացի այդ, INSTEX-ից կարող են օգտվել ոչ միայն հիմնադիր երեք պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) ընկերությունները, այլև ԵՄ անդամ և ԵՄ-ում չընդգրկված բոլոր երկրները։

Սակայն առայժմ թեև INSTEX-ի մասին ծանուցված է, բայց այն չի գործում։ Ասում են, թե գործիքը կսկսի աշխատել այն ժամանակ, երբ Իրանում ավարտվի «հայելային» ընկերության ստեղծումը։ Որոշ փորձագետներ համարում են, որ դրա համար կպահանջվի ևս մի քանի ամիս։ Կան թերահավատներ, որոնք կասկածում են, թե տվյալ մեխանիզմն ընդհանրապես կգործի։ Ի դեպ, Եվրոպայից Իրան դեղորայքի և սննդամթերքի մատակարարման վերաբերյալ պատժամիջոցներ առայժմ չկան, իսկ այ, Իրանից Եվրոպա նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները գործում են։ Թե կհամարձակվե՞ն, արդյոք, եվրոպական ընկերությունները մասնակցել իրանական նավթի գնմանը, հայտնի չէ։ Նույնիսկ INSTEX-ի կողմից տրվող գաղտնիության երաշխիքները լիակատար վստահություն չեն ներշնչում, որ իրանական նավթ գնող եվրոպական ընկերությանը չեն «գաղտնազերծի»։

Ամենայն հավանականությամբ, INSTEX-ը կհետաքրքրի միայն համեմատաբար սահմանափակ թվով եվրոպական ընկերությունների, հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որը չի վախենում ամերիկյան շուկայից օգտվելու հնարավորությունից զրկվելուց կամ դոլարային տրանսակցիաների արգելափակումից։

Վաշինգտոնի կողմից INSTEX-ի վերաբերյալ արձագանք դեռ չկա։ Բայց հունվարի 31-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ «այն կազմակերպությունները, որոնք շարունակում են պատժամիջոցների ենթակա գործունեությամբ զբաղվել Իրանի մասնակցությամբ, ենթարկվում են լուրջ հետևանքների բախվելու վտանգի, ներառյալ՝ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգից օգտվելուց և ԱՄՆ-ի կամ ամերիկյան ընկերությունների հետ բիզնես վարելու հնարավորությունից զրկվելը»։

Նշենք նաև, որ Չինաստանը շտապեց հավանություն տալ INSTEX-ի ստեղծմանը։ Փետրվարի 1-ին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը հայտարարել է. Պեկինում հուսով են, որ մեխանիզմը կսկսի գործել արդեն ամենամոտ ժամանակներս և մատչելի կլինի այլ պետություններին։ Մոսկվայից պաշտոնական արձագանք INSTEX-ի ստեղծմանն առայժմ չի եղել, բայց Ռուսաստանն անցած տարի, չսպասելով SPV-ին, սկսել է զբաղվել Իրանի հետ համագործակցության սեփական մեխանիզմների մշակմամբ։ INSTEX-ի պրակտիկան (եթե նոր գործիքի ստեղծման մասին հայտարարությունից բանը հասնի պրակտիկային) հետաքրքիր է Ռուսաստանի և Եվրոպայի առևտրատնտեսական կապերի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում ընկերությունների անվտանգ աշխատանքի փորձի տեսանկյունից։ Ամեն դեպքում, INSTEX-ը Եվրոպայի առաջին լուրջ գործնական քայլն է Վաշինգտոնի տնտեսական պատժամիջոցներին հակազդելու ուղղությամբ։ Մնում է տեսնել, թե Եվրոպայի քաղաքական արիությունն արդյոք կբավականացնի՞ հետագա քայլերի համար։

 

Սերգեյ Շաքարյանց