ՎԶԵԲ-ը պատրաստվում է 2019թ․ մշակել Հայաստանում գործունեության ռազմավարությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, որի հիմնական ուղղությունները նախանշված կլինեն կառավարության ծրագրում:

Մատտեո Պատրոնեն ընդգծել է, որ բանկը պատրաստվում է 2019թ․ ընթացքում մշակել Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը: Նա նշել է, որ գործունեության հիմնական մասը կիրականացվի մասնավոր հատվածում, մասնավորապես` ՓՄՁ-ների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և այլ ոլորտներում, իսկ պետական հատվածում կիրականացվեն նախաձեռնություններ, որոնք համահունչ կլինեն կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին: