Էրդողանը կոչ է արել Թրամփին կատարել ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից դուրս բերելու խոստումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ թուրքական կողմը ակնկալում է, որ ԱՄՆ-ը շատ շուտով կկատարի ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս հօգուտ Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնականության պահպանման։

«Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արևելյան ափից,- ասել է Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում։- Ակնկալում ենք, որ այդ խոստումը կկատարվի ամենամոտ ժամանակներս։ Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի տակ և պատրաստ ենք անել ամեն անհրաժեշտը դրա վերացման համար։ Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի անվտանգություն ապահովենք այդ գոտում»։

2018թ. դեկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին։ Ամերիկյան օրենսդիրները, ինչպես նաև Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները հայտարարել են, որ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը սխալ քայլ է և կվտանգի ԻՊ-ի դեմ պայքարը։

Երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինծառայողները կարող են «արագ վերադառնալ» Սիրիա կամ Աֆղանստան, եթե անհրաժեշտություն առաջանա։