Կունենանք արդյունաբերական արտադրանքի ծավալի ավելի քան 30% աճ. Բակո Սահակյան

Արցախում մեկ շնչի հաշվով 2018 թ․ համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 դոլարի դիմաց, այսինքն՝ ավելացվել է 415 դոլարով: «Արցախպրես» լրատվական կայքի թղթակցի հաղորդման համաձայն, այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով, որ 2018թ․ հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում հաստատված ծրագրերն իրականացվել են արդյունավետորեն, և գրանցվել է առաջընթաց:

Նախագահը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական արդյունք: Դրա համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես, հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում ավելացված արժեքների աճը:

«2018 թվականի ընթացքում հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 53 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 34,6%-ով,- նշել է Բ. Սահակյանը և հավելել,- տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման: Նախնական տվյալների համաձայն, կունենանք արդյունաբերական արտադրանքի ծավալի՝ ավելի քան 30% աճ»: