Հերթական ողբերգական պատահարը Երևանում, մահացել է դեռ 30-ը չբոլորած. ե՞րբ ենք սթափվելու…

Ինչո՞ւ Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, երթևեկության ոլորտում այդպես էլ կարգուկանոն չի հաստատվում, և մենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով ավելի շատ կյանքեր ենք կորցնում, քան սահմաններում թշնամու գնդակից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, փետրվարի 3-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆորա» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին, այնուհետև գովազդային վահանակին ու շրջվել:

Փրկարարներն ուղևորին՝ Դ. Մ.-ին (ծնված 1992 թ.), մոտեցրել են դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաներից մեկին, որով նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն., վերջինս մահացած է եղել:

Մյուս ուղևորը՝ Դ. Կ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել է, իսկ վարորդը տեղափոխվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ (ՃՈ աշխատակիցների ուժերով), որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել ավտոմեքենան:

Կարող ենք արձանագրել, որ ճանապարհային ոստիկանությունն իր դերում չէ, սոսկ մասամբ է կատարում իր պարտականությունները, արագության գերազանցման համար վարորդները հիմնականում պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ կիրառվող վարչական տուգանքների պարագայում էլ տուգանքի չափը փոքր է ու, փաստորեն, չի ազդում արագության սիրահար վարորդների վարքի վրա: Շարժական արագաչափերի կիրառումը, ընդ որում, զանգվածային կիրառումը վաղուց անհրաժեշտություն է, սակայն պոպուլիստական նկատառումներով դա չի արվում:

Տվյալ պարագայում քննությունն, իհարկե, կպարզի, թե ողբերգական պատահարի պատճառն արագության գերազանցո՞ւմն է եղել, թե մեկ այլ բան, սակայն կասկածից դուրս է, որ մեր երկրում մարդկանց խեղման, ինչպես նաև զոհերի հանգեցնող ՃՏ պատահարների, վթարների հիմնական պատճառը եղել ու մնում է սահմանված արագության գերազանցումը:

Ընդգծենք, որ արագության սահմանափակման հարցում էլ խնդիր կա. որոշ տեղերում, ըստ բազմաթիվ վարորդների բողոքների, արագությունն ավելի է սահմանափակված, քան անհրաժեշտ է, և հենց արագության անհարկի սահմանափակումն էլ պատճառներից մեկն է, որ շատ վարորդներ արագության սահմանափակումներն ընդհանրապես զանց առնելը սովորություն են դարձրել: