ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները տանուլ են տալիս ռուսաստանյան Սու-35-ին Հեռավոր Արևելքում

Քանի որ ողջ աշխարհն արդեն հասկանում է, որ մոլորակի վրա առայժմ կա «երեք բևեռ», այսինքն՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը, ապա տեղին կլինի ուշադրություն դարձնել, թե ինչպես է ընթանում չինացիների և ռուսների հետ ԱՄՆ-ի մրցակցությունը երկնքում։ Չէ՞ որ շատերը համարում են, որ ինչ-որ հնարավոր ապագա ռազմական բախումը հենց ռազմական տեխնիկայի միջև կլինի, այդ թվում՝ ռազմական օդուժի։

2019թ. հունվարի 28-ին սոցիալական ցանցերը ողողվեցին հեռավորարևելյան երկնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներով։ Ռուսական երկու Սու-35 կործանիչներ ուղեկցող թռիչք կատարելիս հայտնաբերել են մոտեցող ամերիկյան F-18 չորս ինքնաթիռներ։ Օղակի հրամանատարը որոշում է ընդունել վերահսկել «հյուրերի» մոտենալը։

Սու-35-ի խմբի առաջատարն աննկատ մոտեցել է ամերիկյան F-18-ի օղակի հրամանատարին և առավելագույնս մոտ դիրք գրավել նրա աջ կողմում։ F-18-ի անձնակազմը տարակուսել է և սկսել պարզապես լուսանկարել ռուսական կործանիչը։ Սու-35-ի անձնակազմը վարվել է ճիշտ նույն կերպ և փոխանցել ամերիկյան ինքնաթիռի լուսանկարները հրամանատարությանը։

Ամերիկացիներին դուր չի եկել Սու-35-ի գերազանցությունը, ուստի նրանք օգնության են կանչել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի ևս չորս F-15 կործանիչների։ Սակայն, ճապոնացիներին չի հաջողվել կասեցնել ռուսական կործանիչի մանևրները։ Սու-35-ի խուսավարելիությունը ցույց է տվել, թե ով է իրական «տերը» Հեռավոր Արևելքի երկնքում։ Արդյունքում՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի 8 ինքնաթիռները մնացել են «ձեռնունայն»․․․ Համացանցում այս իրադարձությունն արդեն անվանել են «տոտալ նվաստացում»։ Սույն հոդվածը գրելու պահի դրությամբ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ճապոնիան բողոքի պաշտոնական նոտաներ չեն ներկայացրել։ Ընդ որում, հատկանշական է, որ ԱՄՆ-ի փորձագետները բացահայտ խոսում են F-15-ի նկատմամբ ռուսական Սու-35-ի գերազանցության մասին։ Ընդ որում, արդեն տարիներ շարունակ։

Հասկանալի է, որ Պենտագոնում և Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի շտաբում (հենց այդպես է պաշտոնապես կոչվում ճապոնական բանակը) դժգոհ են մնացել տեղի ունեցած միջադեպից։ Եվ ներկայումս, ամենայն հավանականությամբ, մտորում են, թե ինչպես արձագանքեն Ռուսաստանի կողմից այդչափ ակնհայտ նվաստացուցիչ, պայմանական «պարտությանը»։ Չէ՞ որ նման միջադեպերն առավել լավ են հասկացնել տալիս, որ ինչքան էլ տարբեր բոլթոններ իրենց թույլ տան ծիծաղել կամ նույնիսկ ծաղրել ռուսաստանյան ռազմական տեխնիկան, պնդելով (ինչպես դա անցած տարի արեց ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում), թե «ամերիկյան զենքն ամենից լավն է», իրականում Ռուսաստանի զինատեսակներն ու ռազմական տեխնիկան ոչնչով չեն զիջում ԱՄՆ-ի զինատեսակների և ռազմական տեխնիկայի լավագույն նմուշներին, իսկ որոշներն ակնհայտորեն գերազանցում են։

Սակայն վերոնշյալը կլիներ կես դժբախտություն, եթե ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում մրցակցեր միայն Ռուսաստանը։ Չինական ռազմական դիտորդները հայտարարել են, որ չինական J-20 կատարելագործված կործանիչը՝ կառուցված սթելս տեխնոլոգիայի (ինքնաթիռը ռադարների կողմից դժվար հայտնաբերելի դարձնող) կիրառմամբ, ապագայում «ճնշող գերազանցության» կհասնի ամերիկյան F-35 կործանիչների նկատմամբ։ Ըստ չին զինվորականների հայտարարությունների, երկրի ժողովրդական-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ՌՕՈՒ-ն կարող է պաշտպանել Չինաստանը «Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի բարեկամների շրջանակից, որոնք նույնպես ունեն F-35 կործանիչներ»։ Վեյ Դոնգսուն՝ ռազմական վերլուծաբանը Պեկինից, «Global Times» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկացիները Չինաստանի շուրջ կառուցում են «F-35 կործանիչներ ունեցող բարեկամների շրջան»։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել Չինաստանի սահմանների մոտակայքում՝ F-35 սթելս կործանիչների կիրառմամբ։ Պարբերականն այնուհետ գրում է, որ Չինաստանը գիտակցում է այն վտանգը, որ կարող են ներկայացնել 5-րդ սերնդի ամերիկյան կործանիչները, և ՉԺԱԲ ՌՕՈՒ-ն վերջերս ներկայացրել է 5-րդ սերնդի իր սեփական կործանիչը, որը ստացել է J-20 անվանումը։

«5-րդ սերնդի չինական J-20 կործանիչը, որը Չինաստանի ՌՕՈՒ-ի սպառազինության կազմում է 2018 թվականի սկզբից, օժտված է ամենաժամանակակից ավիացիոն և էլեկտրոնային տեխնոլոգիաներով,- ասել է Վեյ Դոնգսուն «Global Times»-ին տված հարցազրույցում։- Դրա թռիչքի հեռավորությունն ու սպառազինությունը բազմաթիվ առումներով գերազանցում են F-35-ին, ինչը թույլ է տալիս կատարել իր գլխավոր խնդիրը՝  գերազանցության հասնել 21-րդ դարի օդային մարտում»։

Նա հայտարարել է նաև, որ J-20-ը մեծ ներուժ ունի զգալի բարելավումների համար։ Դրա արդիականացված տարբերակը, որի սերիական արտադրությունը կարող է սկսվել արդեն մոտ ժամանակներս, «ճնշող գերազանցություն» կունենա F-35-ի նկատմամբ։ Չին վերլուծաբանը նշել է նաև, որ ՉԺՀ-ի պասիվ ռադիոլոկացիոն կայանները և մետրային դիապազոնի ռադարները կարող են հայտնաբերել թույլ նկատելի կործանիչ ինքնաթիռները և ընդունակ են գերհեռահար հրթիռներ գործարկել դրանց ոչնչացման համար։

Հիշյալ պարբերականն ընդգծել է նաև F-35-ի անարդյունավետությունը. ամերիկյան ինքնաթիռը հայտնի է ոչ միայն իր առաջավոր տեխնոլոգիաներով ու աստղաբաշխական արժեքով, այլև վթարային վայրէջքներով ու տեխնիկական անսարքություններով, ներառյալ՝ թթվածնի մատակարարման ու շարժիչների խափանումները։ F-35-ը նաև պահանջում է տեխնիկական սպասարկման չափազանց մեծ ծախսեր, քանի որ դրա ռադիոկլանիչ ծածկույթն արագ մաշվում է և փոխարինում պահանջում յուրաքանչյուր թռիչքից հետո։

Կարծում եմ, իրավիճակը ներկայումս ամենից լավ «կարդում են» հենց ռազմական օդաչուները, որոնք հաստատ, գոնե տեսականորեն, ուսումնասիրել են և գիտեն, թե օդում ինչ են իրենցից ներկայացնում ռուսական Սու-35-ը,  Սուխոյի անվան ԿԲ-ի արտադրած այլ ինքնաթիռները, տարբեր մոդիֆիկացիայի «ՄիԳ-»-երը, չինական J-20-ը և ամերիկյան F-15-ը, F-18-ը, F-35-ը։ Օդային ոչ մի պատերազմ չի կարելի պատկերացնել, ընդ որում, դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, առանց բախման կողմերի ՀՕՊ/ՀՀՊ ուժերի գործարկման։ Գաղտնիք չէ, որ հրթիռային սպառազինությունների շուկայում նույնպես հենց Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանն են գլխավոր մրցակիցները։

 

Սերգեյ Շաքարյանց