Ում խաղն է փչացրել Կարասի՞նը․ Մամեդյարով-Մնացականյան բանակցությունները ձախողման վտանգի տակ են

Երբ Հայաստանի ներքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդլայնման և  հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում չբացառեց ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը Մյունխենում կայանալիք անվտանգության կոնֆերանսում, սկսեց թվալ, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը շարունակում է պահպանել իր դինամիկան։

«Ես մեկնելու եմ Մյունխեն, այնտեղ է լինելու նաև Մամեդյարովը,- ասել է Մնացականյանը։- Փարիզում և Դավոսում տեղի ունեցած մեր հանդիպումները բավական էական էին։ Այդ հանդիպումների հիման վրա մենք քննարկումներ ենք վարում միջնորդների հետ։ Ոչինչ բացառված չէ։ Ժամկետներն ու այլ հարցերը փորձում ենք համաձայնեցնել, այնուհետ հասարակայնությունը կտեղեկացվի»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ պաշտոնական հանդիպման հնարավորությանը, ապա Մնացականյանը նշել է, որ «չի կարող երաշխավորել՝ կմեկնի՞ արդյոք վարչապետը Մյունխեն, թե ոչ»։ Հիշեցնեմ, որ Մնացականյան-Մամեդյարով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հունվարին՝ Փարիզում։ Այն դրական գնահատականի է արժանացել բանակցողների և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից։ Մանավանդ որ, նույն այդ ժամանակ ծանուցվեց առաջիկա ամսում, այսինքն՝ փետրվարին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական (հինգերորդ) հանդիպման մասին։

Բայց Բաքուն Մնացականյանի հաղորդագրությանն արձագանքեց բնավ ոչ այնպես, ինչպես սպասվում էր։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարեց, որ «Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հերթական հանդիպման ժամանակն ու վայրը դեռևս որոշված չեն»։ Ենթադրենք. բայց դա տեխնիկական հարց է։ Իսկ այ, երբ նա նշեց, որ «ադրբեջանական կողմն աջակցում է բանակցություններին ոչ թե հանուն բանակցությունների, այլ դեպի նկատելի արդյունքներ դրանց ուղղվածության, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է», զգացողություն առաջացավ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային «անդրկուլիսներում» ինչ-որ խնդիրներ են առաջացել։ Հարցն այն է, թե որ փուլում, և կարելի՞ է արդյոք դա համարել Բաքվի դժգոհություն այն հանգամանքից, որ Դավոսում Փաշինյանի և Ալիևի հանդիպման ժամանակ ձեռք բերված նախնական ինչ-որ պայմանավորվածություններ շարունակություն չեն ստացել։

Գործել է արտաքին գործո՞նը։ Բացառված չէ։ Հայտնի է, որ շվեյցարական հանգստավայրում երկու առաջնորդների հանդիպման նախօրեին Հայաստանի վարչապետի հետ հեռախոսով կապվել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Թե ինչի մասին են նրանք խոսել, հայտնի չէ։ Ինքը՝ Փաշինյանը, կտրականորեն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի թեման չի շոշափվել, ինչը տարօրինակ է թվում։ Այնուհետ արդեն Երևանում նա ընդգծել է, որ «Ղարաբաղյան հարցում մենք չենք քննարկի տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը» (կամ տարածքների վերադարձը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց – Ծ.Հ.)։ Բաքուն կոշտ է արձագանքել։ Աբդուլլաևան կտրուկ պատասխանել է. «Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցությունների անկյունաքարը հենց Հայաստանի զինված ուժերը նրանց կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներից դուրս բերելն է։ Դա են պահանջում ՄԱԿ ԱԽ-ի 4 հանրահայտ բանաձևերը և բախման կարգավորման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների ընդունած գործնականում բոլոր փաստաթղթերը»։

Այսինքն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը նախանշել է, որ հակամարտության կարգավորման շուրջ Բաքվի և Երևանի միջև բոլոր բանակցություններն ընթացել են միայն մեկ հունով՝ տարածքների վերադարձման, և ոչ այլ ինչի։ Ինչը հանգեցնում է մեզ եզրակացության. Փաշինյանն ընդունել է այդպիսի օրակարգը։ Իսկ այժմ ադրբեջանական դիվանագիտությունը հարցը շեշտակի է դնում. «Պե՞տք է արդյոք դիտարկել պարոն Փաշինյանի այդօրինակ դիրքորոշումը որպես նրա հրաժարում բանակցություններից»։

Մեկնաբանելով իրավիճակը, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը համարում է, որ «պետք է «ստոպ» նշան դնել բանակցությունների վերականգնման բոլոր փորձերի վրա»։ Ուշագրավ է, որ հենց այդ պահին Բոլթոնը հեռախոսով կապվեց արդեն Ալիևի հետ։ Հաղորդվեց, որ կողմերը «խոսել են երկկողմ, տարածաշրջանային խնդիրների և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ԱՄՆ-ի աջակցության մասին»։

Բազմաթիվ փորձագետներ, և մենք համամիտ ենք նրանց հետ, համարում են, որ ամերիկյան պաշտոնյայի հեռախոսազանգերը Երևան ու Բաքու՝ ամենևին էլ պատահական չեն։ Ճիշտ է, դեռևս պարզ չէ, թե ում կողմից է խաղում Վաշինգտոնը։ Բոլթոնը, հաղորդելով Փաշինյանի հետ խոսակցության մասին, կարծես թե շրջանցեց ղարաբաղյան խնդիրը, մինչդեռ Ալիևի պարագայում հիշատակեց դա։ Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը Ղարաբաղյան հիմնախնդրի միակողմանի քննարկում է անցկացնում Ադրբեջանի հետ։ Սակայն դա ինտրիգի սյուժեներից լոկ մեկն է։ Երկրորդը նշեց Ադրբեջանի նախագահի քարտուղարության նախկին ղեկավար Էլդար Նամազովը՝ Բաքվի Axar.az համակայքին տված հարցազրույցում։ Նա համարում է, որ «Հայաստանի նոր իշխանության համբավը՝ որպես արևմտամետ, ստեղծում է բացառիկ իրավիճակ, բացում «հնարավորությունների պատուհան», ինչից պետք է օգտվի Ադրբեջանը»։ Ուրեմն ո՞րն է բացառիկությունը։

Պարզվում է՝ այն, որ «Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցմանն ու ռազմավարական գործընկերությանը ռուս-հայկական հարաբերություններում առկա լուրջ խնդիրների» խորապատկերին, երբ Երևանում «պետական հիմնական պաշտոնները զբաղեցրել են արևմտամետ քաղաքական գործիչներ. մարդիկ, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել Ռուսաստանի դեմ, կազմակերպել հակառուսական միտինգներ»։ Այդ պատճառով էլ, Նամազովի կարծիքով, «Ռուսաստանի ազգային շահերը թելադրում են ղարաբաղյան հարցում առկա իրավիճակի փոփոխման անհրաժեշտություն», և նման «ձևափոխումները կհանգեցնեն կա՛մ օկուպացված բոլոր հողերի, կա՛մ դրանց գերակշիռ մասի վերադարձմանն Ադրբեջանին»։ Բայց, ըստ Նամազովի, «հնարավորությունների պատուհանը» շուտով կարող է շրխկալով փակվել՝ «Հայաստանում նոր իշխանափոխության, Երևանում ռուսամետ ուժերի իշխանության գալու դեպքում»։ Ինչից բխում է մի ուշագրավ եզրահանգում. «արևմտամետ» Փաշինյանը պատրաստ է «հանձնել» տարածքները, բայց այդ հարցում նրան կարող է «խանգարել Ռուսաստանը»։ Համաձայն մեկ այլ՝ Երևանում արդեն շրջանառվող վարկածի, Ռուսաստանը՝ հակառակը՝ «դրդում է Փաշինյանին հանձնել շրջանները»։

Բայց ամեն ինչ հստակեցրեց ոչ թե Բոլթոնը, այլ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որն այց կատարեց Երևան և բանակցություններ անցկացրեց Մնացականյանի հետ, վերադարձնելով իրավիճակը նախկին հուն։ Հայաստանի մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ընթացքում Կարասինը հանդես եկավ յուրօրինակ հակաթեզերով։ Նա նախևառաջ ընդգծեց, որ «ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումները պետք է պատշաճ նախապատրաստում ունենան՝ դրանց արդյունավետության և գոյականացման երաշխիքի համար», ինչն ընկալվում է որպես ակնարկ, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև նախորդ բանակցությունների սցենարները, նույնիսկ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդերձ, բավականաչափ մշակված չեն եղել։ Դա պետք է արվի, քանի որ, Կարասինի խոսքերով, «սպասվում են նոր հանդիպումներ, այդ թվում՝ պետությունների ղեկավարների և երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների»։

Ընդ որում, «ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրները բոլորն էլ համակարծիք են, որ ղարաբաղյան խնդրի լուծման ուժային սցենարները պետք է բացառվեն»։ Կարասինը հատուկ ուշադրություն հրավիրեց նաև «Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային կանխատեսելի իրավիճակ հաստատելու» վրա։ Վերջապես, խոսելով բախման կարգավորման հեռանկարների և ժամկետների մասին, նա կոչ արեց բոլորին «լինել իրատես և ապավինել ողջամտությանն ու բանակցություններին, որոնք վերաբերում են նախևառաջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը և ընթանում միջազգային հանրության, առաջին հերթին՝ համանախագահների եռյակի օգնությամբ», և որ «2019 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում կարձանագրվի էական առաջընթաց», թեև «առաջվա պես լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։ Ահա թե ինչու է առաջանում ևս մեկ զգացողություն. Բաքուն և Հայաստանի նոր իշխանությունները անցել են «չափազանց զգայուն բանակցային շրջանակի վրայով» և դեմ առել հին դարպասին։

Իսկ ինքը՝ Փաշինյանը, Քյոլնում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հնարավոր փոխզիջումների մասին հարցին, պատասխանել է. «Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցին պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»։ Եվ այնուհետ. «Մի անգամ ես հրավիրեցի Մնացականյանին ու հարցրեցի, թե հնարավո՞ր է, որ մեզ վրա ճնշում է գործադրվում, բայց մենք չենք կռահում այդ մասին։ Քանի որ տպավորություն է, որ Արցախի հարցում ամենաչտեղեկացվածը ես եմ»։

Իսկ գուցե հենց այդպես է որ կա՞։

 

Ստանիսլավ Տարասով

Regnum.ru