Գողություններ, կողոպուտ, թալան․ ինչո՞ւ են շատացել նման հանցագործությունները, համաներումը պատուհաս է դարձել պետության համար

Անցած տարվա նոյեմբերին Երևանի 2800–ամյակի և առաջին Հանրապետության 100–ամյակի կապակցությամբ երկրում հայտարարված ընդգրկուն համաներումը, որն իրականացվեց իբրև մարդասիրության ակտ, հանրության գլխին իսկական պատուհաս դարձավ։ Մասնագետները նշում են, որ հատկապես համաներումից հետո երկրում հանցագործությունների թվի աննախադեպ աճ է գրանցվել, և օրեցօր էլ նորանոր հանցագործություններ են կատարվում՝ հիմնականում գողություններ, հափշտակություններ, գրպանահատության դեպքեր, կողոպուտ։

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինքն էլ դեռ տարեվերջին լրագրողների հետ զրույցում նշել էր հանրապետությունում հանցավորության մակարդակի աճի մասին՝ նշելով, որ դրա հնարավոր պատճառը համաներված անձանց կողմից կատարված իրավախախտումներն ու կրկնակի հանցագործություններն են։ Ոստիկանապետը նշել էր նաև, որ հատկապես աճել են բնակարանային գողությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու, խուլիգանության դեպքերը։

Տարեսկիզբն այդ առումով ավելի լարված է, քանի որ գրեթե ամեն օր նման մեկ կամ մի քանի հանցագործություն է կատարվում։ Ընդ որում, շատացել են նաև ֆինանսական և հանրային կառույցների կողոպուտի, թալանի դեպքերը։

Նշենք դրանցից աղմկահարույցները․ Ամանորյա տոներից հետո Գյումրիում թալանել էին Վրաստանում հանգստացող քաղաքացիների բնակարանները։ Դրանց հաջորդեցին հանրային սննդի կետերում կատարված գողությունները, խանութների և դեղատների վրա հարձակումները, ինչպես նաև պաշտոնյաների բնակարանների թալանի դեպքերը։

Վերջերս էլ ոստիկանության կայքում հրապարակվեց երեք երիտասարդների կողմից իրականացված գողության տեսանյութը։ Տղաները մի քանի ժամ շարունակ փորձելով կոտրել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի դուռը, անհաջողության մատնվելուց հետո, ի վերջո, թալանել էին մոտակայքում գտնվող բիստրոն։ Մի քանի օր առաջ էլ կացնով զինված տղամարդը փորձել էր ներխուժել ու թալանել Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող ՎՏԲ բանկը: Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել էր նրան։

Հունվարի 29-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ: Ըստ նախնական տվյալների, անհայտ անձը 2019թ․ հունվարի 29-ին մուտք էր գործել Երևանում գործող «Հայ փոստ» ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս և օպերատորի աշխատանքային սեղանի՝ գումարի պահման չկողպված դարակի դուռը բացելով, բացահայտ հափշտակել 127 հազար դրամ, որից հետո դիմել էր փախուստի։

Ինչպես հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը, 2018թ․ ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը 2017թ․ համեմատ աճել է 11,2 տոկոսով կամ 2267 դեպքով։ 2017թ․ արձանագրվել է 20 284 հանցագործություն, 2018-ին՝ 22 551։ Այս տարեսկզբի վիճակագրական տվյալները դեռևս չեն ամփոփվել, որպեսզի մինչև օրս կատարված հանցագործությունների ամբողջ պատկերը պարզ լինի։ Բայց վերջին ամսվա ընթացքում ևս մի շարք հանցագործություններ են կատարվել, որոնցից մի քանիսը ներկայացրեցինք հրապարակման մեջ։

ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղեկացմամբ, համաներման օրենքի ընդունումից հետո ազատության մեջ հայտնվածների մի մասը կրկին հանցագործություններ է կատարել։ Ըստ նրա, միայն քրեակատարողական հիմնարկներից այսօրվա դրությամբ ազատ արձակված մոտ 600 անձից 30-ը կրկին հանցագործություն է կատարել՝ 2 ավազակություն, 28 գողություն, որոնցից 10-ը` բնակարանային։ Արմեն Ղուկասյանը նաև հավաստել է, որ, 10 տարի առաջ արված ուսումնասիրությունների արդյունքներով, համաներում հայտարարելու հաջորդ տարվա ընթացքում հանցագործությունների թվի աճ է գրանցվում։ Բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ պետությունը մարդասիրական այդ քայլից պետք է հրաժարվի։ Փոխարենը համաներմամբ ազատ արձակված անձինք պետք է մշտական վերահսկողության տակ լինեն, ինչը չի արվում թերի օրենսդրության պատճառով։ Ուստի օրենքը վերանայման և խստացման անհրաժեշտություն ունի։ Մինչդեռ, կառավարությունը նման խնդիր դեռ չի դրել իր առջև, և մասնագետները նշում են, որ համապատասխան մեխանիզմների բացակայության պայմաններում մեծածավալ համաներումից հետո հանցագործությունների թիվը համարժեքորեն դեռ աճելու է։ Ի դեպ, նշենք, որ այսօրվա դրությամբ համաներմամբ ազատություն է շնորհվել մոտ 2 500 անձի։

Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը, քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ արդեն ազատ է արձակվել մոտ 600 բանտարկյալ։ Բացի այդ, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, հունվարի 25-ի դրությամբ համաներում է կիրառվել 1892 շահառուների նկատմամբ։

Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համաներմամբ նախատեսվում է ազատ արձակել, ընդհանուր առմամբ, 6000 քաղաքացու։ Նրա տեղեկացմամբ, մինչև այսօր տեղի ունեցած համաներումների համեմատությամբ, նախորդ տարվանը բավականին մեծածավալ էր, ինչը, ըստ նրա, որևէ կերպ արդարացված չէ։ Արմինե Ֆանյանը նույնպես նախորդ տարեվերջին և այս տարվա սկզբին հանցագործությունների աճը պայմանավորում է հենց համաներման ծավալներով՝ նշելով, որ պետությունը պատրաստ չէր նման քայլի։

«Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա օրենքով պետք է 6000 անձ համաներվի, դրանց մեջ են մտնում նաև քրեական հետապնդման մեջ գտնվողները, որոնց նկատմամբ դեռևս մեղադրական դատավճիռ չի կայացվել և որոնք չեն առարկում, որ համաներման մասին օրենքն իրենց վրա տարածվի,- ասաց Արմինե Ֆանյանը։- Մինչև համաներման մասին ՀՀ օրենքի ընդունումը, հանցավորության աճ արդեն իսկ գրանցվել էր, բայց ակնհայտ է, որ օրենքի ընդունումից ու կիրառումից հետո, երբ մեծաթիվ դատապարտվածներ համաներման մասին օրենքի ազդեցության գոտում հայտնվեցին, հանցագործությունների թիվը զգալիորեն աճեց ու կտրուկ տեմպերով, իսկ դա ամենևին չի կարող պատահականություն լինել։ Պատճառն այն է, որ համաներումը բավականին ընդգրկուն է, ինչն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։

Այն անձանց մեջ, ում վրա տարածվեց համաներումը, բավականին բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործներ կան, նրանք անգամ վտանգավոր կրկնահանցագործություն կատարած լինելու դեպքում, եթե համապատասխանել են համաներման մասին օրենքի սահմանած չափորոշիչներին, ազատ են արձակվել։ Բազմաթիվ անգամներ տարբեր հանցագործությունների համար դատվածություն ունեցողները հայտնվեցին ազատության մեջ, և բացառություն կազմեցին միայն առանձնապես վտանգավոր կրկնահանցագործները։Նախկինում ընդունված համաներման ակտերն այդպիսի լայն դաշտ չեն ընդգրկել»։

Փաստաբանն արդարացված է համարում համաներման մասին օրենքի կիրառումը մեր երկրում, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է որոշակիորեն շտկել մեր դատաիրավական համակարգում գոյություն ունեցող ավանդույթների պատճառով թույլ տրված սխալները։ Հիմնականում  համաներման ակտեր հաճախակի ընդունվում են այն պետություններում, որտեղ դատաիրավական համակարգում արդարադատության հետ կապված որոշակի խնդիրներ կան, և քրեակատարողական հիմնարկներում կարող են նաև անմեղ մարդիկ հայտնվել կամ որևէ մեկի նկատմամբ անարդարացիորեն խիստ դատական որոշում կայացվել։ Մենք այդ երկրներից ենք, և համաներման մասին օրենքների հաճախակի կիրառումը, նրա համոզմամբ, հենց այդ հանգամանքով է պայմանավորված։

Սակայն, որպեսզի համաներման կիրառումը հասարակության ու պետության համար սպառնալիք չդառնա, պետք է համապատասխան մեխանիզմներ կիրառվեն՝ ազատության մեջ հայտնվածներին կրկնահանցագործություններից զերծ պահելու, նրանց վերահսկելու և այդպիսով նոր հանցագործությունները կանխելու համար։

«Եթե մենք բավականին ընդգրկուն համաներման մասին օրենք ենք ընդունում, պետք է նաև մտածենք այնպիսի մեխանիզմների ստեղծման մասին, որոնք կկանխեն ազատության մեջ հայտնված անձանց կողմից կրկին հանցագործություններ կատարելու փորձերը,- ասաց փաստաբանը։- Այդ անձինք երկար տարիներ գտնվել են անազատության մեջ և երբ նորից ազատ են արձակվում, չունենալով վերասոցիալականացման հեռանկար, աշխատանք, բնականաբար, նորից կմտածեն հանցագործություն կատարելու մասին։ Բայց այդպիսի մեխանիզմներ ու ծրագրեր չկան, չեն կիրառվում։ Դա է պատճառը, որ համաներվածների մի մասը՝ մոտ 30-40 տոկոսը, որպես կանոն վերադառնում է քրեակատարողական հիմնարկներ։ Հաշվի առնելով վերջին համաներման ծավալները, դրա հավանականությունը շատ ավելի մեծ է։

Կան երկրներ, որտեղ դատապարտված անձը հայտնվելով ազատության մեջ, օգտվում է որոշակի սոցիալական երաշխիքներից, պետությունը միջոցներ է ձեռնարկում նրանց վերաինտեգրման համար, թեկուզ, աշխատանքով ապահովելով, ապրուստի հնարավորություն ընձեռելով»։

Մեր դիտարկմանը, թե ոստիկանությունը հանցագործությունների թվի աճը պայմանավորում է նաև ոստիկանություն դիմած անձանց դիմումների թվի աճով, Արմինե Ֆանյանն ասաց, որ դա ևս կարող է նպաստել վիճակագրական տվյալների պատկերի փոփոխությանը, բայց ոչ մեծ ծավալով։ Ըստ նրա, իսկապես կա հանցագործությունների մասին դիմումների աճ, մարդիկ անգամ նախկինում կատարված հանցագործությունների համար են դիմում համապատասխան կառույցներին։ Դա, նրա կարծիքով, պայմանավորված է իրավապահ համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմամբ։ Չնայած դրան, հանցագործությունների բացահայտման դեպքերն, այնուամենայնիվ, չեն ավելացել։

«Գործերի քննություն իրականացվում է, բայց բացահայտման ցուցանիշների զգալի աճ գոնե ինձ համար նկատելի չէ,- ասաց մեր զրուցակիցը։- Եթե դիմումների թիվն ավելացել է, տրամաբանորեն պետք է գոնե նույն չափով ավելանան նաև բացահայտման դեպքերը։ Բայց նման բան դեռ չկա, ինչն էլ, իր հերթին, կարող է նպաստել հանցագործությունների ավելացմանը։ Անձը, որը կատարում է հափշտակություն, կողոպուտ և այլն, ու անպատիժ է մնում, հաջորդ անգամ նորից է դիմում այդ քայլին»։

Ի դեպ, նրա դիտարկմամբ, երկրում հանցագործությունների ավելացմանը կարող է նպաստել նաև առկա սոցիալական վիճակը, աղքատության անհուսալի բարձր մակարդակը, գործազրկության մեծ տոկոսը, որոնց դեմ պայքարելու համար էլ կառավարությունն առայժմ գործուն ծրագրեր չի իրականացնում։

«Եթե հաշվի առնենք, որ հատկապես աճել է այն հանցագործությունների թիվը, որոնք ուղղված են սեփականության դեմ, այսինքն՝ գողությունները, հափշտակությունները, կողոպուտները, ապա կարող ենք եզրակացնել, որ շատ մարդիկ նաև կարիքից դրդված են դիմում ծայրահեղ քայլերի,- ասաց Արմինե Ֆանյանը։- Այսինքն՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը ևս նպաստում է հանցագործությունների աճին, մարդիկ ունեն հացի խնդիր, գործազրկության գործակիցը բավականին բարձր է։ Երբեմն մարդկանց այլ ելք չի մնում, երբեմն էլ հանցավոր հակում ունեցող անձանց համար երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծում այդ հակումները դրսևորելու»։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը կարծում է, որ համաներումից հետո կրկնահանցագործությունների աճը քրեակատարողական համակարգի անարդյունավետ աշխատանքի հետևանք է, և առկա իրավիճակը սպասելի էր:

Ըստ Արշակ Գասպարյանի, համաներման մարմինն անգամ բանտային աշխատակցից չի հետաքրքրվում՝ արժե՞, որ տվյալ մարդն ազատ արձակվի, թե ոչ, ինչպիսի՞ վարք է նա դրսևորել բանտարկության ժամանակ, արդյոք հանրության համար վտանգավոր չէ՞, նորից չի՞ դիմի հանցագործության: Օրենքը նման բան չի էլ նախատեսում։ Ուստի, նրա համոզմամբ, այդպիսի պայմաններում մեծ ծավալի համաներում չպետք է հայտարարվեր:

«Բանտում հայտնված մարդու հետ պետք է աշխատել, որպեսզի ազատվելուց հետո նա հեշտությամբ վերասոցիալականացվի, հասարակության համար վտանգ չներկայացնի,- մեզ հետ զրույցում ասաց Արշակ Գասպարյանը:- Բանտերը պետք է ունենան վերականգնողական ծառայություններ՝ սոցիալական աշխատողով, հոգեբանով: Երբ երեխային տանում ես առաջին դասարան, ակնկալում ես, որ 10-րդ դասարանն ավարտելուց հետո նա կիրթ մարդ կլինի: Հետո ակնկալում ես, որ երեխան ինստիտուտ կընդունվի: Բանտն այդպիսի դպրոց է, երբ անձը հայտնվում է այնտեղ, պետք է իմանա, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի, օրինակ, երեք տարվա ազատազրկման ատեստատը ձեռքին դուրս գալով հասարակություն, ասի՝ ես ստացել եմ հասարակությանը ինտեգրվելու ատեստատ: Այդ համակարգը Հայաստանում սկսեց չաշխատել 2004-2005 թվականներից, և մինչ օրս նույն վիճակն է բանտերի կառավարման տեսանկյունից»։

Հիշյալ ՀԿ-ի նախագահի համոզմամբ, եթե մարդը գողության համար դատապարտվել է և հետո հայտնվելով ազատության մեջ, նորից գողություն կամ խարդախություն է արել, դրա համար պատասխանատու է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կամ կառավարությունը, որը աչք է փակում քրեակատարողական հիմնարկների անարդյունավետ աշխատանքի վրա:

Մասնագետն ասում է, որ մարդու՝ մեղադրական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո նրա հետ վերասոցիալականացման ծրագիր պետք է իրականացվի, որպեսզի մարդուն նախապատրաստեն ազատությանը, նա պետք է իմանա, թե ինչ է անելու դրսում: Այդ մարդը պետք է բազմաթիվ ծրագրերում ներգրավված լինելով, որոշակի ու չափելի որակներ ունենալով, նախապատրաստվի դուրս գալուն: Պետք է նաև լուրջ հմտություններ տրվեն՝ ինչպես գտնել գործատուին, ինչպես մոտենալ նրան, ներկայանալ, ինչպես հաղորդակցման հմտությունները ճիշտ կիրառել: Քանի դեռ կառավարությանն այս ամենը չի հետաքրքրում, ազատության մեջ հայտնվածների մի մասը պարբերաբար վերադառնալու է բանտեր, իսկ վիճակագրական տվյալներն անմխիթար են լինելու։