Հաշվապահները, փաստաբաններն ու խորհրդատուները բողոքում են հարկային նոր օրենսգրքի նախագծի խնդրահարույց դրույթի դեմ (տեսանյութ)

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, մասնավորապես դրա 33-րդ հոդվածը, լուրջ դժգոհություններ է առաջացրել հաշվապահների, փաստաբանների, խորհրդատուների շրջանում:

Նախագծի վերոնշյալ հոդվածով առաջարկվում է արգելել հաշվապահական, խորհրդատվական ու իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններին գործել շրջանառության հարկի դաշտում, միաժամանակ առաջարկվում է նրանց տեղափոխել ավելացված արժեքի հարկման դաշտ, ինչն, ըստ մասնագետների, էականորեն կվատթարացնի դաշտում գործող բազմաթիվ ՓՄՁ սուբյեկտների վիճակը, կավելացնի նրանց հարկային բեռը և այդ պատճառով շատերին դուրս կմղի տնտեսվարման ոլորտից:

Փաստաբանները, հաշվապահներն ու խորհրդատուները նաև անընդունելի են համարում, որ նախքան հիշյալ դրույթը նախագծում ներառելն իրենց հետ թե՛ ֆինանսների նախարարությունում, թե՛ ՊԵԿ հանրային խորհուրդներում, թե՛ ՓՄՁ զարգացման խորհրդում կառավարությունը քննարկում չի իրականացրել և «մեկ գիշերում» փաստի առաջ է կանգնեցրել ոլորտի ներկայացուցիչներին:

Վերոնշյալ խնդրի առիթով այսօր հաշվապահական, իրավաբանական և խորհրդատվական կազմակերպությունների, ինչպես նաև պետական իրավասու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկում էր հրավիրվել, որի ժամանակ ներկայացվեցին օրենքի խնդրահարույց հետևանքները։

Թեև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը փորձեց հիմնավորել նախագծով առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, թե փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը և փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հակադարձեցին նրան՝ լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, որ հոդվածը կյանքի կոչելու դեպքում մի շարք ռիսկեր կառաջանան։ Ինչպես նշեց Արա Զոհրաբյանը, եթե տվյալ հոդվածը չվերացվի, ապա փաստաբանների, հաշվապահների ու խորհրդատուների ծառայությունների գները կավելանան, ինչն էլ, իր հերթին, ՓՄՁ-ների համար լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա։ Ուստի չի բացառվում, որ դրանից խուսափելու համար, հաշվապահական, փաստաբանական, խորհրդատվական ծառայություններ իրականացնող փոքր ու միջին կազմակերպությունները կսկսեն գործել ստվերի դաշտում, որպեսզի թե՛ իրենց վրա դրված հարկային մեծ բեռից խուսափեն, թե՛ չզրկվեն հաճախորդներից։

Նրա դիտարկմամբ, այս ոլորտները զգալիորեն դուրս էին եկել ստվերից մեծամասամբ նաև վերջին տարիներին հարկման պարզեցված համակարգերում գործելու հնարավորության շնորհիվ, մինչդեռ այս փոփոխության արդյունքում կրկին կհայտնվեն ստվեր մղվելու ռիսկի առաջ, քանի որ հարկային բեռի երեք և ավելի անգամ ավելացումն ակնհայտ անհամաչափ և վեր է այս դաշտում գործող ՓՄՁ սուբյեկտների զգալի մասի ուժերից:

Ի դեպ, ՀՀ տնտեսական ներդրումների և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը ևս նշեց, որ նախագծի հիշյալ դրույթը խնդրահարույց է և վերանայման անհրաժեշտություն ունի։