Միջուկային ապազինման կոալիցիան ազդարարել Եվրոպայում փոքր ու միջին հեռահարության հրթիռների տեղակայման վտանգի մասին

Միջուկային սպառազինությանը դեմ մի խումբ կազմակերպություններ և խաղաղության ակտիվիստներ Լոնդոնում դատապարտել են փոքր ու միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրից (INF) հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշումը:

Միջուկային ապազինման կոալիցիան (CND) հունվարի 28-ին միջուկային զենքերին դեմ ակտիվիստների մասնակցությամբ Լոնդոնում կազմակերպված միջոցառման ժամանակ դատապարտել է հիշյալ պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարումը և ազդարարել Եվրոպայում նման հրթիռների տեղակայման վտանգի մասին: Այս մասին տեղեկացրել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը:

Միջուկային ապազինման կոալիցիայի ներկայացուցիչները վերոնշյալ միջոցառման ընթացքում, որին, ի դեպ, մասնակցել են քաղաքական ու մշակութային մի շարք հայտնի գործիչներ, հայտարարել են, որ հիշյալ պայմանագրից Դոնալդ Թրամփի հրաժարվելուց մեկ շաբաթ առաջ, ԱՄՆ-ի այդ քայլը քննադատելու նպատակով, զբաղեցնելու են «Գարդիան» օրաթերթի մեկ էջը և Բրիտանիայի կառավարությանը կոչ են անելու միանալ նշված պայմանագրի պաշտպաններին:

Բրիտանիայում հակապատերազմական կազմակերպությունների և Միջուկային ապազինման կոալիցիայի ներկայացուցիչները այդ երկրի կառավարությանը կոչ են արել նաև նշված պայմանագրի չեղյալ հայտարարման դեպքում հրաժարվել Բրիտանիայի տարածքում ԱՄՆ-ի միջուկային հրթիռների տեղակայումը թույլատրելուց: