Նոր ՀԴՄ-ների կիրառումը կհանգեցնի շատ ՓՄՁ-ների փակման և արտագաղթի նոր ալիքի

Հարկային օրենսգրքի պահանջով 2019թ․ հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը տնտեսվարողների համար պարտադիր է դարձել։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի, օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ-դրամարկղային մեքենաներ չկիրառող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այդ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

Չնայած վերը նշվածին, իրացման, ծառայությունների ու սպասարկման դեռևս շատ կետերում պահանջվող սարքերը տեղադրված չեն։ Պատասխանելով մեր գրավոր հարցմանը, ՀՀ պետեկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ ՊԵԿ-ի տեղեկատվական բազայի տվյալների համաձայն, 2019թ․ հունվարի 1-23-ը ժամանակահատվածում 13 260 հարկ վճարողի կողմից ներկայացվել է նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու դիմում և միայն 2 899 հարկ վճարողի մոտ է տեղադրվել նոր սերնդի ՀԴՄ: Մեր հացրին, թե ինչո՞ւ է տնտեսվարողների մեծ մասը հապաղում նշված սարքերը տեղադրելու հարցում, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ դիմումները գրելուց հետո սարքերը տեղադրելու գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, և որ ամիսներ հետո բոլոր դիմում գրածները, ի վերջո, նոր ՀԴՄ-ներ կտեղադրեն։

Ինչ վերաբերում է այն տնտեսվարողներին, որոնք դեռևս նույնիսկ դիմումներ չեն ներկայացրել, ՊԵԿ-ը նրանց հանդեպ այս պահին մեղմ վարչարարություն է իրականացնում, ըստ մեզ տրամադրած տեղեկությունների, առ այսօր այդ տնտեսվարողներից որևէ մեկը չի տուգանվել և ոչ էլ նախազգուշացվել է ՀԴՄ չտեղադրելու կամ դիմում չներկայացնելու համար։

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանի տեղեկացմամբ, այն տնտեսվարողների թիվը, որոնք մինչև 2019թ․ հունվարի 1-ը նոր սենրդի ՀԴՄ-ներ չէին տեղադրել, հասնում էր մոտ 28 հազարի: Այժմ էլ փաստորեն նրանց միայն մոտ կեսն է պատրաստակամություն հայտնել օգտվելու նոր սարքերից։ Իսկ ի՞նչ են մտածում մյուսները, որոնց թիվն ամենևին փոքր չէ։ Վահագն Համբարձումյանի կարծիքով, նրանք այն տնտեսվարողներն են, որոնք դեռևս հստակ որոշում չեն կայացրել՝ այսօրվա հարկային վարչարարության պայմաններում շարունակելո՞ւ են իրենց տնտեսական գործունեությունը, թե որոշ ժամանակ հետո փակելու են իրենց բիզնեսը։

«ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահը համոզված է, որ հատկապես հեռավոր շրջաններում փոքր բիզնեսով զբաղվող տնտեսվարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների պարտադրանքը բացասական ազդեցություն կունենա և ավելի կխթանի արտագաղթը գյուղերից դեպի մեծ քաղաքներ կամ արտերկիր՝ աշխատանքի կամ համեմատաբար բարեկեցիկ կյանքի փնտրտուքով: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նոր կառավարությունը հավասարաչափ նույն հարկային քաղաքականությունն է իրականացնում թե՛ մայրաքաղաքում ու մեծ քաղաքներում, թե՛ հեռավոր շրջաններում, գյուղերում՝ առանց հաշվի անելու դրանց տարբերություններն ու շուկայական յուրահատկությունները:

«Կառավարությունը պարտադրում է նաև, որ, օրինակ, Կապանի Անտառաշատ գյուղի մի տատիկ, որը փոքր խանութ ունի և ամսական հազիվ 60-70 հազար դրամ գումար է վաստակում, 160 հազար դրամանոց ՀԴՄ տեղադրի ու դրա, ինչպես նաև համացանցի սպասարկման վարձ վճարի,- ասաց հիշյալ ՀԿ-ի ղեկավարը։- Այդ դեպքում տատիկի շահույթը ո՞րն է լինելու: Նման բան փոքր բիզնեսին պետք չէ պարտադրել: Փաստարկն այն է, որ մի զբոսաշրջիկ տարվա մեջ մեկ անգամ կարող է օգտվել այդ խանութից, և այդ դեպքում ցանկալի է, որ ՀԴՄ-ն պոստտերմինալ բանկային հաշվեհամար ունենա: Բայց դա չի կարող օրինաչափություն լինել և միայն դրա համար ՀԴՄ-ի տեղադրումը չպետք է պարտադիր դառնա: Տնտեսվարողն իր ցանկությամբ ու հնարավորության դեպքում կարող է սարքը տեղադրել կամավոր: Այդ ժամանակ նա նաև մրցակցային առավելություն կունենա մյուս փոքր տնտեսվարողների նկատմամբ և դրանով կշահի՝ զբոսաշրջիկին գրավելով իր խանութ:

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես են փոքր բիզնեսի ներկայացուցիչները վճարելու ՀԴՄ-ի գումարը, և այն միկրոբիզնեսի ներկայացուցիչները, որոնք մինչև վերջերս տատանվում էին բիզնեսը փակել-չփակելու հարցում, միանշանակ կփակվեն: Նման տրամադրություններ արդեն առկա են»։

Վահագն Համբարձումյանի հավաստմամբ, նրանցից հարյուրն արդեն իսկ բիզնեսը փակելու տրամադրություն ունի, նա չբացառեց, որ նման մտադրություն ունեցող տնտեսվարողների թիվն օրեցօր կավելանա, քանի որ Հարկային օրենսգրքում առկա պահանջները նրանց այլընտրանք չեն թողնում: Մեր զրուցակցի կարծիքով, սպառողական շուկայում գնողունակության անկմանը զուգահեռ փակվող ձեռնարկությունների թիվը կավելանա, որովհետև տնտեսվարողների ծախսերը կսկսեն գերազանցել շահույթներին: Միևնույն ժամանակ, նրա դիտարկմամբ, կավելանա նաև ստվերը, քանի որ տնտեսվարողները, որոնք գոյատևման այլընտրանք չեն ունենա, ամեն հնարամտություն կգործադրեն իրենց իրական շահույթը թաքցնելու և հնարավորինս քիչ հարկեր վճարելու համար: Ինչպե՞ս դա կանեն․․․ Պարզապես հին, ծանոթ, մշտական հաճախորդներին ապրանքը կվաճառեն կամ ծառայություն կմատուցեն առանց կտրոններ տրամադրելու՝ վստահ լինելով, որ նրանք հարկային մարմիններ չեն բողոքի:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս մեզ հետ հարցազրույցում ասաց, որ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար, որոնք գործում են խոշոր առևտրի իրականացման վայրերից դուրս (շուկաներից, տոնավաճառներից, մոլերից և այլն), ՀԴՄ-ների տեղադրումը դեռևս երաշխիք չէ նրանց առևտրաշրջանառության վերահսկողության։

«Այդ սարքերը խոշոր բիզնեսի դեպքում կարող են ապահովել բավարար արդյունավետություն, քանի որ հարկային մարմինները կարող են օնլայն հետևել շրջանառությանը, վերլուծել, համեմատել ստացված տեղեկատվությունը և համապատասխան ստուգումներ, ուսումնասիրություններ իրականացնել,- ասաց տնտեսագետը:-  Իսկ փոքր բիզնեսի դեպքում՝ հարկային վերոնշյալ վարչարարությունն էական արդյունավետություն չի գրանցի: Արդեն մի քանի տարի է, գործում է մինչև 18 մլն դրամ շրջանառություն ունեցող ընտանեկան ձեռնարկություններին հարկերից ազատելու մեխանիզմը: Նոր փոփոխությունների դեպքում շեմը բարձրացվելու է մինչև 20 մլն ՀՀ դրամ, և այս ռեժիմից կարող են օգտվել փոքր խանութները, կրպակները, որոնք գործում են խոշոր առևտրային կենտրոններից դուրս: Նրանք շահագրգռված կլինեն, որպեսզի իրենց շրջանառության շեմը չհատի այդ 20 մլն-ի սահմանը և հնարքներով այնպես կանեն, որ ամբողջ շրջանառությունը ցույց չտան:

Այնպես որ, փոքր և միջին բիզնեսի դեպքում նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը չի կարող նպաստել ստվերի կրճատմանը, ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողն անկախ նրանից, թե ինչ ՀԴՄ է օգտագործում՝ հին կամ նոր սերնդի, կշարունակի գործել նույն ոճով ու թաքցնել իր իրական օգուտը, քանի որ նրանց վերահսկելու նոր մեխանիզմներ չեն ներդրվելու»:

Սուրեն Պարսյանը խնդրահարույց է համարում նաև աշխատողների գրանցման գործընթացն ամբողջությամբ թափանցիկ դարձնելը, ինչը, նրա համոզմամբ, միանշանակ կնպաստի համատարած գնաճին և աղքատության սրացմանը, որովհետև գնաճին զուգահեռ չեն բարձրանում աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները։

«Անշուշտ, կարևոր է աշխատողների գրանցման գործընթացը, նրանց օրինական դաշտ բերելը, սակայն միաժամանակ պետք է հաշվի առնել մեր տնտեսության մեջ առկա իրողությունները և ավանդույթները,- ասաց Սուրեն Պարսյանը։- Կառավարությունը պետք է հաշվարկի նաև հարկային վարչարարության բացասական հետևանքները ու կանխի դրանք: Օրինակ՝ ապրանքների գների աճը բացասական ազդեցություն չի ունենա սպառողների, պետության վրա, եթե զուգահեռաբար աճեն ազգաբնակչության եկամուտները: Նոր իշխանությունները պետք է վարեն բարձր աշխատավարձային քաղաքականություն»:

Ընդհանրապես, խիստ վարչարարությունը, ըստ տնտեսագետի, կարող է հանգեցնել բազմաթիվ փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության դադարեցմանը, ինչից կարող է օգտվել խոշոր բիզնեսը՝ մենաշնորհային դիրք գրավելով ու շուկայում իր պայմանները թելադրելով: Այժմյան հարկային բարեփոխմամբ ստացվում է, որ կառավարությունը նպաստում է ՓՄՁ-ների վերացմանն ուխոշոր բիզնեսի զարգացմանը: Մասնավորապես՝ ներկայումս նոր սերնդի ՀԴՄ չտեղադրած տնտեսավարողները հարկային մարմիններից ստանում են ծանուցումներ, ըստ որի, ՀԴՄ սարքը չտեղադրելու համար առաջին անգամ նախատեսված է նախազգուշացում, արդեն նախազգուշացումից հետո տուգանք 150 000 դրամի չափով: Այս պայմաններում այդ տնտեսվարողները դժվար թե շարունակեն իրենց գործունեությունը:

«Տնտեսության արդյունավետ կառավարման տեսանկյունից կարևորվում է ստվերի կրճատման և վերահսկման ժամանակակից գործիքների ներդրումը,- ասաց մեր զրուցակիցը։- Անշուշտ, նոր սերնդի ՀԴՄ-ները լայն հնարավորություն են տալիս հարկային մարմիններին՝ առցանց եղանակով հետևել իրացման գործընթացին, իսկ սպառողներին, քաղաքացիներին՝ կատարել անկանխիկ վճարումներ և այլն:

Միևնույն ժամանակ պետք է վերլուծել ու գնահատել, թե նոր սերնդի ՀԴՄ-ներն արդյոք բարձր օգտակարություն կունենա՞ն փոքր բիզնեսի գործունեությունը վերահսկելու համար, արդյոք համաչա՞փ է այդ ֆինանսական բեռը փոքր բիզնեսի համար: Իմ կարծիքով, այս հանգրվանում՝ ոչ:  Սա մեծ բեռ է փոքր և միջին բիզնեսի համար, անկախ նրանից՝ այդ գումարը միանվա՞գ է վճարվելու, թե տարաժամկետ: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 2017-2018 թվականների ընթացքում փոքր ու միջին բիզնեսի, հատկապես մանրածախ առևտրի փաստացի շրջանառությունը կրճատվել է, նման բարեփոխումները պետք է արվեն «լավ ժամանակներում»»:

Ի դեպ, նշենք նաև, որ անգամ փոքր ու միջին բիզնեսի համար նոր սերնդի ՀԴՄ տեղադրելու պահանջն անհամաչափ է կիրառվում, այսինքն՝ որոշ տնտեսվարողներ ազատված են այդ պարտավորությունից, իսկ որոշ տնտեսվարողների էլ առանց որևէ հիմնավորման է պահանջը ներկայացվում։

Մեր հարցմանը, թե ո՞ր տնտեսվարողների համար է պարտադիր նոր սենդի ՀԴՄ տեղադրել, ՊԵԿ-ից տեղեկացրին, որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ- դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի։

Իսկ որո՞նք են այդ դեպքերը։ Պարզվում է, որ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ- դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չէ այն տնտեսվարողների համար, որոնք բնակչությանը կոմունալ ծառայություններ են մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս, վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ։ Անգամ խաղատների և շահումով խաղերի կազմակերպումն իրականացնող տնտեսվարողն է ազատված այդ պարտավորությունից, վիճակախաղի տոմսերի վաճառք իրականացնողը, ինչպես նաև ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառք, առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք իրականացնողները, մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնողները, փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնողները, հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառք իրականացնողները։ Կրպակներում թերթերի և ամսագրերի իրացման դեպքում ևս այդ սարքի տեղադրումն անհրաժեշտություն չէ, եթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է ամբողջ իրացման շրջանառության 50 տոկոսը:

Հետաքրքիր է, թե ի՞նչ սկզբունքով են այս ոլորտներն ազատվել իրենց շրջանառության վերահսկողության համար անհրաժեշտ սարքի տեղադրումից՝ այն դեպքում, երբ, օրինակ, հաստատագրված հարկ վճարողները այդ ցանկում չեն ընդգրկվել։ Մինչդեռ, հաստատագրված հարկ վճարողները պետությանը հարկ վճարում են ոչ թե ըստ իրենց շրջանառության, այլ հաստատված գումարի չափով։ Հետևաբար հարց է առաջանում, թե նրանց շրջանառությունը վերահսկելու անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված։ Մենք այդ հարցը ներառել էինք նաև մեր գրավոր հարցադիմումի մեջ։ Եվ ահա թե ինչ պատասխան ենք ստացել՝ «ՀԴՄ կիրառության պարտադիր պահանջը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածով, ըստ որի առանձնահատկություններ՝ կապված հարկման համակարգերի հետ, նախատեսված չեն»:

 

Թագուհի Ասլանյան