Կրեմլում մեղադրել են ԱՄՆ-ին՝ Վենեսուելայի ինքնիշխանությանը միջամտելու մեջ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով, Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ինքնիշխան պետության ներքին գործերին բացարձակ և անթաքույց միջամտության շարունակական ուղեգիծ են։

«Նման հայտարարություններն, անշուշտ, չեն նպաստում Վենեսուելայում տիրող իրավիճակի կարգավորմանը և այդ երկրի ներքին խնդիրների լուծմանը»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Կրեմլում նախազգուշացրել են Վենեսուելայի գործերին ռազմական միջամտության բացասական հետևանքների մասին։

Պեսկովին նաև հարցրել են, թե Ռուսաստանն արդյոք ռազմական օգնություն կցուցաբերի՞ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ ռազմական ներխուժման դեպքում։ Նա պատասխանել է, որ Կրեմլում արդեն խոսել են «այդօրինակ անմտածված գործողությունների ծայրահեղ բացասական և անխուսափելի հետևանքների» մասին։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն արգելափակել է վենեսուելական PDVSA նավթագազային ընկերության բոլոր ակտիվները։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև այդ լատինաամերիկյան երկրի կառավարության, քաղաքական ցանկացած ստորաբաժանման ու գործակալությունների, այդ թվում՝ Վենեսուելայի Կենտրոնական բանկի նկատմամբ։