Հայաստանյան ընկերությունն ընկել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությունից հետո, թե Վաշինգտոնը «սատարում է Հայաստանի իշխանություններին», ԱՄՆ-ը կարծես ձեռնամուխ է եղել մեր երկիրը խեղդելուն։ Առայժմ խոսքը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում հայտնված «Flight» հայկական ընկերության մասին է, որը ներկայացվել է իբրև Երևանում իրանական «Mahan Air» ավիաընկերության ներկայացուցիչ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։

Ինքը՝ «Mahan Air» ավիաընկերությունը, արդեն իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է։ Միացյալ Նահանգները, ինչպես նշված է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրությունում, այդ ընկերությանը մեղադրում է մարդկանց և սպառազինություններ Սիրիայի տարածք փոխադրելու համար։ Ընդհանուր առմամբ, նշված նախարարությունը, ինչպես հաղորդել է ՌԲԿ գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքին, ընդարձակել է պատժամիջոցների ցանկն Իրանի հանդեպ, դրա մեջ ներառելով նաև «Qeshm Fars Air» բեռնափոխադրիչ ավիաընկերությունը։

Համաձայն հաղորդագրության, ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված երկու ընկերությունների, ինչպես նաև Սիրիայում իրանամետ երկու կազմավորումների նկատմամբ։ Բացի այդ, սև ցուցակում են հայտնվել «Boeing 747» երկու օդանավ, որոնք պատկանում են իրանական «Mahan Air» ընկերությանը և իբր վարձակալվում «Flight» հայկական ընկերության կողմից։ Անցած տարվա հուլիսին OFAC-ը պատժամիջոցների ցուցակում ներառել է Մալայզիայում, իսկ 2018թ․ սեպտեմբերին՝ Թայլանդում «Mahan Air»-ի առևտրական ներկայացուցիչներին։ Եվ այժմ նույն ցուցակում է հայտնվել հայկական «Flight» ընկերությունը, թեև վերջինիս ղեկավարությունը պաշտոնապես հերքել է «Mahan Air»-ի հետ ունեցած որևէ կապ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության «պատժամիջոցային ցուցակում» ներառված կազմակերպությունները զրկվում են ամերիկյան ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությունից։ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է ինչ-որ գործարքներ կնքել նրանց հետ կամ գործնական այլ հարաբերություններ հաստատել։ Միացյալ Նահանգների տարածքում գտնվող նրանց ցանկացած սեփականություն, ներառյալ՝ ակտիվները, պետք է սառեցվեն։

Որքան հիշում եմ, «Flight» ընկերության նկատմամբ պատժամիջոցի կիրառումն ԱՄՆ-ի կողմից Հայաստանում ինչ-որ մեկի դեմ պատժամիջոցների կիրառման 2-րդ թե երրորդ դեպքն է։ Առաջին անգամ մենք զարմանքով իմացանք, որ ԱՄՆ-ը «թշնամիներ» է փնտրում Հայաստանում, երբ 2002թ․ հանկարծ հայտնի դարձավ, որ «հայկական «Լիզին» ընկերությունն ընկել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «սև ցուցակ»՝ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման գործում Իրանին օժանդակելու կասկածանքով»։ Որպեսզի մեր ընթերցողները մտաբերեն ոչ վաղ անցյալը, մի մեջբերում կատարեմ «ՌԻԱ Նովոստի» գործակալության 2002թ. մայիսի 18-ի հաղորդագրությունից.

«ԱՄՆ-ի կողմից հայկական ընկերության դեմ պատժամիջոցների կիրառումը չի անդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։ Պաշտոնական Վաշինգտոնը տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը «Լիզին» ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին, որը, ամերիկացիների կարծիքով, Իրանին նյութեր է վաճառել զանգվածային ոչնչացման զենքի մշակմանն օժանդակելու համար։ Խոսքը այսպես կոչված «երկակի նշանակության նյութերի» մասին է։ «Լիզին» ընկերության տնօրենների խորհուրդը տարածել է հայտարարություն, որում հերքել է  Իրանին «երկակի» նշանակության արտադրանք և սարքավորում վաճառելու մեղադրանքները։ Հայտարարության մեջ նաև ափսոսանք է արտահայտվել այն առիթով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն օգտագործում է չստուգված տեղեկատվություն։ «Լիզին» ընկերության ղեկավարությունը հերքել է նաև հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի հանգուցյալ վարչապետի եղբայր Արմեն Սարգսյանը երբևէ որևէ կապ է ունեցել ընկերության գործունեության հետ։ Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է հայկական, մոլդովական և չինական մի շարք ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, կապված նրանց կողմից Իրանին նյութերի վաճառքի հետ, որոնք վերջինս կարող է օգտագործել զանգվածային ոչնչացման զենք մշակելու համար։ Այդ ընկերությունները, որոնց թվում է հայտնվել հայկական «Լիզինը», չեն կարող համագործակցել Միացյալ Նահանգների հետ»։

Ահա թե նույն 2002-ին հայ-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած այդ միջադեպի մասին, հղում կատարելով «PanARMENIAN Network» էլեկտրոնային լրատվամիջոցին, ինչ է հաղորդել «Կավկազսկի ուզել» լրատվական կայքը. «Երկու տարի առաջ ձեռնարկության այն ժամանակվա սեփականատերը՝ զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը վաճառել է ընկերության սարքավորումը հարևան երկրներից մեկին։ Մասնավորապես, վաճառվել են ֆերմենտերները՝ չժանգոտվող պողպատե մեծ չաները, որոնց մեջ մանրէների շտամներ էին աճեցվում լիզինի արտադրության համար։ Այդ մանրէները երբեք չեն ընկալվել որպես զանգվածային ոչնչացման զենք։ Դրանք կիրառվել են որպես սննդային հավելում խոշոր եղջերավոր անասունների համար։  Մինչդեռ աղբյուրը նշել է, թե վաճառված սարքավորումը կարող էր օգտագործվել ախտահարույց վտանգավոր մանրէների արտադրության համար։ Նշենք, որ ներկայումս «Լիզին» գործարանը պատկանում է միանգամայն այլ անձի։ Հայաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ տվյալ փաստի վերաբերյալ ակտիվ երկխոսություն է ընթանում ԱՄՆ-ի վարչակազմի հետ։ Հիշեցնենք, որ հայկական, մոլդովական և չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշումը ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ընդունվել է մայիսի 9-ին։ «Սև ցուցակում» են հայտնվել ութ չինական, երկու մոլդովական, մեկ հայկական ընկերություններ։ Միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանի, Մոլդովայի և Չինաստանի կառավարությունների դեմ ոչ մի պատժամիջոցի մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Ինչպես տեսնում ենք, 2002թ․ բավական շատ էին անհամապատասխանություններն ինչպես, ընդհանրապես, Իրանին ինչ-որ «երկակի» բան վաճառելուն «Լիզին» ընկերության որևէ առնչության, այնպես էլ, մասնավորապես, բուն ընկերության ու «Լիզին» ընկերության անունից ինչ-որ արտադրանքի վաճառքի հետ Արմեն Զավենի Սարգսյանի ունեցած կապի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարություններում։ Ինչ վերաբերում է «Mahan Air» իրանական ավիաընկերությանը, ապա 2017թ․ փետրվարին անձամբ թռել եմ դրա օդանավերով Թեհրան և հետադարձ՝ Երևան։ Օդանավերում սպասարկումը գերազանց է, անձնակազմերը՝ բարեկիրթ։ Ընկերությունը բազմապրոֆիլ է, բայց, ըստ երևույթին, ԱՄՆ-ին չի գոհացնում այն, որ մեծամասամբ հենց նշված ավիաընկերության օդանավերն են Սիրիա և Լիբանան փոխադրում տասնյակ տոննաներով մարդասիրական օգնություն, այդ թվում նաև՝ Սիրիայի քրիստոնյաների համար։

 

Սերգեյ Շաքարյանց