Հայ երիտասարդը Եկատերինբուրգում երեք երեխա է փրկել այրվող տնից

30-ամյա Գևորգ Ավետիսյանը Եկատերինբուրգի Ցիգանսկի ավանում երեք երեխա է փրկել հրդեհով բռնված տնից։ Այս մասին տեղեկացրել է Rusarminfo.ru-ն։

«Գևորգը ավտոմեքենայով անցնելով տան կողքից, տեսել է ծուխը,- հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ Գլխավոր վարչության Սերդլովսկի մարզի մամուլի ծառայությունը։- Կանգ է առել և գնացել դեպի տունը, որն արդեն այրվում էր։ Պատուհանում նա տեսել է, որ ինչ-որ մեկը թափահարում է ձեռքերը, և շտապել է օգնության. կոտրել է ապակին ու սկսել դուրս բերել երեխաներին։ Երեք երեխաները՝ 12-ամյա երկու աղջիկները և 10-ամյա տղան, փրկվել են, նրանցից ոչ մեկը չի տուժել։ Համոզվելով, որ տանն այլևս ոչ ոք չկա, Գևորգը երեխաներին հանձնել է հարևանուհուն»։

Նաև հաղորդվել է, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կխրախուսվի ԱԻՆ-ի սվերդլովսկյան վարչության կողմից։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հաղորդել է, որ Կոնակովոյի հրշեջ-փրկարարական կայազորի պետ Էրիկ Մինասյանը հաղթող է ճանաչվել «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում՝ Տվերի մարզում 11 մարդ փրկելու համար։