Պաշտպանության բնագավառում պետությանը պատճառված վնասը մասամբ վերականգվել է

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2018թ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ դատախազությունը։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների կողմից իրականացվել է 391 ուսումնասիրություն, որոնցից 287-ի կամ 73% դեպքում արձանագրվել են խախտումներ: Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2 062 426 795 դրամ: Համեմատության համար նշվել է, որ 2017-ին բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 805 202 342 դրամ: 2018թ. ընթացքում վերականգնվել է 679 995 540 դրամը, որը 2,3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից (294 507 920 դրամ):

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է 58 քրեական գործ։

Հարկ է ընդգծել, որ միայն զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված 43 ուսումնասիրություննների արդյունքում արձանագրված 42 խախտման դեպքերով (2017թ.` 21) հայտնաբերվել է պետության գույքային շահերին պատճառված 1 803 945 459 դրամի վնաս, որը կազմում է հայտնաբերված վնասի չափի մոտ 90 տոկոսը: Դրանից վերականգնվել է 587 459 012 դրամը, որը կազմում է վերականգնված գումարի չափի 86 տոկոսը։

Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթների իրականացմամբ հայտնաբերված բոլոր այն դեպքերում, երբ առկա են եղել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բավարար հիմքեր, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների դատախազները «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, մինչև հայց հարուցելը, պետական շահերին վնաս հասցրած սուբյեկտներին նախազգուշացրել են կամովին հատուցել վնասը:

Կատարվել է 94 նման նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 178 590 645 դրամի վնաս, որի 98 տոկոսը վերականգնվել է ԶԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացված 12 նախազգուշացման արդյունքում։

2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը շարունակվում է, որոնց արդյունքները կհրապարակվեն հընթացս։