Խոշոր չափերի չարաշահումներ՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Առողջապահության նախարարության տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

2018թ․ հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել են ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018 թթ. ընկած ժամանակահատվածում:

Իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ. համապատասխան մարմիններից առգրավվել են փաստաթղթեր, իրականացվել խուզարկություններ, կատարվել են հարցաքննություններ:

Այսպես, ՊՈԱԿ-ի տնօրենը, ով պաշտոնավարել է 2014 թվականից, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՊՈԱԿ-ի փոխտնօրենի օժանդակությամբ, առողջապահական սոցիալական, բնապահպանական ՀԿ-ին օգնելու համար, իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին առերևույթ պատճառվել է էական վնաս:

Մասնավորապես, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013թ․ հոկտեմբերի 14-ի՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշիչը» հաստատելու մասին թիվ 59-Ն հրամանի հավելված 1-ինով սահմանված չափորոշիչի 11-րդ կետը, համաձայն որի, տնային այցերի միջոցով հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բուժքույրերի կողմից դեղորայքի ընդունման ուղղակի հսկմամբ, և «Գնումների մասին» ՀՀ օրենքը, Կենտրոնին վերապահված նպատակների կատարման համար անհրաժեշտության բացակայության պայմաններում 2015 և 2016 թթ․ ՊՈԱԿ-ի կարիքների համար «ՀՀ տասը մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնում իրականացնելու մրցույթ անցկացնելու նպատակով ստեղծել է գնահատող հանձնաժողովներ:

ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերն անվերապահորեն ստորագրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, իսկ մյուս մասին` այդ փաստաթղթերն ընդհանրապես նրա ցուցումով չեն ներկայացվել:
Արդյունքում՝ հանձնաժողովի նիստերի ժամանակ կայացված որոշումների հիման վրա հաստատվել են գնման հայտարարությունների և հրավերների տեքստերը, որոնք չեն պարունակել ծառայությունների մատուցման քանակային ցուցանիշներ, մեկ միավոր ծառայության մատուցման դիմաց սահմանված հստակ գին, ծառայության ձեռքբերման գինը հիմնավորող որևէ ուսումնասիրություն, և մրցույթների հաղթող է ճանաչվել «բնակչությանը բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու» լիցենզիա չունեցող վերոնշյալ հասարակական կազմակերպությունը:

Նախնական քննության տվյալներով, մրցույթի արդյունքների հիման վրա Հասարակական կազմակերպության և Կենտրոնի միջև 2015 և 2016 թվականներին կնքվել են պետական գնման պայմանագրեր, որոնց առարկան եղել է հասարակական կազմակերպության աշխատակիցների կողմից տուբերկուլոզով հիվանդներին տնային պայմաններում բուժօգնություն տրամադրելը: 2015թ․ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ՀԿ-ին փոխանցվել է 43 950 000 դրամ, իսկ 2016 թվականի ընթացքում կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 67 000 000 դրամ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի օրինական շահերին պատճառվել է, ընդհանուր առմամբ, 110 950 000 դրամի գույքային վնաս:

Պայմանագրի շրջանակներում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլոզով հիվանդ անձանց 13 748 տնային այց: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4 912 դրամ, մինչդեռ սույն ծառայությունը, որն այժմ մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով, մեկ այցի արժեքը կազմում է 1 200 դրամ:

Բացի դրանից, տնօրենը հասարակական կազմակերպության և ՊՈԱԿ-ի միջև 2015 և 2016 թթ․ կնքված «ՀՀ տասը մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրերի առկայության պայմաններում, նույն ՀԿ-ին օգնելու համար, կրկին իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես՝ բանավոր կարգով յուրաքանչյուր ամիս հրահանգել է ընկերության գլխավոր հաշվապահին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվների հաշվեկշիռներում առկա գումարներից տուբերկուլոզի դեմ պայքարի տարածքային կաբինետի բուժքույրերին փոխանցել այդ ամիս վերջիններիս կողմից կատարած այցելությունների համար գումարը, որի արդյունքում 2015-2017 թթ․ 40 անձանց, առանց որևէ իրավական հիմքի առկայության, փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3 341 600 դրամ գումար` կազմակերպությանը պատճառելով գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ ՀԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված հանձնման- ընդունման արձանագրություններում ներկայացված այցելությունների քանակը չի համապատասխանում իրականությանը, ՀԿ-ին ՊՈԱԿ-ից երբևէ դեղորայք չի տրամադրվել, մինչդեռ ՏՈՒԲ-ի բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղերը ՀՀ-ում գտնվում են միայն ՊՈԱԿ-ի պահեստում և վաճառքի ենթակա չեն:
Բացի դրանից, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2015-2017 թթ. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել նաև 3 այլ ՀԿ-ների և 1 ՊՈԱԿ-ի հետ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ հայտարարված մրցույթների գործընթացը կատարվել է ՀՀ օրենսդրության խախտումներով, մրցույթների անցկացման ու մրցույթում որևէ կազմակերպություն շահած ճանաչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եղել են թերի, իսկ մրցույթների գնահատման հանձնաժողովների անդամները հանդիսացել են նույն անձինք:

Սույն ծառայությունների մատուցման պայմանագրերի դիմաց վերոնշյալ հասարակական կազմակերպություններին վճարումներ է կատարվել «ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված դրամաշնորհային գումարների հաշվին, որոնք նախարարությունից, համապատասխան համաձայնագրերի հիման վրա, փոխանցվել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Գլոբալ հիմնադրամի միջև դրամաշնորհների հատկացման պայմանագրի բյուջեի զգալի մասը հատկացվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Բացի դրանից, կազմակերպության տնօրենն իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է` իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու կազմակերպության գլխավոր հաշվապահին իրավասություն տալով տիրապետելու ընկերության բանկային հաշիվների վրա առկա գումարները, նրա գործունեության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել: Արդյունքում՝ նա 2014թ. դեկտեմբեր 1-ից մինչև 2018թ. հունիսի 1-ն օգտվել է իրեն ընձեռված լիազորություններից և իրեն վստահված բանկային հաշիվների վրա առկա գումարներից անձնական հաշվեհամարներին մուտքագրելու եղանակով ապօրինի յուրացրել է առանձնապես խոշոր չափի` 53 481 928 դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38- 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: