Արցախի հիմնահարցի կարգավորումն առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ․ Ռուբեն Սաֆրաստյան

Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացն առաջխաղացում չի կարող ունենալ առանց Արցախի Հանրապետության մասնակցության: «Արցախպրեսի» տեղեկացմամբ, հունվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք է հայտնել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես առանձնապես սպասումներ չունեմ, որ 2019թ. Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը կստանա ինչ-որ նոր զարգացում,- ասել է Սաֆրաստյանը։-  Չեմ կարծում, որ դրա համար կան նախադրյալներ։ Բանակցային գործընթացը կարող է իրական դառնալ միայն այն դեպքում, երբ որպես բանակցային գործընթացի հիմնական մասնակից դառնա Արցախի Հանրապետությունը, սա հուշում է նմանատիպ հակամարտությունների կարգավորման ամբողջ մարդկային պատմության փորձը: Այնպես որ, չեմ կարծում, թե կտեսնենք իրական զարգացումներ Արցախի հիմնահարցում»։

Արևելագետը նաև նշել է Արցախյան հարցի կարգավորման համար ամենակարևոր նախադրյալներից մեկի բացակայությունը․ այն, որ Ադրբեջանը չի փոխում իր մոտեցումն ու քաղաքականությունը: