Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական դիրքի չարաշահում Ստեփանավանի օդանավակայանի շինաշխատանքներում

Պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն…» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:

ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության համաձայն, չնայած այն հանգամանքին, որ, պայմանագրի 4.2 կետի համաձայն, ընկերությունը նախատեսված աշխատանքները պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված վերը վկայակոչված պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար ընկերությանը տրամադրել են 255 628 840 դրամ արժեքի մետաղյա սալիկներ և այլ գույք: Դրանից 107 872 072 դրամ արժեքի գույքը ընկերության կողմից օգտագործվել է օդանավակայանի շինարարական աշխատանքներում, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի դրանից, նախարարությունում անցկացված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել է նաև, որ առկա է ընկերության կողմից նախարարությանը վերադարձված և վերջինիս հաշվեկշռում գտնվող 147 756 768 դրամ արժողությամբ սալիկներից ընդհանուր առմամբ 7 537 708 դրամի (478 հատ) մետաղյա սալիկների պակասորդ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: