ՉԺՀ Հոնկոնգի շրջանի և ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է առանց արտոնագրերի մուտքի ռեժիմ

ՀՀ կառավարության որոշմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ՀՀ այցելությունների ռեժիմ: Ըստ ՀՀ կառավարության, որոշման ընդունումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջային ներհոսքի ավելացմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:
Ինչպես նշել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ առանց արտոնագրերի մուտքի ռեժիմը կգործի 2019թ. մարտի 3-ից: Ըստ Զոհրաբ Մնացականյանի, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ այդ շրջանի քաղաքացիների համար սահմանելով Հայաստանում մնալու մինչև 180 օրյա ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ մինչև 30 օր:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև նման արտոնյալ ռեժիմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ սահմանելու վերաբերյալ քննարկումների արդյունքներից: Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ ներկայումս նախարարությունում այդ հարցը համապարփակ դիտարկվում է:
«Կարծում եմ, որ տուրիզմի և գործարար կապերի զարգացման առումով սա նույնպես շատ կարևոր նախաձեռնություն է, և, իհարկե, պետք է առաջ շարժվել ռիսկերի ճիշտ գնահատմամբ»,- ասել է Տիգրան Ավինյանը։