Չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, ևս երկուսի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ տևական ժամանակ՝ 2013թ․ մինչև 2018թ․ հունիս ամիսը, սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, 2013թ․ մայիսի 1-ից մինչև 2018թ․ հունիսի 30-ը, առանց քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստի շահառուների ցանկում: Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները նշված հափշտակությունները կատարելիս համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական, ինչպես նաև ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների քանակի չբացահայտման անձնական այլ դրդումներից ելնելով, «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները կեղծ ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց ստորագրել են և նպաստի գումարներն ստանալով, փոխանցել գործակալության աշխատակիցներին: Արդյունքում՝ փոստատարների և ավագ օպերատորների միջոցով յուրաքանչյուր ամիս առձեռն ստացվել ու խարդախության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 550 617 000 դրամ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար տվյալների համաձայն, 27 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Քրեական գործի շրջանակներում 25 մեղադրյալներ վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ 107 000 000 դրամի չափով։ Պետությանը պատճառված վնասի մնացած մասի՝ 443 617 000 դրամի հատուցումն ապահովելու նպատակով, արգելանք է դրվել հետախուզման մեջ գտնվող գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի  շարժական, անշարժ գույքերի և բանկային հաշվեհամարների վրա:

Նշենք, որ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի և առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում դեռևս 2018թ. հուլիսի 25-ին և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը  մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել դատարան: Քսանհինգ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: