Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2,4 կգ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, հայազգի Վրաստանի քաղաքացին, ծնված 1982թ., Հայաստանում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Քննությամբ պարզվել է, որ խմբի կազմում իրացնելու նպատակով, նա ապօրինի ձեռք է բերել, Երևանում վարձակալած բնակարանում պահել առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցներ, այդ թվում՝ 303,32 գ հաշիշ, 3,2827 գ ՄԴՄԱ (մեթիլենդիօքսիմեթամֆետամին), 1,965 կգ այլ ֆորմուլայով սփայս, և 123,41 գ կոկաին։

Քրեական գործով պարզվել է հանցավոր խմբի մեջ ներգրավված 4 անձի ինքնություն, որոնցից մեկը՝ իգական սեռի։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Եվս երկու մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Չորրորդ մեղադրյալի՝ Վրաստանի քաղաքացի, հայազգի  36-ամյա տղամարդու նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի էր համարել գրավի կիրառումը՝ գրավի չափ սահմանելով 20 մլն դրամ։ Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը տվյալներ է ստացել, որ մեղադրյալը գտնվելով ազատության մեջ, շարունակում է հանցավոր գործունեությունը, և դատախազության կողմից ներկայացվել է բողոք՝ Վերաքննիչ դատարան։ 2019թ. հունվարի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անթույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը և բեկանել ստորադաս դատարանի որոշումը։ Մեղադրյալը հայտնաբերվել է Երևան քաղաքում։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափի՝ 0,35 գ կոկաին, ինչպես նաև մետամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող 2,47 գ  բյուրեղանման զանգված, սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող 10,92 գ շագանակագույն, յուրահատուկ հոտով փոշենման զանգված։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան առաջադրվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու  ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: