Հայերին պետք չէ «նախապատրաստել խաղաղության», պարոնայք

Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներում արդեն շատ է գրվել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, այսպես կոչված, «Փարիզյան հանդիպումը» ամենևին լավ տպավորություն չգործեց։ Մտահգության հիմք դարձավ Ֆրանսիայում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների անունից արված հայտարարությունը։ Մեջբերեմ այդ փաստաթղթից մի հատված. «Հանդիպման մասնակիցները երախտագիտություն են հայտնել կողմերին գործադրած ջանքերի համար, ուղղված ինտենսիվ բանակցություններին և արդյունքների ձեռքբերմանը նպաստող մթնոլորտի պահպանմանը։ Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը։ Հանդիպման ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են  բանակցային գործընթացի տվյալ փուլի հիմնական սկզբունքներն ու չափորորշիչները։ Նախարարներն ու համանախագահները քննարկել են բանակցություններին ուժգին խթան տալու համար Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման կազմակերպման հետագա քայլերը։ Համանախագահներն ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանն ուղղված հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը…» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Միայն առաջին հայացքից է այս հայտարարության մեջ ամեն ինչ կշռադատված և դիվանագիտական։ Իրականում մենք գործ ունենք երեսպաշտության ու երկակի բարոյականության հերթական ապացույցի հետ, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, հետևաբար և՝ ողջ ԵԱՀԿ-ի։ Բնակչությանը խաղաղության նախապատրաստելն արդեն ավելի քան 20 տարի հիմնավորապես տանջում է ԵԱՀԿ «արևմտյան մասին» և, բնականաբար, ԵԱՀԿ ՄԽ-ին։

Գերազանց հիշում եմ, որ դեռևս 2001 թվականից ի վեր, ԱՄՆ-ից պարբերաբար հնչում էին նման խոսակցություններ։ Պետք չէ հավասարեցնել բախման կողմերին նույնիսկ այն դեպքում, երբ բախման մասնակիցներից մեկին իսկապես պետք է բարոյապես ու քարոզչաբար նախապատրաստել 1991-94թթ. պատերազմի իրողությունների ընդունմանը և խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որում բացարձակ անկախ և ինքնիշխան երկրի՝ սեփական Սահմանադրություն, օրենսդրության սեփական համակարգ, ի վերջո, սեփական զինված ուժեր և այլևայլ կառույցներ ունեցող Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ չպետք է լինի «Ադրբեջանի կազմում» որևէ ձևակերպում։

Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդչափ մտահոգ են խաղաղությանը հակամարտության երեք, ընդգծում եմ, երեք մասնակից պետությունների բնակչության նախապատրաստվածությամբ, ապա պարտավոր են հաշվի առնել, որ սկսած 1994թ. ամռանից, դիվերսիաների, ճեպագրոհների, բոլոր զինված սադրանքների և այլ գործողությունների հեղինակի դերում հանդես է եկել միմիայն Ադրբեջանը։ Դրա ապացույցն են նաև 2016թ. ապրիլին «կրտսեր թուրքերի» սանձազերծած արկածախնդիր ռազմական գործողությունները, որից հետո «խան» Իլհամ Ալիևը խոստովանեց, որ հենց իր հրամանով են ձեռնարկվել հարձակողական գործողություններն ընդդեմ Արցախի Հանրապետության և Հայաստանի։

Հենց ապրիլյան ռազմական գործողությունների ահագնացման օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների պատվիրակների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հանձնարարել է ԱԳՆ-ին սկսել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև փոխօգնության պայմանագրի ստորագրման աշխատանքը։ Քաղաքական շրջանակներում Սարգսյանի այդ ժեստն ընկալվեց որպես «կես քայլ ԼՂՀ-ի ճանաչման ուղղությամբ»։ Սակայն 2016-ի արդեն մայիսին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ չնայած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է, այդուհանդերձ, ողջ գործընթացը կախված է բախման շուրջ իրավիճակի հետագա զարգացումից, բազմաթիվ գործոններից և այլն։ Այսպիսով երկրորդ անգամ սառեցվեց Հայաստանի և Արցախի անվտանգության համար այդ կարևորագույն փաստաթղթի ստորագրումը, քանի որ նման համաձայնագրի ստորագրման մենք առաջին անգամ պատրաստվում էինք դեռ 2007-2008թթ., երբ հենց ԱՄՆ-ը սկսեց ավելացնել ճնշումը՝ հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից «խաղաղարարների» ինչ-որ համակազմ մտցնելու միջոցով հայ ազգին խայտառակ կապիտուլյացիա պարտադրելու նպատակով։

Հայերն ի սկզբանե պատրաստ են եղել և պատրաստ են խաղաղության, պատերազմը մեզ պարտադրվել է։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հիշյալ ձևակերպումը լիովին մատնեց այն, որ դա հեղինակել են դարձյալ ամերիկացիները. իբր՝ «երկու կողմերը պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության», այլ ոչ թե մեկը, այսինքն՝ Ադրբեջանը, որը միշտ հանդես է եկել որպես ագրեսոր։ Հիշեցնեմ, թե որտեղից է ԵԱՀԿ ՄԽ արևմտյան մասի այդօրինակ շահագրգռվածությունը։ Դա բացահայտեց Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, երբ դիվանագիտական առաքելությունն ավարտելուց առաջ, «EVN Report» համակայքին տված ամփոփիչ հարցազրույցում հայտարարեց հետևյալը. «Երբ ես առաջին անգամ եկա այստեղ (Հայաստան), զարմացած էի, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է օկուպացված տարածքները վերադարձնելուն՝ որպես բանակցային գործընթացի մաս։ Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գործնականում չկան քննարկումներ ընդունելի լուծումների կամ հնարավոր փոխզիջումների շուրջ։ Իմ կառավարության ընկալումը տարիներ շարունակ եղել է այն, որ այդ տարածքները գրավվել են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևում հետագա օգտագործման համար։ Ես իսկապես անչափ զարմացած էի, որ այդ տարբերակը ոչ մի աջակցություն չի վայելում»։

Համոզված եմ, որ Հայաստանում ոչ ոք չի ժխտի՝ Միլսի հայտարարությունն արտացոլում է ԱՄՆ-ի կառավարության տեսակետը։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաշվեհարդար տեսավ դեսպան Ջոն Էվանսի հետ, երբ վերջինս համարձակվեց Թուրքիայում հայերի ցեղասպանությունն անվանել հենց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, հակառակ Սպիտակ տան պաշտոնական կարծիքի։ Ո՛չ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, ո՛չ էլ նրա նախորդ Ռիչարդ Մորնինգսթարը երբեք կոչ չեն արել Բաքվին հարգել բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Օրինաչափ հարց է ծագում. եթե ԱՄՆ-ի դեսպանները՝ լինի Երևանում, թե Բաքվում, բախման կողմերի նկատմամբ պարտավոր են ընդունել համահավասար, պարիտետային դիրքորոշում, ապա ինչո՞ւ է հանկարծ դրսևորվում այդպիսի ընտրողականություն։

Ամերիկյան դիվանագետները չեն տեսնում բացահայտ հակահայկական պետական քաղաքականությունը, բայց զարմանում են, որ Հայաստանում հասարակական կարծիքը կտրականապես դեմ է որևէ տարածք վերադարձնելուն։ ԱՄՆ-ը Ադրբեջանի խնամակալն է 1991 թվականից ի վեր։ «Բնակչությանը խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը Հայաստանում նույնիսկ բացահայտ արևմտամետ որոշ կազմակերպությունների կողմից ընդունվել է սվիններով. չէ՞ որ հասկանալի է, որ եթե դա հավասարաչափ ուղղված է հայերի դեմ, ապա Արևմուտքը, իսկ գուցեև ոչ միայն Արևմուտքը, մեզանից սպասում է ԼՂՀ-ի սահմանադրական տարածքներ հանդիսացող հողերից ինչ-որ բան տալու «համաձայնություն»։

«Անհրաժեշտություն չկա նախապատրաստել Հայաստանի հասարակությանը խաղաղության, մենք խաղաղասեր ազգ ենք, սակայն ունենք գերազանց գենետիկ հիշողություն, որում հստակ նշված է. եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, այդ կերպ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին։

Այժմ եկել է իշխանության հերթը՝ հայտարարելու կամ հայտնելու, թե հայերին «խաղաղության նախապատրաստելու» այդ ի՞նչ «պարտավորություններ» է ինքը հանձն առել ԵԱՀԿ ՄԽ-ի առջև։

 

Սերգեյ Շաքարյանց