Սարի թաղում այսօր մասնակիորեն փլուզվել են տներ

Այսօր «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ փլուզվել են Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 68 տան առաջին հարկի երկու սյուները, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արատակարգ իրավիճակների ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14:17-ին և 14:23-ին «911» ծառայությանը կրկին ահազանգեր են ստացվել, որ Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 66 և 45 տների պատերին ճաքեր են առաջացել:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել են Ս. Մ.-ին պատկանող թիվ 68 տան հիմնասյուները, հիմնասյուների ստորին մասում առաջացել է մոտ 6 քմ մակերեսով նստվածքային շերտ, հյուրասենյակի և ննջասենյակի պատերին առաջացել են ճաքեր (մոտ 30 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ)։ Առկա է տան փլուզման վտանգ:

Ա. Հ.-ին պատկանող թիվ 66 տան հյուրասենյակի պատերին առաջացել են ճաքեր (մոտ 30 սմ երկարությամբ և 1 սմ լայնությամբ). նույնպես առկա է տան փլուզման վտանգ: Ռ. Հ.-ին պատկանող թիվ 45 տան պատերին առաջացել են ճաքեր. տվյալ պահին փլուզման վտանգ չի եղել:

Փրկարարները սահմանազատել են թիվ 68 և 66 տների վնասված հատվածները: