Սուրենավանի բնակիչը կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղակացմամբ, 2019թ. հունվարի 22-ին, ժամը 17։30-ին Սուրենավան գյուղի բնակիչը ՀՀ ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում համագյուղացին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով  կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի երեք բնակչի ուղղությամբ:
Դեպքի առթիվ  ս․թ․ հունվարի 22-ին Վեդու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սուրենավան գյուղի բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի բնակիչների ուղղությամբ: Վերջիններս ճանաչվել են տուժող:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 4 հատ պարկուճ, երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձին պատկանող  «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: