Նոր հսկիչ-դրամարկղային մեքենաները նոր պատուհաս կդառնան փոքր, միջին տնտեսվարողների ու սպառողների համար

Հարկային և առևտրային ոլորտի, այսպես կոչված, բարեփոխումները, որոնք կառավարությունը մեծ թափով սկսել է իրականացնել տարեսկզբից, փոքր ու միջին տնտեսվարողների ու նրանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների շրջանում մի շարք մտահոգություններ են առաջացրել: Նրանց համոզմամբ, անգամ եթե կառավարության մտադրություններն ազնիվ են, և կառավարությունն իսկապես նպատակ ունի պայքարելու հարկային ոլորտում առկա արատավոր երևույթների դեմ, այժմ գործադրվող մեխանիզմներն իրականում կնպաստեն այդ երևույթների արմատավորմանը, ավելին՝ կհանգեցնեն հերթական գնաճին ու ՓՄՁ-ների թվի կրճատմանը:

Ըստ նրանց, պատահական չէ, որ նախորդ կառավարությունը չէր շտապում այդ բարեփոխումները կյանքի կոչել՝ լավ հասկանալով, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը պատրաստ չէ նման ցնցումների, և որ դրանք միայն ավելի կսրեն այդ բնագավառում առկա խնդիրները:

Ներկայացնենք փաստերով․ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը մեզանում մեկնարկել է դեռ 5-6 տարի առաջ՝ կանխիկ գործարքները կրճատելու, քարտային առևտրային համակարգը ներդնելու և դրա միջոցով հարկային դաշտում առկա ստվերը բացահայտելու, տնտեսվարողների և աշխատողների առևտրաշրջանառությունն ու շահույթները վերահսկելի դարձնելու նպատակով: Այդ նպատակով անգամ ՀԴՄ-ների ներկրման ՊՈԱԿ էր ստեղծվել, որը պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերեր ու դրանք իրացներ տնտեսավարող սուբյեկտներին: Սակայն, գործընթացն անավարտ մնաց: Մինչ այժմ նոր սերնդի ՀԴՄ-ները ներդրվել են միայն խոշոր ձեռնարկություններում, քանի որ ի սկզբանե այդ սարքերը պարտադիր էին ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսվարողների համար։ Նրանց համար սարքերը բավականին թանկ էին՝ մինչև 300 000 դրամ, բայց խոշորի համար դա առանձնապես բեռ չէր:

Մանր և միջին ձեռնարկություններին գործը չհասավ, մասնագետները մի շարք ռիսկեր էին նշել ՓՄՁ-ներում նոր սերնդի էլեկտրոնային ՀԴՄ-ներ օգտագործելու դեպքում: Բանն այն է, որ փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքաշրջանառությունն ու շահույթներն այնքան քիչ են, որ նրանցից ՀԴՄ-ների սպասարկման համար որոշակի գումարներ գանձելու դեպքում մտավախություն կար, որ այդ ձեռնարկությունները պարզապես չեն դիմանա մրցակցությանը և կփակվեն: Եվ դա՝ այն դեպքում, երբ տարիներ առաջ ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների գինը սահմանվել էր 60 000 դրամ, իսկ փոքր, սահմանային գոտիներում աշխատող ձեռնարկատերերին դրանք պետք է տրամադրվեին ընդհանրապես անվճար կամ այլ արտոնություններով: Սակայն, գործընթացը դադարեցվեց և նույնիսկ արդեն փոխանցված գումարների դիմաց մանր ու միջին ձեռնարկատերերին չտրամադրվեցին նոր սերնդի ՀԴՄ-ներ, իսկ գումարները հետ վերադարձվեցին:

Նոր կառավարությանը, սակայն, ինչպես երևում է, վերոնշյալ ռիսկերն ու մտավախություններն ամենևին չեն անհանգստացնում, փաստորեն այս տարվանից գործադիրը գրեթե բոլոր տնտեսվարողներին պարտադրեց ձեռք բերել նոր սերնդի հսկիչ- դրամարկղային մեքենաներ և իրենց առևտուրն ու սպասարկումն  իրականացնել դրանց միջոցով, նաև անկանխիկ առևտրի տարբերակով: Ավելին․ այս անգամ փոքր ձեռնարկությունների համար արտոնություններ արդեն նախատեսված չեն, իսկ ՀԴՄ-ների գինն էլ բոլորի համար հավասարապես սահմանված է 160 000 դրամ:

Իսկ ո՞րն է հին սերնդի ու նոր սերնդի ՀԴՄ-ների տարբերությունը։ Նոր սերնդի ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներից  մեկն այն է, որ  դրանք պետք է զինված լինեն վճարման տերմինալներով՝ վճարային քարտերը կարդալու համար: Վճարման տերմինալի առկայությունը զգալիորեն ավելացնում է ՀԴՄ-ի արժեքը: Սակայն փաստ է, որ ներկայումս շուկայում ներդրված 25 000 նոր սերնդի ՀԴՄ-ներից միայն 1500- 2000-ի դեպքում է վճարային տերմինալն անհրաժեշտ լինում: Մնացած բոլոր տնտեսավարողներն օգտվում են բանկերի կողմից տրամադրված տերմինալներից։ Ստացվում է, որ նրանք զուր տեղը լրացուցիչ գումար են վճարել նոր սերնդի սարքի համար, քանի որ այն միայն մասնակիորեն են օգտագործում:

Եթե վերոնշյալ հանգամանքը խոշոր տնտեսվարողների վրա առանձնապես բացասական ազդեցություն չի ունեցել, ապա նույնը չի կարելի ասել ՓՄՁ-ների մասին: Առանց այն էլ փոքր շրջանառության դեպքում որքանո՞վ է արդարացի նրանց այդպիսի ծախսեր պարտադրելը: Իսկ եթե, այնուամենայնիվ, նրանք կիրառեն վճարային տերմինալը, ապա վճարային տերմինալների ակտիվացումից հետո տնտեսավարողը ստիպված է լինելու վճարել տերմինալի սպասարկման գումար և, բացի այդ, անկանխիկ առևտրի դեպքում նաև՝ շրջանառության 1-3 տոկոսը: Այսպիսով որքան շատանա անկանխիկ առևտրի ծավալը վճարային տերմինալի միջոցով, այնքան մանր և միջին տնտեսավարողների համար իրենց շրջանառությունից կորուստն ավելի մեծ կլինի։

Այնպես որ, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը մանր և միջին տնտեսվարողների մոտ կդառնա մեծ բեռ նախ ՀԴՄ-ների բավականին բարձր արժեքի պատճառով` 160 000 դրամ, իսկ վճարային տերմինալի ակտիվացման դեպքում ստիպված կլինեն նաև բավականին բարձր տոկոսներ վճարել շրջանառությունից: Սակայն սա դեռ ամենը չէ․ որպեսզի սարքերը միանան ընդհանուր առցանց բազային, տնտեսվարողը, բնականաբար, պետք է նաև կապ ունենա համացանցի հետ, և դրա համար էլ առանձին գումար վճարի: Չմոռանանք նաև սարքերի սպսարկման գումարի մասին: Պատահական չէ, որ շատ մանր ու միջին տնտեսվարողներ արդեն խուճապահար են և մտածում են իրենց ձեռնարկությունները փակելու մասին:

Փոքր ու միջին ձեռնարկություններն, ըստ օրենքի, այդ սարքերը պետք է տեղադրեն 2019թ․ հունվարի 1-ից: Հակառակ դեպքում՝ նրանք կտուգանվեն: Առայժմ տեղեկություն չկա, թե քանի տնտեսվարող է նոր սարքը տեղադրել, քանիսն է խուսափել ու տուգանվել: Շատ տնտեսվարողներ, որոնց հետ մենք խոսեցինք, դեռևս չեն օգտվում նոր ՀԴՄ-ներից: Նրանց մեծ մասն ասաց, որ սարքերը ձեռք բերելու համար մինչև 2019թ․ հունվարի 1-ը դիմում են գրել, իսկ մինչև այդ ժամկետը դիմում գրելու դեպքում տուգանքից ազատվում են: Սակայն, այն տնտեսվարողները, որոնք անգամ դիմում չեն գրել, տուգանքից չեն կարողանա խուսափել: Մեզ հետ զրուցած տնտեսվարողների շարքում նաև այդպիսիք կան: Նրանցից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են հետաձգում սարքը ձեռք բերելու գործընթացը, մանավանդ, որ կառավարությունը հնարավորություն է ընձեռել 160 հազար դրամը վճարել տարաժամկետ տարբերակով, երկու տարվա ընթացքում, և այդ դեպքում մեկ ամսում վճարման համար չնչին գումար է պահանջվում:

Նարինե Խաչատրյանը, որը սեփական ԱՁ-ով մեկանձնյա վարսավիրանոց է աշխատեցնում, ասաց, որ իր գործունեության համար սարքի կիրառումն անիմաստ է, քանի որ ինքը հարկվում է հաստատագրված վճարով, այլ ոչ թե շրջանառության հարկով, և իր շրջանառությունը վերահսկելն անտրամաբանական է, մինչդեռ, հունվարի 1-ից ինքը պարտադրված է վճարել ոչ միայն սարքի, այլև դրա սպասարկման ու համացանցի հետ կապի համար։ Նա ասաց նաև, որ իր չնչին շահույթի պայմաններում անգամ այդ գումարը բեռ է դառնալու, ուստի որոշել է պարզապես փակել բիզնեսը և մեկնել Ռուսաստան, որտեղ շուկան և գումար վաստակելու հնարավորությունն անհամեմատ մեծ է:

Նարինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իր մտահոգությունները. «Խնդիրը նաև այն է, որ մեր կառավարությունը ՓՄՁ-ների գոյատևման համար պայմաններ ստեղծելու փոխարեն, ավելացնում է նրանց հարկային բեռը և շնչելու հնարավորություն չի տալիս: Փոքր ու միջին տնտեսվարողները Հայաստանում շատ քիչ գումար են կարողանում վաստակել, մինչդեռ նրանց համար սահմանված հարկերը համապատասխան չեն շահույթին: Միայն ստվերի շնորհիվ է մինչև օրս հնարավոր եղել քիչ թե շատ գումար աշխատել ու գոյատևել: Այժմ կառավարությունը ստվերի դեմ կատաղի պայքար է սկսել, բայց հաշվի չի առել, որ դաշտը պատրաստ չէ դրան և նման ցնցումը կարող է շատերիս համար ճակատագրական դառնալ: Ավելի ճիշտ չէ՞ր լինի նախ հարկային քաղաքականությունը վերանայել և ՓՄՁ-ներին ստվերից դուրս գալու շահագրգռող մեխանիզմներ ներդնել, այլ ոչ թե դա պարտադրանքով անել»:

Մեր զրուցակիցն անարդար մոտեցում համարեց, որ ՀԴՄ-ներից ազատված են տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները, այնինչ նրանք նույնպես ծառայություն են իրականացնում, ինչպես, օրինակ, վարսավիրները:

Արտակ Նավասարդյանը նույնպես դեռևս սարք ձեռք չի բերել և ոչ էլ այդ նպատակով դիմում է գրել: Նա հագուստի փոքր խանութ ունի երկու աշխատակցով: Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հատկապես վերջին կես տարում իր շրջանառությունը զգալի նվազել է, առևտուր չկա, մարդկանց գնողունակությունը զգալի նվազել է: Հիմա էլ շատ հիմնարկների, կառույցների փակվելուց հետո երկրում կավելանան գործազուրկները, ինչը նշանակում է, որ կտրուկ նվազելու է նաև սպառողների թիվը: Նրա կարծիքով, տվյալ առևտրով զբաղվելը մոտ ապագայում կարող է այլևս շահավետ չլինել, հետևաբար պարտադրված կլինի փակել իր խանութը: Մինչդեռ, այս պարագայում իրեն պարտադրում են նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերել և 2 տարի շարունակ վճարել դրա համար: Նշված սարքի կիրառումը, նրա հավաստմամբ, լրացուցիչ ֆինանսական բեռ է լինելու իր համար, դրան ավելացրած նաև այն, որ կառավարությունը խստորեն պարտադրում է ամբողջությամբ գրանցել աշխատողների աշխատավարձերը, հետևաբար դրանց համար վճարվող հարկերն էլ են ավելանալու: Արտակ Նավասարդյանը նշեց նաև, որ  այդ բեռը կփորձի փոխհատուցել իր ապրանքի գները բարձրացնելու միջոցով, ինչի դեպքում, սակայն, կարող է կորցնել իր սպառողներին:

«Արատավոր շրջան է ստացվում,- ասաց մեր զրուցակիցը։- Տնտեսվարողների վրա ծանրացած հարկային բեռը միանշանակ անդրադառնալու է ապրանքների, ծառայությունների գների վրա: Եվ սա՝ այն պայմաններում, երբ վերջին 7-8 ամսում սպառողական շուկայում արդեն իսկ սպառման ծավալների նկատելի անկում է գրանցվում: Գների բարձրացումը սպառողներին ստիպելու է հրաժարվել հայաստանյան խանութներից բազմաթիվ ապրանքներ գնելու ցանկությունից, և նրանք կսկսեն այլընտրանքներ փնտրել՝ իրենց մատչելի ապրանք ձեռք բերելու համար․ կամ առցանց տարբերակով ապրանքներ կպատվիրեն դրսում, կամ կխնդրեն հարազատներին իրենց անհրաժեշտ ապրանքները բերել ավելի մատչելի գներով: Իսկ մենք աստիճանաբար կփակվենք»։

Թագուհի Ասլանյան