Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությանը

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությանը։

Այսօր տեղեկացնելով այս մասին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպմանը Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առկա փուլը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի կառույցներին՝ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված շարունակական ջանքերի համար։ ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությունը վերահաստատել է կուսակցության հանձնառությունը՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանն աջակցելու ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։