Կուրիլյան կղզիների հիմնախնդրի շուրջ իրադարձությունների վերջին ժամանակագրությունը

Նախորդ տարվա սեպտեմբերին Վկադիվոստոկում հրավիրված «Արևելյան տնտեսական ֆորումի» ընթացքում, բոլոր մասնակիցների ներկայությամբ Վ. Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Ս. Աբեի միջև տեղի ունեցավ բավական ուշագրավ երկխոսություն: Դիմելով ՌԴ-ն նախագահին, Ս. Աբեն բառացիորեն ասաց հետևյալը․ «Պարոն նախագահ, եկեք մեկ անգամ ևս հաստատենք մեր վճռականությունն ու մեր մտադրությունները բոլոր ներկաների, ամբողջ լսարանի առջև: Խնդրում եմ սատարեք մեր քայլերին Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ: Ես ուզում եմ խնդրել լսարանին՝ ծափահարություններով սատարելու մեզ»:

Դահլիճում լսվեցին նոսր ծափահարություններ: Եվ երբ Ս. Աբեին ուղղված հարց հնչեց, թե նշված պայմանագրի ի՞նչ նախագիծ է նա տեսնում, Վ. Պուտինը կասեցնելով վերջինիս պատասխանը, արեց «անսպասելի ու սենսացիոն» (ըստ լրագրողների ու մեկնաբանների որակման) առաջարկ․ «Հենց նոր, այստեղ ինձ մոտ շատ պարզ միտք ծագեց: 70 տարի է, մենք փորձում ենք լուծել վիճարկելի հարցերը: Դուք հիշեցիք 1956 թ. համաձայնագիրը, որը ոչ միայն ստորագրվել է, այլև վավերացվել է Ճապոնիայի Խորհրդարանի ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից: Սակայն, հետագայում ճապոնական կողմը հրաժարվեց կատարելու այդ համաձայնագիրը: Հիմա մենք վերադարձել ենք այդ հարցերի քննարկմանը: 70 տարի մենք բանակցում ենք, և Ս. Աբեն ասում է, որ մենք փոխենք մոտեցումները: Եկեք փոխենք: Ահա թե, ուրեմն, ինչ միտք ինձ հղացավ: Եկեք Խաղաղության պայմանագիրը ստորագրենք ոչ թե հիմա, այլ մինչև տարվա վերջ, սակայն առանց որևէ նախապայմանի»: Դահլիճում հնչեցին բուռն ծափահարություններ:

Վ.Պուտին․ «Ես նույնիսկ չխնդրեցի լսարանին սատարել մեզ… Հետո միայն, որպես ընկերներ, ձեռնամուխ կլինենք վիճարկելի հարցերի լուծմանը»:

Մի կողմ թողնենք այս երկխոսության այլ ուշագրավ կողմերը, և նշենք միայն, որ «հանկարծակի» ծագած մտքի տրամաբանությունն ավելի քան պարզ էր. սկզբում՝ պայմանագիր, հետո….: Ինչպես հայտնի է, այս խնդրի լուծման առումով 2018 թվականն անպտուղ ավարտվեց: Թեև Վ. Պուտինի առաջարկին Ս. Աբեն գլխի շարժումով լռելյայն համաձայնություն էր հայտնել, սակայն հետագա ամիսների ընթացքում նա դուրս եկավ այս տրամաբանությունից՝ հայտնելով, որ «պատրաստ կլինի Ռուսաստանի հետ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու միայն Կուրիլյան կղզիները Ճապոնիայի կազմ վերադարձնելուց հետո», միևնույն ժամանակ տալով հավաստիացումներ, որ այնտեղ չեն տեղակայվի ամերիկյան ռազմաբազաներ:

Ավելին․ 2019թ. տարեսկզբին Ս. Աբեն իր հոր գերեզմանի առջև երդում տվեց, որ բոլոր ջանքերը կներդնի Կուրիլյան կղզիների պատկանելիության խնդիրը լուծելու համար: Իր հերթին, Ճապոնիայի խորհրդարանը լրացումներ կատարեց «Հյուսիսային տարածքների հիմնախնդիրների արագացված լուծման համար հատուկ միջոցառումների մասին» օրենքում, որով օրենսդրորեն ամրագրվեց Կուրիլյան կղզիների պատկանելիությունը Ճապոնիային: Կարծես թե առկա էր նախնական համաձայնություն, սակայն ինչո՞ւ այն փոխարինվեց նախապայմաններով: Սա պահի տակ կողմնորոշվելու ունակության բացակայությո՞ւն էր Ս. Աբեի կողմից, թե՞ երրորդ կողմի շահերից չբխող տարբերակ՝ հետագա վարքի պարտադրմամբ: Ինչևէ, տարին բոլորեց առանց համաձայնության ձեռքբերման:

Ի պատասխան Ս. Աբեի առաջ քաշած նախապայմանների, ռուսական կողմը բացի դիվանագիտական ոլորտի և այլ պաշտոնյաների հնչեցրած կոշտ հայտարարություններից, անցավ գործնական քայլերի. ՌԴ Պետդուման օրինագիծ պատրաստեց «Ճապոնիայի կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տարածքային պահանջների մասին», որն արգելում է Կուրիլյան կղզիների հանձնման որևէ տարբերակ:

Սա այն դեպքն է, որի մասին ասում են, որ երկու կողմերի համար խիստ անհրաժեշտ ու հրատապ է Խաղաղության պայմանագրի կնքումը, սակայն յուրաքանչյուր կողմը ցանկանում է «դեմքը չկորցնելով», ստանալ առավելագույնը: Նման իրավիճակն իրականում ոչ թե կողմերին մոտեցնում է խաղաղության ձեռքբերմանը, այլ հակամարտության խորացմանը:

 

Լևոն Անդրիասյան