ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է հաշվի առնեն, որ «իրանական ազգն ավելի խելացի է», քան կարծում են Վաշինգտոնում ու Թել Ավիվում

Օրերս Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նաթանյահուն, որին երկրի Կնեսետի (խորհրդարանի) լուծարման պատճառով այժմ ավելի ճիշտ կլինի անվանել վարչապետի պաշտոնակատար, հերթական անգամ սպառնացել է Իրանին։ Եվ, ոչ ավելի, ոչ պակաս, «պահանջել» է, որ Սիրիայից դուրս բերվեն իրանցի բոլոր ռազմական խորհրդատուները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը սիրիական ՀՕՊ-ի ուժերը հետ են մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի դեմ հրթիռային գրոհի ևս մեկ փորձ։

SANA գործակալությունը հաղորդել է ռազմական աղբյուրի հայտարարությունը, որում նշված է, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին սահմանակից Հյուսիսային Գալիլիա մարզից։ Գրոհի է ենթարկվել Դամասկոսի միջազգային օդանավակայանի  տեղակայման շրջանը, որտեղ հրթիռներից մեկը հարվածել է պահեստային շինությանը։ Եվս ութ հրթիռներ կանխավ խփվել են օդում, մինչև Դամասկոս հասնելը։

Սիրիան արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է փոխանցել Իսրայելի օդային հարձակումների և հրթիռակոծումների հարցը, միջազգային հանրությունից պահանջելով սանձահարել իսրայելական ագրեսորին, որը «օժանդակում է Սիրիայում ահաբեկիչների պահպանմանը»։ Ի պատասխան, Նաթանյահուն հունվարի 13-ին հայտարարել է, որ իր երկիրը վերջին 36 ժամերին հրթիռակոծել է նշանակետերը Սիրիայում։ «Վերջին 36 ժամերին Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել նշանակետերին՝ իրանական զենք պարունակող իրանական պահեստներին՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանում,- ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, ասել է Նաթանյահուն կառավարության նիստի ժամանակ։- Վերջին գրոհներն ապացուցում են, որ մենք առավել, քան երբևէ, լի ենք Սիրիայում Իրանի դեմ գործելու վճռականությամբ։ Մենք տպավորիչ հաջողությամբ աշխատանք ենք տարել Սիրիայում Իրանի ամրակայումը կասեցնելու ուղղությամբ, դրա համար Իսրայելի Պաշտպանության բանակը հարյուրավոր անգամներ գրոհել է Իրանի և «Հըզբոլլահի» նշանակետերը»։

«Ես ընդգծում եմ՝ հեռացեք այնտեղից։ Մենք չենք դադարի գրոհել»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը, դիմելով Իրանին՝ Սիրիայում իրավիճակի կապակցությամբ։

Պատասխանն անխուսափելի էր և հեշտ կանխատեսելի։ Նախ, սիրիական ԶԼՄ-ները համացանցում տեղադրեցին իսրայելական գրոհի հետմղման հերթական տեսանյութըԱյնուհետ պատասխաններ հնչեցին արդեն բացառապես Իրանից։ Հունվարի 16-ին ընդգծելով, որ իրանական ռազմական խորհրդատուներն ու զենքերը կմնան Սիրիայում, Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատար, գներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին նախազգուշացրել է Իսրայելի վարչապետի պաշտոնակատարին, որ չխաղա առյուծի պոչի հետ։

«Զգուշացեք այն օրից, երբ իրանական բարձրաճշգրիտ հրթիռները կխոցեն ձեզ ու վրեժ կլուծեն ճնշված մահմեդականների՝ ձեր հեղած ողջ արյան համար»,- իրանական «Mehr News» լրատվամիջոցի տեղեկացմամբ հայտարարել է գեներալ Ջաֆարին։

Նաթանյահուի սպառնալիքը բնորոշելով որպես «անհեթեթ», Ջաֆարին ընդգծել է, որ «Իրանը Սիրիայում կպահի բոլոր զինվորականներին ու հեղափոխական խորհրդատուներին, ինչպես նաև սարքավորումներն ու զենքերը, որոնք ուղղված են Իսլամական դիմադրության ուժերի ամրապնդմանն ու պատրաստականության բարձրացմանը և այդ երկրի ճնշված բնակիչներին ցուցաբերվող օգնությանը»։

«Համոզված եղեք, որ մենք ուշադրության չենք առնում ձեր անհեթեթ սպառնալիքները,- նշել է նա։- Դուք գիտեք, որ եթե մենք որոշել ենք սպասել ձեր թշնամական միջոցների կիրառմանը, ապա դրա հետևում կան մի շարք նկատառումներ»։

Վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմիին, որը հայտարարել է, որ Իրանը ռազմական ուժեր չունի Սիրիայում, ԻՀՊԿ ղեկավարը նշել է, որ Կասեմիի արտահայտությունները նշանակում են, որ Իրանը Սիրիայում չունի ռազմական զորամասեր։

«Իսրայելական ռեժիմը լավ տեղեկացված է իրանական զինված ուժերի հզորության մասին, դրա համար էլ վախենում է Սիրիայում թեկուզ մեկ իրանցու ներկայությունից»,- հավելել է Մոհամմադ Ալի Ջաֆարին։

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պատասխանը, որը հնչեց հունվարի 16-ին նախարարների խորհրդի և նահանգապետերի համատեղ նիստում, ուղղված լինելով կարծես թե բացառապես ԱՄՆ-ին, իրականում վերաբերվում է բոլոր այն երկրներին, որոնք պատրաստ են աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հակաիրանական գործունեությանը։

«Ամերիկացիներն անհանգստացած են իրանական ազգի հնարավորություններից, և այդ պատճառով էլ ձգտում են առավելագույն ճնշում գործադրել, բաց այդ ճնշումն անպտուղ կլինի,- ասել է Իրանի նախագահը։- Թեև մենք ունենք խնդիրներ, բայց իրանական ազգը շատ ավելի խելացի է, քան կարծում են թշնամիները»։

Այնուհետ հայտարարությամբ հանդես եկավ Իրանի հետախուզության և տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին։ Իրանական «Tasnim News» գործակալության տեղեկացմամբ, հունվարի 17-ին ելույթ ունենալով Արևմտյան Ադրբեջան նահանգի տեղական խորհրդում, նա հիշեցրել է սիոնիստական ռեժիմին Իրանից ստացած հարվածների մասին, հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի Իսրայելին պարտության մատնել հետախուզության ոլորտում։

«Մենք պարտության ենք մատնել այդ ռեժիմին տարբեր ասպարեզներում, օգտագործելով հետախուզության ջանքերը, և Իսրայելի նկատմամբ հաղթանակի խնդիրը կիրականացվի նաև հետագայում»,- հավելել է Ալավին։

Իրանի հետախուզության և տեղեկատվության նախարարը նշել է նաև, որ իրանական հետախուզական կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունն ու փոխըմբռնումը չեզոքացրել են երկրին վնաս պատճառելու թշնամական ծրագրերը։ Նախարարը նշել է, որ հակաիրանական խմբերը ֆինանսական, ուսումնական և ռազմական աջակցություն են ստանում «գլոբալ մեծամտության» երկրից (այսինքն՝ ԱՄՆ-ից), ընդգծելով, որ Իրանում գերակշռում է անվտանգության զգալի մակարդակ, չնայած սպառազինությունների ոլորտում պրոքսի-թշնամիների մեծ հնարավորություններին։ Նախարար Ալավին ակնարկել է Իսրայելում տեղի ունեցած սկանդալն այդ երկրի նախարար Գոնեն Սեգեվի լրտեսական գործունեության շուրջ, որը վերջերս դատապարտվեց Թել Ավիվում՝ «պատերազմի ժամանակ թշնամուն ցուցաբերած օգնության, Իսրայելի դեմ լրտեսության և թշնամուն (այսինքն՝ Իրանին) հետախուզական տվյալներ տրամադրելու» համար։

Այստեղ հարկ է հավելել, որ նախարար Ալավին համեստորեն լռել է ռուսաստանցի գործընկերների հետ իրանական հատուկ ծառայությունների փոխգործակցության մասին։ Սակայն, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հունվարի 16-ին՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցից հասկանալի է դառնում, որ Թեհրանը մշտապես և յուրաժամանակ օգնություն է ստացել ու ստանում ՌԴ հատուկ ծառայություններից։ Պատրուշևը մասնավորապես պարզաբանել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է կանխամտածված տորպեդահարել 2015թ. ամռանը ստորագրված Գործողությունների համատեղ համակողմանի ծրագիրը (JCPOA), որպեսզի ապակայունացնի իրավիճակը Իրանի ներսում։ Ռուսաստանի անվտանգության կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնի ռազմավարական նպատակը հակաիրանական պատժամիջոցներից օգտվելն է՝ Իրանի ներսում լայնամասշտաբ հակակառավարական բողոքներ առաջացնելու և այդ երկրում իշխանափոխության հասնելու համար։ Պատրուշևը նաև ասել է, որ չնայած Ռուսաստանը փորձում էր հետ համոզել ամերիկացիներին Իրանի հանդեպ ապակառուցողական քաղաքականություն վարելուց, նրանք վտանգավոր միջոցներ ձեռնարկեցին այդ ուղղությամբ։

Ինչպես հաղորդել է իրանական «Radio Farda»-ն, այաթոլլա Ահմադ Ջաննաթին, որը գլխավորում է ազդեցիկ Փորձագետների ասամբլեան, հանդիսանում Նպատակահարմարության խորհրդի անդամ, հայտնի է որպես ծայրահեղ պահպանողական կղերական, JCPOA փաստաթղթի վաղեմի հակառակորդ և հաճախ արտացոլում է հենց իր՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսսեյնի Խամենեիի հայացքները, հայտարարել է. «Վերջնական արդյունքում այդ գործարքը պետք է այրել»։ Նրա ելույթում մեղադրանքներ կան նաև ԻԻՀ նախագահ Ռոհանիի կառավարության հասցեին։ Բայց եկեք հիշենք ԻԻՀ նախագահի խոսքերն այն մասին, որ «իրանական ազգն ավելի խելացի է, քան կարծում են թշնամիները»։ Ե՛վ ամերիկացիներին, և՛ իսրայելցիներին, կարծում եմ, պետք է մտածելու տեղիք տան հենց այաթոլլա Ջաննաթիի և Պատրուշևի հայտարարությունները։ Այդ գործիչները պարզ հասկացնել տվեցին՝ Իրանը ոչ մեկին չի զիջի ռազմավարական նախաձեռնությունը տարածաշրջանում։

 

Սերգեյ Շաքարյանց