Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 13-ին, ժամը 14-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան-1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրել է անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ի դեպ, մինչ ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչել է ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Սարգսյանը, որը, ինչպես հետո պարզվել է, մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան-1 հասցեի բակում ծեծկռտուքի ժամանակ:
Ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանն իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել է 2 պարկուճ:
Արթուր Սարգսյանը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բրուտյանը՝ դանակը, իսկ Սպարտակ Սարգսյանը՝ մուրճը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Քննությունը շարունակվում է: