Ռուսաստանի ԱԳՆ. Ռուսաստանը կորոշի հետագա քայլերը՝ «կախված ադրբեջանական կողմի արձագանքի բովանդակությունից»

Բաքվի մեկնաբանության հնչերանգը դուրս է գալիս դիվանագիտական պարկեշտության շրջանակներից

Ռուսաստանի արտգործնախարարությունն անընդունելի է համարում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մոտեցումը՝ հայկական արմատներ ունեցող ռուսաստանցիների մուտքը հանրապետություն արգելելու թեմայի առնչությամբ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հունվարի 18-ի հաղորդագրությունում։

«Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ հայկական արմատներ ունեցող ՌԴ քաղաքացիներին հանրապետություն մտնելն արգելելու վերաբերյալ մեր հաղորդագրությանը։ Ընդգծում ենք մեկնաբանության՝ դիվանագիտական պարկեշտության շրջանակներից դուրս եկող հնչերանգը։ Ոչ պակաս տարակուսանք է առաջացնում դրա բովանդակությունը, որը հանգում է Ադրբեջան մեկնող ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականության թեման չուռճացնելու պահանջի, որպես իբր ոչ նշանակալի՝ երկկողմ հարաբերությունների առաջընթաց զարգացման խորապատկերին»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

«Նման մոտեցումը, բնականաբար, անընդունելի է։ Ռուսաստանի քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը ՌԴ նախագահի գլխավորությամբ իրականացվող մեր արտաքին քաղաքականության անվերապահ գերակայություններից մեկն է։ Ընդ որում, այս կամ այն երկրի հետ միջպետական բարեկամական հարաբերությունների առկայությունը սովորաբար դիտարկվում է որպես տվյալ ոլորտում խնդիրների կառուցողական լուծմանը նպաստող գործոն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

Մատնանշվում է, որ «հարցին անմիջական առնչություն չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն», ռուսաստանյան կողմը կցանկանար լսել «առարկայական պարզաբանումներ՝ ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ»։

«Այդ, ադրբեջանական կողմի տերմինաբանությամբ՝ «մասնակի դեպքերի» մեջ կան նաև այն աստիճան աղաղակող միջադեպեր, ինչպիսիք են 2018թ. մայիսին Հայրենական մեծ պատերազմի վետերանի, բլոկադային Լենինգրադի ութսունմեկամյա բնակչուհու կամ 2017թ. փետրվարին 4-ամյա որդու հետ ժամեր շարունակ հատուկ սպասարանում պահված կնոջ մուտքի արգելումը երկիր»,- նշել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը։

«Դիվանագիտական ուղիներով պարզաբանումներ ենք սպասում նաև Ադրբեջան ուղևորությունները Մոսկվայում այդ հանրապետության դեսպանատան հետ համաձայնեցնելու ադրբեջանական կողմի ակնարկների առնչությամբ, ինչը կլինի Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների անվիզա ուղևորությունների մասին 1997թ. հուլիսի 3-ի համաձայնագրի խախտում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, հավելելով, որ Ռուսաստանը կորոշի հետագա քայլերը՝ «կախված ադրբեջանական կողմի արձագանքի բովանդակությունից»։