Սերբերն «արթնացել» և պահանջում են ԿոսՄետը, հայերը շարունակում են քնել…

Սերբիայի բզկտումը նաև Սորոսի, Թոնի Բլերի համատեղ ծրագիրն է

Անցած տարի արդեն գրել եմ սերբական Կոսովո և Մետոխիա (ԿոսՄետ) երկրամասի մասին, երբ դատապարտել էի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ վերաբերմունքը Ֆրանկոֆոնիայի փառատոնի ժամանակ Երևան ժամանած մարդասպան ու դահիճ Հաշիմ Թաչիի նկատմամբ։ Ներկայումս անդրադառնում եմ տվյալ թեմային, քանի որ ուսումնասիրելով դեկտեմբերին և հունվարին Սերբիայում տեղի ունեցած իրադարձությունները, զուգահեռներ եմ տեսնում մեր և սերբ ազգերի միջև։

Սերբերն ըմբոստանում են․ հունվարի 12-ին տասնյակ հազարավոր սերբեր կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխանության դեմ։ Դրա առիթ է ծառայել ընդդիմադիր առաջնորդ Բորկո Ստեֆանովիչին ծեծի ենթարկելը, ինչպես նաև հանցագործություններն ու կարգի խախտումները Լուչանի քաղաքում տեղական ընտրությունների ընթացքում։ Թեև բողոքները պաշտոնապես քաղաքացիական անձինք են,  ակտիվ քաղաքական գործիչները բողոքի միջոցառումներին առայժմ չեն մասնակցում,  դրանք բնավ այդքան զանգվածային չէին լինի առանց Սերբիայի ամենահզոր  ընդդիմադիր ուժի՝ «Միություն հանուն Սերբիայի» կոալիցիայի աջակցության։

Բողոքի առաջին մի քանի միջոցառումների ժամանակ հանրահավաքների մասնակիցների պահանջները կենտրոնացած էին ընտրությունների ազնվության, ԶԼՄ-ներից օգտվելու ընդդիմության հնարավորության ապահովման և իրավական պետության վերականգնման վրա։ Սակայն, հունվարի 12-ի բողոքը վերջապես բյուրեղացրեց գլխավոր պահանջը՝ Վուչիչի հրաժարականը, կասեցնելու համար դավաճանությունը, Սերբիայի Սահմանադրության և ԿոսՄետի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 1244 բանաձևի խախտումը։ Բողոքները սկսելուց առաջ, կազմակերպիչները նամակ են ուղարկել Վուչիչին՝ ԿոսՄետի նկատմամբ իր դիրքորոշումը ժողովրդին պարզաբանելու պահանջով։ Նամակում, բացի ամենայնից, գրված է.

«Ութ տարի է անցել այն օրից, երբ դու խոստացար, որ երբ գաս իշխանության, կչեղարկես Կոսովոյի վերաբերյալ բոլոր պայմանագրերը։ Յոթ տարի է անցել, ինչ դու եկել ես իշխանության, և վեց տարի, ինչ պայմանավորվել ու պարտադրել ես մեզ Բրյուսելի համաձայնագիրը։ Մինչ դու փառաբանում ես հաղթանակները, քո ստի ֆաբրիկաները փորձում են համոզել մեզ այն բանում, թե հաղթողի պատկերը դա «Կոսովո պետության» Սահմանադրության վրա երդում ընդունող սերբ դատավորի և Կոսովոյի համազգեստով մաքսավորի դեմքն է։ Ալեքսանդար Վուչիչ, քո էպիկական սխրանքներից ու հաղթանակներից, այն հայտարարություններից, թե ոչ ուտում ես, ոչ էլ խմում, մենք հասանք քո այնպիսի արտահայտությունների, թե Կոսովոյում չկա ոչ մի մետր սերբական հող։ Որ Կոսովոյում չկան սերբեր։ Ինչո՞ւ ես ստում, Ալեքսանդար Վուչիչ։ Կոսովոյում կան սերբեր, և դա սերբական հող է։ Ինչո՞ւ է Սերբիայի դեմ 100%-ի չափով մաքսատուրքեր սահմանում կառավարությունը, որտեղ նստած են քո երեք նախարարներ։ Ինչո՞ւ են նրանք առ այսօր նախարարի պաշտոնում։ Կոսովոն քոնը չէ, Ալեքսանդար Վուչիչ, այն անշարժ գույք չէ քո ձեռքում։ Այն մերն է, վերաբերում է մեզ բոլորիս։ Ինչպե՞ս է հնարավոր նման բան, որ դու մեզ անարգում և ասում ես, թե մենք պատրաստ չենք լսել քո ծրագիրն այն մասին, ինչը պատկանում է մեզ։ 5 տարի առաջ դու ասացիր, թե ծրագիր ունես։ Ո՞ւր է այդ ծրագիրը, Ալեքսանդար Վուչիչ։ Ո՞ւմ հետ ես բանակցություններ վարում։ Ինչո՞ւ Հաշիմ Թաչին կարող է մասնակցել բանակցությունների և ծրագրերի վերաբերյալ քննարկումներին «Կոսովոյի խորհրդարանում», իսկ դու խուսափում ես քո ժողովրդի հետ խոսելուց։ Մենք պահանջում ենք, որ դադարես քեզ պահել այս երկրի սեփականատիրոջ պես և Սերբիայի քաղաքացիներին ծրագիր ներկայացնես Կոսովոյի և Մետոխիայի վերաբերյալ։ Իսկ եթե ծրագիր չունես, ապա կանգնիր մեր առջև և այդպես էլ ասա»։

«Վուչիչի ծրագրի» մասին, որն ինքն անձամբ անվանում է «փոխզիջում», Սերբիայի հասարակությունն առաջին անգամ տեղեկացավ ալբանական և օտարերկրյա ԶԼՄ-ներից։ Այդ ծրագիրը ենթադրում է «սահմանազատում» ալբանացիներից։ Իսկ ի՞նչ է ենթադրում «սահմանազատումը»․․․ Այն գործնականում նշանակում է, որ Սերբիան պետք է տա ամբողջ ԿոսՄետը, բացի երկրամասի հյուսիսում գտնվող մի քանի մունիցիպալիտետներից։ Ընդ որում, սերբերին կստիպեն հանձնել Կենտրոնական Սերբիայի հարավում գտնվող երեք մունիցիպալիտետ։

Ինչպես պնդում է Սերբիայի արտաքին գործերի նախկին նախարար Վուկ Երեմիչը, «սահմանազատումը» Ալեքսանդր Վուչիչի, Հաշիմ Թաչիի, Թոնի Բլերի և Ալեքսանդր Սորոսի համատեղ ծրագիրն է, որոնք հրապարակավ ու գաղտնի հանդիպել ու պայմանավորվել են այդ մասին (Երեմիչի խոսքերով, 2018թ. նոյեմբերի 4-ին գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Վատիկանում, որտեղ նրանք պայմանավորվել են մաքսային ճգնաժամի, «Կոսովոյի բանակի» ձևավորման և «սահմանազատման» ծրագրի մշակման մանրամասների վերաբերյալ)։ «Կոսովոյի վարչապետ» և նույնպես մարդասպան ու դահիճ Ռամուշ Հարադինայը հաստատել է այդպիսի ծրագրի, այսինքն՝ «Սերբիայի նախագահի անպարկեշտ առաջարկի» գոյությունը, ինչի մասին հայտարարել է «Վաշինգտոն Պոստ» թերթի 2018թ. նոյեմբերի 28-ի համարում։ Հարադինայը նույնպես մեղադրում է «Կոսովոյի նախագահ» Թաչիին այդ ծրագրին ունեցած առնչության մեջ։ Թեև հրապարակավ Վուչիչն ու Թաչին «թշնամիներ» են, նրանք գործում են լիովին համակարգված, միմյանց անվանում «դժար բանակցողներ», մինչդեռ «լուծումներ» են առաջարկում իրենց հասարակություններին։ Այդ ամենի մեջ առանձնապես հետաքրքիր է, որ «սահմանազատման» ամենից ակներև արդյունքն է դառնալու Կոսովոյի անդամակցումը ՆԱՏՕ-ին, Ալբանիայի՝ դաշինքի ներկայիս անդամի հետ երբեք գոյություն չունեցած «Մեծ Ալբանիայի» կազմում միավորվելու ճանապարհով։

ԿոսՄետի վերաբերյալ ընդդիմության այդպիսի նամակից հետո տրամաբանական դարձավ բողոքի կազմակերպիչների որոշումը՝ ԿոսՄետից հրավիրել սերբ նշանավոր քաղաքական գործիչ և Սերբիայի կառավարության նախկին նախարար Ռադա Տրայկովիչին, որի խոսքը բավական հուզառատ լինելով, մեծ տպավորություն է գործել հավաքված ժողովրդի վրա։

«Վուչիչը փոխզիջում ունի բոլորի հետ՝ և՛ Թաչիի, և՛ Հարադինայի, և՛ ամերիկացիների, բայց միայն ոչ Սերբիայի ազնիվ ժողովրդի,- ասել է Ռադա Տրայկովիչը։- Այդ փոխզիջումը հակասում է Սերբիայի Սահմանադրությանը, թիվ 1244 բանաձևին, խելացի մարդկանց կարծիքին, դա ազգային դավաճանության փոխզիջում է»։

Վուչիչին սերբ հասարակության հղած նամակը կարդալուց և Ռադա Տրայկովիչի հայտարարություններից հետո արդյոք արժե՞ զարմանալ, որ հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներ հունվարի 12-ին հնչեցրել են հիմնականում երկու կարգախոս. «Косово је Србија», այսինքն՝ «Կոսովոն դա Սերբիան է», և «Մա՛հ դավաճաններին»։

Հիշում եմ 90-ական թվականների կեսը։ Սերբերի հետ հանդիպման ժամանակ (Երևան էին եկել 1988թ. երկրաշարժի գոտում տուժած հայերին օգնության շտապած ու զոհված հարավսլավական օդաչուների ընտանիքները), ես և ընկերներս մեկ անգամ չէ, որ խոսել ենք սերբ և հայ ազգերի բոլոր ցավոտ հարցերի մասին։ Սերբերը 90-ականների կեսին ուղղակիորեն ասում էին՝ «Մեր Կոսովոն նույնն է, ինչ ձեր Արցախը, ոչ մի դեպքում չենք հանձնի»։ Արդեն կոմունիստների տապալումից և Հարավսլավիայի լուծարումից հետո նույնիսկ արևմտամետ սերբ քաղաքական գործիչ Վուկ Դրաշկովիչն արևմտյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է. «Կոսովոն սերբական Երուսաղեմն է»։ Չօգնեց. ԱՄՆ-ը միայն սիոնիստներին կարող է երաշխավորել իրենց Երուսաղեմը։ Սերբերին իրենց՝ սերբական Երուսաղեմը թողնել ամերիկացիները մտադիր չեն, նրանք նվիրում են դա եկվոր ժողովրդին… Ահա թե ինչու են տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր «արթնացող» սերբերի արդարության բոլոր հույսերը կապված ոչ թե սեփական քաղաքական գործիչների, այլ… այո՛, ինչպես և 19-րդ դարի երկրորդ կեսին, Ռուսաստանի հետ։

Սերբ ժողովուրդն ուժ գտավ ըմբոստանալու։ Դարձյալ առաջին պլանում է սերբական պատմական հողերի նկատմամբ արդարությունը, այլ ոչ թե «կոռուպցիան», «ապակոմունիստականացումը» և մնացյալ կարգախոսներն ու նպատակները։ Դիմում եմ այն բոլոր հայերին, որոնք, ինչպես մեր մեծ հայրենասեր Լեոնիդ Ազգալդյանը, պատրաստ են այսօր էլ՝ 2019 թվականին, դուրս գալ հրապարակ ու գոռալ ցանկացած իշխանության առջև՝ «Արցախը դա Հայաստանն է, ու վե՛րջ»։ Ո՛չ մի գաղտնի բանակցություն ժողովրդի թիկունքում»։ Եկեք չխաբենք միմյանց. սերբ ժողովրդի համբերատարության հետ զուգահեռը մեր պարագայում միանգամայն ուղղակի է։ Նրանցից խլել են ԿոսՄետը, մեզանից ուզում են խլել Արցախը։ Եվ էլի լոկ մեկ նրբերանգ. Սերբերն, այնուամենայնիվ, ինչ-որ մեկին ապավինում են։ Մենք չպետք է ակնկալենք, թե ինչ-որ մեկը մեզ կփրկի։ Հայ ազգ, պայքարի ել հանուն Հայաստանի, հանուն Արցախի, ել ամենո՛ւր։ Եկեք ազգովի ապացուցենք, որ մենք Լեոնիդ Ազգալդյանի ժողովուրդն ենք, այլ ոչ թե դավաճանների ժողովուրդ։ Պահանջում եմ, որ մեր ազգը չսպասի ո՛չ մեկ, ո՛չ էլ ութ տարի․․․

 

Սերգեյ Շաքարյանց