Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի քառորդ միլիոն տեղահանված հայությունը, որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:

Պատմական արդարությունը վերականգնելու և իր ինքորոշման իրավունքն իրացնելու նպատակով ոտքի ելած Արցախի հայության ձայնը լռեցնելու համար Բաքվի իշխանությունները Գորբաչովի վարչախմբի թողտվությամբ իրագործել են ծրագրված ցեղասպանություն ադրբեջանահայության նկատմամբ: Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում է իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից:

Հարգելով Բաքվի կոտորածին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է  այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում,

պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի` 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

կոչ է անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հակահայկական քարոզչության դեմ,

վերահաստատում է, որ Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն, և Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»: