Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է ԻՊ-ի հետ ամերիկացիների կապի ապացույցների մասին

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Աֆղանստանում ԱՄՆ-ը օգտագործում է ահաբեկիչներին հօգուտ իր շահերի։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները կարող են սերտորեն կապված լինել ՌԴ-ում արգելված ԻՊ-ի հետ։ Ռուսաստանի ԱԳՆ-ում որոշակիացրել են, որ խոսքը վերաբերում է Աֆղանստանում ահաբեկիչներին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնության «եթե ոչ անմիջական, ապա անուղղակի» վկայություններին։

«Ուշադրություն ենք հրավիրում ԻԼԻՊ-ականների հետ ամերիկացիների եթե ոչ անմիջական, ապա անուղղակի կապերի առնչությամբ շարունակաբար ստացվող վկայություններին,- նշված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում։ – Խոսքը վերաբերում է թալիբների շարժման հայտարարությանը՝ աֆղանական Բադղիս նահանգում թալիբների բանտերից մեկի գրավման նպատակով ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի նպատակաուղղված ճեպագրոհի մասին։ Բոլոր այդ անձինք հատուկջոկատայինների կողմից տարվել են անհայտ ուղղությամբ։ Ձեռնարկելով այդօրինակ գործողութուն, ԱՄՆ-ն արդյոք չի՞փորձել թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էին հաղորդել ԻԼԻՊ-ի գրոհայիններն իրենց իրական հովանավորների մասին»։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են նաև, որ Բադղիսի բանտից ամերիկացիների դուրս բերած անձանց մեջ կարող են լինել ՌԴ և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ։

Վրդովեցուցիչ են հենց նույն Աֆղանստանում ԻՊ-ի հետ գործակցության մեջ Ռուսաստանին մեղադրելու ամերիկացիների փորձերը, նշված է ՌԴ ԱԳՆ նույն հաղորդագրության մեջ։

Ռուսաստանյան դիվանագետների վարկածով, ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկատվական «ներլցումներ» են նախապատրաստում՝ Ռուսաստանի զինվորականներին վարկաբեկելու նպատակով։ ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին աջակցել Աֆղանստանում իրավիճակի խաղաղ կարգավորմանը։

2018թ․ ապրիլին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեղադրել է ԱՄՆ-ին ԻՊ-ի դեմ պատերազմել չցանկանալու մեջ, և, որպես իր վարկածի ապացույց, բերել Աֆղանստանի օրինակը, որտեղ ամերիկացիներն իրենց ռազմական ներկայության 17 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան խաղաղություն հաստատել։