ԱՄՆ-ում խոստովանել են՝ ռուսները «չորրորդ չափման արդյունավետ» զենք ունեն

Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին Ռուսաստանում ձերբակալեցին ԱՄՆ-ի քաղաքացի Փոլ Նիկոլաս Ուիլանին։ Ըստ մամուլի հրապարակումների, 2008թ․ նա ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսից հեռացվել է գողության պատճառով։ Ռուսաստանում նա եղել է 2007 թվականից։

Ամերիկացու ձերբակալությունից հետո ռուսաստանյան իշխանությունները հայտարարեցին, որ Ուիլանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության մեջ․ այն է՝ ամերիկացին պատրաստվում էր վնաս հասցնել Ռուսաստանի ազգային անվտանգության շահերին գերնորագույն զենքի մշակման և արտադրության ոլորտում։ Արդեն դեկտեմբերի 29-ից ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ները սկսեցին մեղադրել Ռուսաստանին այն բանում, թե իբր Մոսկվան ձերբակալել է Ուիլանին միայն այն պատճառով, որ ցանկանում է «օգտագործել մարդկանց ճակատագրերը քաղաքական նպատակներով»։ Ինչպես հայտնի է, հենց ի պատասխան այս մեղադրանքի, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 9-ին հայտարարեց, որ Մոսկվան երբեք չի օգտագործում մարդկանց որպես խաղազինվորներ դիվանագիտական խաղում։

Եվ, ահա, հունվարի 1-ին, ինչպես ասում են, մոտեցավ հանգուցալուծումը։ Պարզվում է, ԱՄՆ-ի իշխանությունները կողասրահային կարգով Մոսկվային առաջարկել են «փոխանակություն»․ ձերբակալված լրտես Ուիլանին՝ ռուսաստանցի ուսանողուհի Մարիա Բուտինայի հետ։ Վերջինս ներկա պահին գտնվում է ամերիկյան բանտում։ ԱՄՆ-ի իշխանությունները Բուտինային ձերբակալել են անցած տարվա ամռանը և մեղադրում են օտար պետության օգտին գործունեություն վարելու նպատակ հետապնդող դավադրության մեջ։ Դեկտեմբերին նա մասամբ ընդունել է իր մեղքը։ Այդ մեղադրանքները Կրեմլում համարում են անհիմն, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ը գտնում է, որ Բուտինան ենթարկվել է կտտանքների։ Համենայն դեպս, հայտնի է, որ ձերբակալությունից անմիջապես հետո Բուտինան կտրականապես ժխտում էր հակաամերիկյան որևէ ծրագրերի ու մտադրությունների առկայությունը, բացառում իր առնչությունը ռուսաստանյան հետախուզական ծառայություններին և այլն։ Ռուսաստանյան մի շարք աղբյուրներում Բուտինային համարում են քաղաքական ակտիվիստուհի, նույնիսկ ձեռներեց և հրապարակախոս։

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև այդ հերթական «լրտեսական սկանդալի» ամենասկզբում ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն իր հայտարարությամբ տեղեկացրեց էր, որ Բուտինային մեղադրանք է ներկայացված «դավադրության մեջ՝ ԱՄՆ-ի տարածքում որպես Ռուսաստանի Դաշնության գործակալ գործողություններ իրականացնելու նպատակով, առանց երկրի գլխավոր դատախազին նախապես ծանուցելու»։ Այսինքն՝ Բուտինային, համենայն դեպս, չէին մեղադրում ԱՄՆ-ի դեմ և Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ Միաժամանակ բոլորին էլ հասկանալի է, որ ԱՄՆ-ի տարածքում գտնվելու այդօրինակ նպատակի մասին (եթե նույնիսկ այդպիսի նպատակ իրականում եղել է) ոչ ոք պարտավոր չէ տեղեկացնել ԱՄՆ-ի գլխավոր դատախազին։ ԱՄՆ արդարադատության նախարարության այդ նախնական ձևակերպումից հետևում է, որ Բուտինայի գտնվելը Միացյալ Նահանգներում, ի սկզբանե, օրինական էր ու թույլատրված, իսկ նրան առաջադրված մեղադրանքը՝ շինծու։

Իսկ Ուիլանի վերաբերյալ, ինչպես հաղորդում էին ռուսաստանյան աղբյուրները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ մամուլի ծառայությանը, ստույգ տվյալներ կան, որ նա կալանվել է «լրտեսական ակցիա անցկացնելիս», իսկ այնուհետ ձերբակալվել դատարանի որոշմամբ։ Այդ իսկ պատճառով ՌԴ ԱԳՆ-ը հաղորդել է ԶԼՄ-ներին, որ «լրտեսության մեջ մեղադրվող Փոլ Ուիլանին չեն փոխանակի ԱՄՆ-ում ձերբակալված ռուսաստանցի Մարիա Բուտինայի հետ»։ Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամերիկացուն արտասահմանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հետ փոխանակելու մասին խոսք չի գնում, և Փոլ Ուիլանին դատավարություն է սպասվում։ ՌԴ ԱԳՆ-ում հաստատել են, որ տղամարդուն մեղադրանք է ներկայացված ՌԴ քր. օր․-ի 276-րդ հոդվածով («Լրտեսություն»), տվյալ պահին նա պահվում է «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Ըստ ՌԴ իշխանությունների, ինչպես արդեն նշեցինք, ամերիկացին պատրաստվում էր վնաս հասցնել Ռուսաստանի ազգային անվտանգության շահերին գերնորագույն զենքի մշակման և արտադրության ոլորտում։ Հայտնի իրողություն է, որ ԱՄՆ-ին հիմա խիստ անհանգստացնում են Ռուսաստանի ունեցած հիպերձայնային զենքերը։ Հունվարի 11-ին ամերիկացի պաշտոնաթող գեներալ-մայոր Հովարդ Թոմփսոնն ուսումնասիրելով Միթչելի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի զեկույցը ռուսաստանյան նորագույն զինատեսակների վերաբերյալ, ամերիկյան «The Hill» թերթում գրել է․ «Ցավոք, հիպերձայնային զենքի մշակման և փորձարկումների ոլորտում ռուսաստանյան հետազոտությունները մեծապես առաջ են անցել ԱՄՆ-ից։ Մարտագլխիկները, որոնց արագությունը բազմապատիկ գերազանցում է ձայնի արագությանը, ունեն չորրորդ չափման արդյունք և համահարթում են հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող միջոցները։ Ռուսաստանյան հիպերձայնային սահաթռչող համալիրը, որը հայտնի է «Ավանգարդ» անվանմամբ, հաջող փորձնական թռիչք անցավ դեկտեմբերին։ Սահաթռչող բլոկն իբրև հասել է ձայնի արագությանը 27 անգամ գերազանցող արագության։ Ռուսաստանցիները պնդում են նաև, որ այդ համակարգն այժմ դրված է արտադրության և պատրաստ է թողարկման»։

Այնուհետ Թոմփսոնը գանգատվել է, որ ԱՄՆ-ը ներկայումս չունի այդօրինակ զենք, իսկ Կոնգրեսի անդամները չեն հասկանում նորագույն սպառազինության առավելությունները։

«Դաժան իրականությունն ամփոփված է նրանում, որ հակահրթիռային պաշտպանության մեր ներկայիս համակարգերը, ինչպես նաև մեր օպերատիվ մտածողությունը պարզապես անկարող են դիմակայել այդ սպառնալիքին»,- գրել է Թոմփսոնը։

Պարզաբանենք, որ «չորրորդ չափման արդյունք» հասկացության էությունն ամփոփված է մարտական հարվածների արագության որակական աճի մեջ։ Հարվածների արագության այդ աճն այն աստիճան բարձր է, որ հակառակորդը ժամանակ չի ունենում որոշում ընդունելու համար, և նրա հակահրթիռային պաշտպանությունն անօգուտ է լինում։ Հիշենք, թե ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կատարած իր այցի ժամանակ ինչպես էր քամահրալից արտահայտվում ռուսաստանյան զենքի մասին, ըստ էության, ակնարկելով, որ Հայաստանը «պետք է փոխվի» և փոխի իր գերակայությունները զենքի գնման հարցում․

«Եվ ես հաղորդել եմ Հայաստանի պարոն վարչապետին, որ եթե խոսքը վերաբերում է ռուսաստանյան ռազմական տեխնիկա գնելուն, թե ամերիկյա՞ն, ապա մենք, իհարկե, կնախընտրեինք երկրորդ տարբերակը,- ասել էր Բոլթոնը։- Ամերիկյան զինատեսակներն ամեն դեպքում ռուսականից լավն են։ Եվ դա (Հայաստանի կողմից ամերիկյան զենքի գնումը․- Ս․Շ․) էականորեն կբարձրացներ երկրի հնարավորությունները։ Այդ դեպքում նա կդադարեր զենքի մատակարարների հարցում լիովին կախված լինել մեկ տերությունից»։

Չեմ կարծում, թե միստր Բոլթոնը 2019թ․ հունվարին պատրաստ կլինի հապարակավ հերքել գեներալ-մայոր Հովարդ Թոմսոնի խոսքերը։ Եվ, համաձայնենք, «չորրորդ չափման արդյունքով» ռուսաստանյան զենքի գաղտնիքների կորզումը իսկապես կարող է լինել և՛ Փոլ Ուիլանի, և՛ ՌԴ-ում գտնվող ԱՄՆ այլ քաղաքացիների նպատակը։ Այնպես որ, ըստ երևույթին, «Ուիլան-Բուտինա» գործի կարգի լրտեսական սկանդալներ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև դեռ շատ կլինեն։

 

Սերգեյ Շաքարյանց