Կարմրուկի բռնկում Վրաստանում

Վրաստանում վերջին երկու շաբաթում կտրուկ ավելացել են կարմրուկով հիվանդացության դեպքերը: «Ինտերֆաքսի» տեղեկացմամբ, այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Վերջին երկու շաբաթում մեզ մոտ կարմրուկով հիվանդանալու լուրջ դինամիկա է արձանագրվել,- հայտարարել է Գամկրելիձեն:- Մոտ օրերս կառավարությունը որոշում կընդունի այդ հիվանդության դեմ պայքարի արմատական միջոցների մասին: Մենք պետք է գիտակցենք, որ երկրում կարմրուկով հիվանդանալու բռնկում կա, և բնակչությունը պետք է դիմի անվճար պատվաստումների»։

Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով, հունվարի սկզբից երկրում արձանագրվել է հիմնականում երեխաների և մինչև 40 տարեկան քաղաքացիների՝ կարմրուկով հիվանդանալու 312 դեպք։