«Սասնա ծռերը» չէր ապստամբի Փաշինյանի դեմ, եթե Գյումրիում վայրէջք կատարեին ամերիկյան F 16-ները` «СУ 30СМ»-ների փոխարեն (տեսանյութեր)

Տղերքը հայտարարել են «վոժդի» դեմ ապստամբության մասին, Սորոսը վկա, «Սասնա ծռեր»-ի համբերության բաժակը լցվել և արդեն նույնիսկ սկսել է թափվել:

Եթե «Սասնա ծռեր» էպոսը կյանքում գոնե մեկ անգամ կարդացած չլինեք, կայարանամերձ հրապարակում Սասունցի Դավթի ու նրա տակի նժույգի` Քուռկիկ Ջալալու արձանը տեսած կլինեք: Մտապահած կլինեք, թե հերոսի նժույգն ինչպես է ետևի աջ ոտքի սմբակով տվե՜լ ու թափել համբերության բաժակը կամ թասը: Ահա հենց այդպես էլ «Սասնա ծռեր»-ի հերսոտած տղերքը սույն թվականի դեկտեմբերի 27-ին տվին ու թափին իրենց համբերության բաժակը: Համբերության չիբուխի գնալով դառնացող ծուխը ներս քաշել ու սպասել, թե Փաշինյանը երբ կանի իրենց ուզածը, այլևս չէին կարող: Բա՛:

Ոչ թե սոսկ սենսացիոն, այլ նույնիսկ գրեթե դարակազմիկ այս իրադարձության լուրը հասավ ոչ միայն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն և անձամբ ԱՄՆ-ի դեսպանին, այլև դեսպանատնից Երևանյան լճի վրայով սուրալով, հետո կտրեց-անցավ Ատլանտյան օվկիանոսը, հասավ Սորոս պապիկին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտ և, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ Սպիտակ տուն:

Ավելորդ չեմ համարում մեջբերել «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի շուրթերով ներկայացված «Սասնա ծռեր»-ի հայտարարությունից մի քանի հատված.

«Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը կամ, ավելի ստույգ, համակարգային փոփոխությունների գործընթացը ձախողման եզրին է: Հայաստանի Հանրապետությունը, Արցախը` ներառյալ, մնում է համակարգային ճգնաժամի մեջ» (Արցախը հանգիստ թողեք, բայց Հայաստանում համակարգային փոփոխությունների գործընթացը ոչ թե ձախողման եզրին է, այլ ձախողված է արդեն.- Ա. Հ):

«Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն (կամքն ու կարողությունը դեռ մի կողմ, իսկ ցանկություն ունեցե՞լ է, ունի՞.- Ա. Հ.): Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ` մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները: Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ, իրական սպիտակների բևեռ»։

«Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը։ Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն` որդեգրելով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք»:

Ի՞նչ, իրավական միջոցներո՞վ… «Սասնա ծռեր» և իրավական միջոցնե՞ր… Տղերք, այսքան ծիծաղեցնել չի կարելի, սիրտ է, բա որ հանկարծ չդիմանա, մեղք ենք, դեմն էլ ախր Նոր տարի է: ՊՊԾ գնդի գրավո՞ւմն էլ էր իրավական միջոցներով, թե դա դուք չէիք… Գուցե ՊՊԾ գնդի գրավումը, ոստիկանների սպանությունն այդ իրավական միջոցներից մե՞կն էր, այսպես ասած, ժողովրդի ապստամբելու իրավունքի վառ արտահայտություն, որը, եթե Փաշինյանը համառորեն չկատարի ձեր պահանջները, վաղը կամ մյուս օրը կարող եք կրկնել ՀՀ կառավարության շենքը գրավելով:

«Սասնա ծռերը» Փաշինյանին արմատական ընդդիմություն լինելու մասին հայտարարեց` չնայած այն բանին, որ իր անդամներից ոմանց քրեական պատասխանատվության փոխարեն, ՀՀ վարչապետի ընդունելությանն արժանացավ, Գարեգին Չուգասզյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ ընդամենն օրերս էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշում կայացրեց դադարեցնել քրեական հետապնդումը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ (որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ հիշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Փաշինյանի ցուցումով…):

«Սասնա ծռեր»-ի` Փաշինյանին որպես արմատական ընդդիմություն հանդես գալու պատճառը, անշուշտ, այն չէ, որ ՀՀ վարչապետը կողմ է հանդես գալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, իսկ «Սասնա ծռերը» դեմ է դրան (ի տարբերություն «Կամք»-ի և այլ ազգային ուժերի, «Սասնա ծռեր»-ի դեմ լինելը ոչ տեսանմք, ոչ լսեցինք): Ոչ էլ այն է, որ այս իշխանությունները պատրաստվում են ընդունել դեռ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում գրված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի 197-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև անձի նկատմամբ, ըստ նրա սեռական կողմնորոշման, խտրականություն կիրառելու համար, այսինքն` համասեռամոլների, տրանսվեստիտների թանին թթու ասելու, նրանց կողմից, օրինակ, այլասերման քարոզին ընդդիմանալու համար:

«Սասնա ծռեր»-ի` Փաշինյանին և նրա իշխանությանը որպես արմատական ընդդիմություն հանդես գալու պատճառը նաև այն չէ, որ Փաշինյանը թեկուզ որոշ եկեղեցականների թույլի, ընկածի վրա հարձակվելու, այսինքն` շնագայլի հատկանիշ վերագրելով, հայտարարել է նրանց բառի թե ուղղակի, թե փոխաբերական իմաստով ծնկի բերելու մասին: Բնավ այն չէ, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը սերտորեն համագործակցում են բազմաթիվ սորոսական կազմակերպությունների և գործիչների հետ, որոնք ձգտում են հասնել նրան, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը («Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում») հանվի:

«Սասնա ծռեր»-ի` Փաշինյանին ու գործող իշխանությանն արմատական ընդդիմություն դառնալու պատճառը նաև այն չէ, որ Փաշինյանն ու նրա շնորհիվ ԿԳՄՍ նախարարի պաշտոնին հայտնված Արայիկ Հարությունյանը ցանկանում են վերացնել հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Եվ ոչ էլ` ա՛յն, որ նրանք մտադիր են բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների ուսուցումը դարձնել ոչ պարտադիր: Թեև հիշյալ հայտարարությունում Վարուժան Ավետիսյանն իրենց ներկայացրեց իբրև ազգային ուժեր ու գործիչներ, փաստն այն է, որ այս ամենի դեմ «Սասնա ծռեր»-ը հանդես չի եկել:

Բնականաբար հետաքրքիր է, թե այդ ի՞նչ սև կատու է անցել սորոսական ծռերի և Սորոսի ազդեցության ներքո այս կամ այն չափով գտնվող, համենայն դեպս, իր և իր իշխանության շրջապատում սորոսականների պակաս չունեցող Փաշինյան Նիկոլի միջև, որ անտեսելով ընդամենը մի քանի օր առաջ Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ քրեական հետապնդման դադարեցման փաստը, երախտամոռ «Սասնա ծռերը» հայտարարեց Փաշինյանի ու գործող իշխանության նկատմամբ այլևս որպես արմատական ընդդիմություն հանդես գալու մասին: Իսկապես, «Սասնա ծռերն» ինչո՞ւ արմատական ընդդիմություն դառնալու վերաբերյալ այդպիսի ամպագոռգոռ հայտարարությամբ հանդես եկավ, ի՞նչ էր պատահել…

Հենց այստեղ էլ անդրադառնանք այն հարցին, թե «Սասնա ծռերը» «համակարգային փոփոխություններ» ասելով, ինչ նկատի ունի, հատկապես, ՀՀ արտաքին քաղաքականության ասպարեզում: Ունենք համապատասխան հիմքեր` եզրակացնելու, որ դա հենց Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելն է, Հայաստանը, ըստ իրենց, ռուսական գաղութացումից ազատագրելը, Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելը (Հայաստանն ԱՄՆ-ի գաղութ և ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու իրենց և իրենց ետևում կանգնած ուժի մտադրության մասին, իհարկե, չեն ասում): Չե՞նք սխալվում, չէ՞, տղերք, եթե սխալվում ենք, ուղղեք…

Հատկապես այդ «համակարգային փոփոխություններ»-ի իրագործման հարցում է, որ  ինչ-ինչ պատճառներով, թերևս իրատեսությունը չկորցնելով, թերանում է Սորոս պապիկի և արևմտյան այլ ուժերի վճռորոշ աջակցությամբ իշխանության բերված Նիկոլ Փաշինյանը, ինչը, դատելով ամենից, այլևս անհանդուրժելի է համարվում, և նույնիսկ այն աստիճանի, որ «Սասնա ծռերը» հայտարարեց Փաշինյանի իշխանությանը որպես արմատական ընդդիմություն հանդես գալու մասին: Բայց, հետաքրքիր է, թե ինչը լցրեց «Սասնա ծռեր»-ի համբերության բաժակը, Փաշինյանի հիշյալ դիրքորոշման մասին հո նոր չգիտեի՞ն…

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ «Սասնա ծռերը» վերոնշյալ հայտարարությամբ հանդես եկավ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռուսական «ՍՈւ 30 ՍՄ» բազմագործառույթային ժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակի ստացման արարողությանը ՀՀ վարչապետի մասնակցության, հանձին նշված կործանիչների ռուս օդաչուների, ռուսական կողմի հետ ջերմ հարաբերությունների ընդգծման, ինքնաթիռների ձեռքբերման կապակցությամբ Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում «Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը. «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ» գրառումը կատարելու հենց հաջորդ օրը: Սա այլևս անհանդուրժելի էր: Կարելի է պատկերացնել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմփեոյի սրտից ինչպես էր արյուն կաթում Փաշինյանի կողմից ինքնաթիռների դիմավորման կադրերը և նրա ֆեյսբուքյան գրառումը տեսնելով:

Արթուր Հովհաննիսյան

Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը. «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 26 декабря 2019 г.