Եթե 2013 թ․ գործը ճիշտ քննվեր, քանի՞ երեխաներ կփրկվեին ու մանկավաճառության զոհ չէին դառնա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են փաստաբան Մարատ Կոստանյանը և Սյուզաննա Պատվականյանը։

Գրեթե 20 տարի առաջ բժիշկ Ռազմիկ Աբրահամյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ անչափահաս Սյուզաննա Պատվականյանից խլել են նրա նորածին դստերը, որից հետո մայրն սկսել է անարդյունք փնտրել դստերը։ Իսկ յոթ տարի առաջ դատական գործընթաց է սկսել՝ իր երեխային իրենից խաբեությամբ և անօրինականորեն խլած բժշկի և նրա համախոհների դեմ, և յոթ տարի նախաքննական մարմինները, դատարաններն ի դերև են հանել նրա հույսերը։

Միայն վերջերս բացահայտվեցին մանկավաճառության ավելի քան երկու տասնյակ դեպքեր, որոնց կազմակերպիչների առանցքային դեմքը հենց Ռազմիկ Աբրահամյանն է, և երեխային կորցրած մայրն այժմ ավելի մեծ հույսեր ունի, որ արդարությունը կվերականգնվի, և նա կգտնի իր զավակին։

Մարատ Կոստանյանի հավաստմամբ՝ դեպքի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել՝ մասնավորապես կապված այն բանի հետ, թե երեխաների վաճառքով զբաղվող հանցախումբն ի՞նչ մեխանիզմներ է կիրառել ծնողներից նորածիններին խլելու համար։ Եվ նա կարծում է, որ այդ նոր երևան եկած հանգամանքների ու փաստերի շնորհիվ հնարավոր կլինի վերաբացել փակված գործը և այլ ընթացքով քննություն իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում