Ահա թե ում է նշանակել Փաշինյանը Հանրային խորհրդի նախագահ` բացահայտելով իր իրական դեմքը ՀՀ-ում ազատ մամուլի ու խոսքի ազատության հարցում

Օրերս համառոտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությում մամուլի և ազատ խոսքի նկատմամբ ՀՀ ներկայիս իշխանությունների իրական վերաբերմունքը, Գեղամ Նազարյանը Top-News.am-ում գրել է.

«Yerevan.Today-ը խուզարկում են ու տեխնիկան տանում, իբր ուզում են իրավական պետություն կառուցել: «Հայելիի» վրա ձու են նետում, մնում անպատիժ, «Ժողովուրդ»‰օրաթերթի օֆիսն են տակնուվրա անում, իսկ մինչ օրս հանցագործները բերման չեն ենթարկվում (հիմա ձեռնաշղթաներով բերման են ենթարկում ուսխորհրդի նախագահներին): «Բլոգնյուզի» խմբագրին են հրավիրում ԱԱԾ, News.am-ից ինչ-որ անհասկանալի պահանջով գրասենյակ են գնում, իհարկե, կրկին իրավական պետություն կառուցելու համար: «Կենտրոնի» լրագրողն ու օպերատորը խուժանի կողմից, «հպարտների» եւ «դուխովների» կողմից հարձակման են ենթարկվում: Յուրաքանչյուր հոդվածի հեղինակ ֆեյսբուքում արժանանում է հայհոյանքների եւ անեծքների, եթե համարձակվում է քննադատել գործող իշխանություններին եւ հատկապես վարչապետին»:

Խոսքը Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ պարբերաբար իրականացվող բացահայտ ու քողարկված հարձակումների մասին է, ըստ վերոնշյալ հրապարակման հեղինակի, «Իշխանության եկած քաղաքական ուժն այլեւս չի կարողանում թաքցնել, որ տանել չի կարողանում իրենից անկախ գործող լրատվամիջոցների գործունեությունը»:

Հանրությունն օրերս տեղեկացավ նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալության, ապա նաև գիշերը նրա բնակարանի խուզարկության, դատարանի կողմից Թավադյանին առնվազն 2 ամսով կալանավորելու որոշման մասին: Թեև «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբով սուտ ցուցմունք տալու համար կաշառելը կամ պարտադրելը, սակայն բացառված չէ, որ Թավադյանին մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, ընդհանրապես, նրա նկատմամբ քրեական հետապնդման բուն նպատակը «5-րդ ալիք»-ը լռեցնելը կամ հեռուստաընկերությանը զսպաշապիկ հագցնելն է:

Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ հայտարարությամբ հանդես եկան «Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը: Նրանց հայտարարության մեջ նշված է.

«Անկախ ԶԼՄ-ի սեփականատիրոջ հանրային դիրքն այնպիսին է, որ չկայացած ժողովրդավարություններում ցանկացած քաղաքական իշխանություն կարող է գայթակղություն ունենալ «իրավական» գործիքակազմով ներազդել այդ անձանց վրա՝ իրական թիրախ ունենալով բուն լրատվամիջոցը:

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին լուրերը, առնվազն, նման տպավորություն են թողնում։ Հանրային իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատությունը խոչընդոտող կամ այն կասկածի տակ դնող որևէ գործողություն դատապարտելի է և պիտի արժանանա հանրության աներկբա դիմադրությանը»:

Իսկ այսօր հայտարարությամբ հանդես եկավ արդեն «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը:

«5-րդ ալիքի» լրագրողական թիմը մտահոգություն է հայտնում հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորման առիթով:

Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ  քրեական  գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի նրա անձնական կապերի համար:

Սա նաեւ «5-րդ ալիքի» վրա հոգեբանական եւ ֆինանսական  ճնշման  ամենախայտառակ օրինակն  է, որը տեղավորվում է ազատ լրատվամիջոցների դեմ  արշավի տրամաբանության մեջ:

Հեռուստաընկերությունը ստեղծման օրից ստիպված է հաղաթահարել մի շարք դժվարություններ, որոնք հիմնականում կապված են իշխանության կողմից ատելության խոսքի  քարոզի, լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելու պետական քաղաքականության հետ:

Պետական հաստատություններից հանրային նշանակության տեղեկություններ ստանալը մեր լրագրողների համար դարձել է գրեթե անհնար, կառավարության անդամներից, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկնաբանություն  ստանալու ջանքերը առավել հաճախ  դատապարտվում են ձախողման.  նրանք հիմնականում մերժում են հեռուստահաղորդումների, բանավեճերի մասնակցելու մեր հրավերները, դեպքի վայրում անհարգալից վերաբերմունք են դրսեւորում հեռուստաընկերության թղթակիցների հանդեպ:  Նույնիսկ մասնավոր զրույցներից մեկում ակնարկել են, որ մեզնով կզբաղվեն համապատասխան կառույցները:

Հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը, հանրային կարծիքը «5-րդ ալիքի» դեմ տրամադրելու  իշխանության բացահայտ եւ քողարկված քայլերը, համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ, ոտնձգություն խոսքի ազատության  հանդեպ:

Հաշվի առնելով, որ վերջին մեկուկես տարում բացի  «5-րդ ալիքից» ապօրինի գործողությունների թիրախում են հայտնվել մի շարք լրատվամիջոցներ («Yerevan.today», «News.am», «Aysor.am», «Hayeli.am», «Հրապարակ» օրաթերթ, «Ժողովուրդ» օրաթերթ, «Կենտրոն» Հ/Ը), կոչ ենք անում քաղաքական ուժերին,  տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին, լրագրողական կազմակերպություններին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին հանդես գալ Հայաստանում  լրագրողների  իրավունքների, ազատ  լրատվամիջոցների, խոսքի ազատության պաշտպանությամբ:

Չնայած խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանության լայն գործիքակազմին, «5-րդ ալիքի» լրագրողները շարունակելու են անել առավելագույնը,  որպեսզի հանրային խաթարված համերաշխության պայմաններում ապահովեն  հնարավորինս հավասարակշռված լրատվություն:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բազմահազարանոց լսարանին հավատարմության եւ աջակցության համար»:

ՀՀ վարչապետի աթոռին տիրացած, ի դեպ, նախկինում լրագրող ու գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է ասել, թե ԶԼՄ-ների ու լրագրողների, վերջին հաշվով, ազատ խոսքի դեմ վերոնշյալ գործողություններից որևէ մեկն իր հրահանգով չի արվել, որոշներն էլ զուտ իրավական գործընթացներով են պայմանավորված, որոնք առանց իր միջամտության, իրավապահ մարմինների կողմից են իրականացվում և, ինչպես, օրինակ, «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդումը, որևէ կապ չունեն ԶԼՄ-ների, լրագրողների նկատմամբ ճնշման, նրանց նկատմամբ հաշվեհարդարի և խոսքի ազատության  հանդեպ ոտնձգության հետ: Կարող է ասել, թեև այլ հարց է, թե քանիսը և ովքեր կհավատան նրան:

Սակայն կա մի փաստ, մի իրողություն` իր դեմ հանցանշանի նման, որից նա, «կրուտիտների» վարպետ լինելով հանդերձ, դժվար թե կարողանա խույս տալ: Դա իր իսկ կողմից ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՄԱՀԻԻ-ի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանին օրերս Հանրային խորհրդի նախագահ նշանակելու փաստն է: Այսինքն` մեր հանրության կարծիքն ու խորհուրդներն իրեն ներկայացնելու կոչված մարմնի ղեկավարի բարձր, կարևոր ու պատասխանատու պաշտոնում մի վատահամբավ անձի նշանակումը, որը հրապարակավ արգելել է 2019թ. հոկտեմբերի 29-ին նախատեսված «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan today», «7or.am», «Livenews.am», «5-րդ ալիք», «Երկիր մեդիա» ԶԼՄ-ների և այլ լրատվամիջոցների լրագրողների և օպերատորների ներկայությունը «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկմանը, նույնիսկ սպառնացել, որ սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից։

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը միանգամայն անընդունելի է համարել լրատվամիջոցներին այդպես տեսակավորելը և խտրականություն սահմանելը հատկապես այն կազմակերպության՝ ՄԱՀՀԻ-ի կողմից, ուր ինքը քանիցս հաճույքով հյուրընկալվել է:

«Սա դեմ է բազմակարծության ապահովմանը և խոչընդոտ է լրագրողների մասնագիտական աշխատանքին,- ասել է Նարինե Մկրտչյանը։-  Իհարկե, ՄԱՀՀԻ-ին ազատ է որոշելու, թե ում հրավիրի կամ ոչ, ի վերջո, ցանկացած կառույց կարող է նաև փակ, չլուսաբանվող քննարկումներ անել, սակայն  որոշակի ԶԼՄ-ների արգելել մուտք գործել քննարկմանը՝ անընդունելի է: Մանավանդ որ, ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից ֆինանսական հատկացումներ է ստանում նաև Հայաստանում ժողովրդավարության  կայացման համար»:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, որը նաև «168.am»-ի խմբագիրն է, ասել է, որ եթե նույնիսկ իր խմբագրած լրատվամիջոցն այդ ցանկում չլիներ, միևնույն է, ինքը դատապարտելու էր նման վերաբերմունքը։

«Սա առաջին դեպքը չէ, մեկուկես տարի է, մենք ականատես ենք լինում, որ լրագրողներին, ինչպես նաև ողջ հասարակությանընբաժանում են սևերի ու սպիտակների։ Հիշենք, որ լրատվամիջոցների ցանկ էին կազմել ու պաշտոնյաները, իշխանական պատգամավորներն իրենց հետևորդներին հրահանգում էին, թե ինչը կարդալ, ինչը չկարդալ։ Կամ ինչպես հիշում եք, Նիկոլ Փաշինյանը լայվ էր մտել ու հայտարարում էր, որ լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների հովանավորության ներքո են։ Սա էլ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ցավոք, նման շահարկումների առարկա են դառնում նաև նման թեմաները, որոնք հետաքրքրում են հասարակության լայն զանգվածներին»:

Ժուռնալիստների միության նախագահն ասել է նաև. «Սա դատապարտելի երևույթ է, ոտնձգություն է ժողովրդավարական արժեքների, խոսքի և մամուլի ազատության նկատմամբ, այն պետք է դատապարտվի»:

Թեև «Panorama.am»-ը ԶԼՄ-ների վերոնշյալ խմբում չկա, սակայն նրա գլխավոր խմբագիր Անահիտ Ոսկանյանն ընդգծել է, որ նման անհարգալից մոտեցումը մարդկանց, լրատվամիջոցներին անհարիր է, մանավանդ, Հանրային խորհրդի անդամին:

Վերոնշյալ խայտառակ փաստը նաև այսպիսով լայնորեն լուսաբանվել է հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից, և Փաշինյանը կամ նրան իրազեկելու պարտավորություն ունեցող նրա մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ինչպես ասում են նման դեպքերում, պետք է էշի ականջում քնած լինեին` այդ ամենին անտեղյակ լինելու համար:

Չէին կարող տեղյակ չլինել` առավել ևս, որ Ստյոպա Սաֆարյանը չի սահմանափակվել սոսկ վերը նշվածով, այլ նաև հրապարակավ վիրավորել է մեր գործընկերոջը` «Livenews.am»-ի լրագրող Թագուհի Ասլանյանին, ինչը նույնպես ԶԼՄ-ներով ներկայացվել է, ինչպես և այն, որ տվյալ վիրավորանքի համար լրագրողը դատի է տվել Ստյոպա Սաֆարյանին, ու նրա դեմ քաղաքացիական հայցն արդեն ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Ահա թե ում է նշանակել Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նախագահ` դրանով իսկ հերթական անգամ ցույց տալով իր իրական դեմքը, ինչպես նաև իրական վերաբերմունքը Հայաստանում ազատ մամուլի ու խոսքի ազատության նկատմամբ:

Արթուր Հովհաննիսյան