«6 ամիս առաջ զգուշացրել էին՝ եթե հրաժարական չտաս, ապա մի օր մեղադրանք կառաջադրվի». Հրայր Թովմասյան (տեսանյութ)

«Այն, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու ինձ, վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ իքս, իգրեկ, զեթ քայլերը չանելու համար Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի: Մի օր կխոսեմ այդ ամենի մասին, իսկ իքս, իգրեկ քայլերը հրաժարական տալն էր: 308-ի երկրորդ մասով ինձ մեղադրանք առաջադրելը ոչ մի բան իմ կյանքում չի փոխել և չի կարող փոխել: Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ և ես իրան ասացի, որ որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական պրոցեսների մեջ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը` անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և հարցաքննությանը՝ հավելելով, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ:

խոսելով Սահմանադրական դատարանի մյուս դատավորների մաասին՝ Թովմասյանը առանձնահատուկ ընդգծեց ՍԴ անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Արևիկ Պետրոսյանի, Արման Դիլանյանի անունները, և նշեց, որ Վահե Գրիգորյանը այդ ցուցակի մեջ չի մտնում․ «Կարծում եմ, որ շատերը վատ են ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին, նրանք ուժեղ մարդիկ են, հայրենասեր են, նվիրյալներ են, և եթե խաղաղ ժամանակահատվածում հերոսներ եք փնտրում, ապա նրանք այս շենքում նստած աշխատում են»։

«Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են՝ արդեն օրինական կաշառք անվանումը ստացած օրենքով գայթակղվել և գնալ դրան, ապա շատ ու շատ վատ են ճանաչում: Իմ թվարկած դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու: Թող ոչ մեկ չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու և մատուցելու են իրենց: Այսօր պայքար չի իրենց աթոռի համար, լրիվ հակառակն է, այսօր պայքար է, թե մենք վաղը  ինչպիսի դատական իշխանություն ենք ունենալու և ընդհանրապես ինչպիսի պետություն ենք ունենալու: Այդ մարդկանց համար՝ ստանալ անաշխատ եկամուտ, իմ կարծիքով, դա իրենցը չէ, իրենք չեն կարող նայել, թե որտեղ կա քանդված փողոց, դպրոց, բայց իրենք գնան նստեն տանը և այդ աշխատավարձը որպես եկամուտ ստանալ: Ես վստահեցնում եմ, որ այս ամբողջը քաղաքական պրոցես է և մեկ նպատակ է հետապնդում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ ներկա բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց և վստահեցնել, որ այն Հրայր Թովմասյանին, որին դուք ճանաչում եք, իրեն ոչինչ չի կասեցնելու և իմ թվարկած դատավորներին էլ ոչինչ չի կասեցնելու վաղվա դատական իշխանությունը, վաղվա երկիրը կերտելու»-ընդգծեց նա:

Հրայր Թովմասյանը հավելեց, որ իրավական մանրամասներին չի անդրադառնա, միայն նշեց, որ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին, և եթե սա քաղաքական պրոցես է, ապա իրավունքի մասին խոսելը անիմաստ է: «Ես հայտարարել եմ, որ և´ մեղադրանքի առաջադրումը, և´ խափանման միջոցի կիրառումը դրանք իրավունքի հետ աղերս չունեն»: Հարցին, թե շարունակելու է գործունեությունը, նա ասաց` բնականաբար այո:

Մանրամասները տեսանյութում։