Մեր թշնամին ինտենսիվորեն զինվում է՝ և՛ իր, և՛ իսրայելական և այլ երկրների արտադրության զենքերով, իսկ ի՞նչ ենք անում մենք

Իսրայելական կամիկաձե ԱԹՍ-ներ գնելուց բացի, Ադրբեջանը ռազմաարդյունաբերական ընկերություն է հիմնադրելու

Ադրբեջանական «Ազերսիլահ» ընկերության հիմնադրման նպատակը զենքի արտադրության ու արտահանման գործընթացի կարգավորումն է, հիշյալ հանրապետության սահմաններից ներս ու դուրս ռազմաարդյունաբերական արտադրանքի վաճառքը և այդ արտադրանքը ժամանակի վերջին ստանդարտներին համապատասխանեցնելը: Այս մասին Ադրբեջանի նախագահի կայքին հղում կատարելով, տեղեկացրել է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։

Ս․ թ․ հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, այդ երկրի կառավարությունը պարտավորվել է առաջիկա 3 ամսվա ընթացքում «Ազերսիլահ» ռազմաարդյունաբերական ընկերության հիմնադրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր կատարել: Ըստ Ալիևի հրամանագրի, մինչև նոր ընկերության պաշտոնական գրանցումը, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը կշարունակի իր գործունեությունը:

Թշնամին ոչ միայն զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերությունը, այլև արդիական ռազմատեխնիկա ու զենքեր գնում արտերկրից։ Վերջին գնումը «Sky Striker» նորագույն հարվածային անօդաչու թռչող սարքերն են եղել (ԱԹՍ), որոնք Ադրբեջանը գնել է իսրայելական «Elbit Systems» ընկերությունից։ «Sky Striker» ԱԹՍ-ները կարող են մեծ հեռավորությունից հասցնել ճշգրիտ մարտավարական հարվածներ: Իսրայելական «The Jerusalem Post»-ի տեղեկացմամբ, «SkyStriker» անվամբ հարվածային ԱԹՍ-ներն այն արտադրող «Elbit Systems»-ի կողմից ներկայացվում են որպես «լուռ, անտեսանելի և անակնկալ հարձակվող»։ Տվյալ ԱԹՍ-ն «ապահովում է առավելագույն ճշգրտություն և հուսալիություն», ինչն «առավելություն է ժամանակակից մարտադաշտում»: «SkyStriker»-ն անաղմուկ է շնորհիվ իր էլեկտրական շարժիչի անաղմուկ աշխատանքի։

Վերոնշյալ ԱԹՍ-ի առավելագույն արագությունը ժամում 185 կմ է, սակայն հարվածային փուլի ժամանակ այն կարող է սլանալ ժամում 555 կմ արագությամբ։ ԱԹՍ-ի առավելագույն թռիչքային քաշը 35 կգ է, այն կարող է տեղափոխել, թիրախին հասցնել մինչև 10 կգ ռազմամթերք, այդ դեպքում նրա թռիչքի տևողությունը 1 ժամից ավելին չէ, իսկ 2 ժամ կարող է թռչել միայն 5 կգ ռազմամթերք տեղափոխելու պարագայում։ Իսրայելական հիշյալ ԱԹՍ-ն առավելագույն արագությամբ թռչելու պարագայում 20 կմ հեռավորությունը կարող է հաղթահարել 6,5 րոպեում:

Ըստ ադրբեջանական «AzeriDefense» կայքի տեղեկությունների, Ադրբեջանը «SkyStriker»-ի առաջին միջազգային պատվիրատուն է: Կայքի տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիտարկում է նաև իսրայելական «Aerospace Industries»-ի արտադրության «Harop» ԱԹՍ-ները գնելու հնարավորությունը։

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով, Ադրբեջանն աշխարհում իսրայելական ռազմատեխնիկա գնող 3-րդ երկիրն է։ Մեր թշնամին միայն 2017թ․Իսրայելից  գնել է 137 մլն դոլար արժողության զենք ու ռազմամթերք: Ադրբեջանը վերջին տարիներին ոչ միայն իսրայելական ռազմական տեխնիկայի խոշոր գնորդն է, այլև Իսրայելին նավթամթերք մատակարարող հիմնական երկիրը։ Հիշենք, որ 2016թ․ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն իսրայելական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև հարվածային կամիկաձե ԱԹՍ-ներ օգտագործեց մեր զինուժի դեմ։