Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու սպառնալիքը հենց այնպես չէր, դրա իրականացմանը ձեռնամուխ են եղել սորոսականները

Թեկուզ որոշ եկեղեցականների բառի թե բուն, թե փոխաբերական իմաստով ծնկի բերելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խայտառակ հայտարարություն-սպառնալիքը հենց այնպես չէր։ Փոխաբերական իմաստով ծնկի բերելու սպառնալիքն արդեն իրագործման ընթացքում է, պարզապես այդ սպառնալիքն իրագործվում է Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի («Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան») և սորոսական մի շարք կազմակերպությունների ձեռքով կամ նրանց կողմից, որոնք շատ լավ են հասկացել վարչապետի ասածի իմաստը։

Ավելին՝ Փաշինյանի ազդարարած պատերազմը սորոսական կազմակերպությունները վարում են ոչ թե սոսկ առանձին եկեղեցականների, այլ ողջ եկեղեցու դեմ՝ նպատակ ունենալով ծնկի բերել հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հավանաբար շատերը կհիշեն, թե ամիսներ առաջ Լոս Անջելեսում պատասխանելով ամերիկահայերից մեկի հարցին, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, սակայն ովքեր մոռացել են, հիշեցնենք․

«Եվ երբ որ մենք ասում ենք, որ մենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, ասում են` ա, սա նախկին կառավարության նման չի, սա բան ա, թույլ կառավարություն ա, եկեք քանդենք այս կառավարության ոտերի տակը,- ասաց Նիկոլ Փաշինյանը։- Շատ ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառի թե բուն, թե փոխաբերական իմաստով»։

Վարչապետի՝ իր մեջ լկտի սուտ պարունակող այս հայտարարություն-սպառնալիքին մի այլ առիթով արդեն անդրադարձել ենք։ Նշելով, որ եկեղեցականների միակ զենքը խաչն է, հանդես ենք եկել հռետորական հարցով՝ նրանք խաչո՞վ պետք է կառավարության ոտքերի տակը քանդեն․․․ Կարծում ենք, բոլորին էլ պարզ է, որ խաչից Սատանան է վախենում, բա այդ դեպքում ինչո՞ւ էր Փաշինյանն այդպես անհանգստացել…

Ի՞նչ է՝ մեր, թեկուզ, որոշ հոգևորականներ շնագայլե՞րի են նման, որ գնահատելով դիմացինի (տվյալ պարագայում՝ կառավարության) թույլ լինելը ու դա հիմք համարելով, հարձակվեն նրա վրա, տվյալ, պարագայում, Փաշինյանի խոսքերով, եզրակացնեն, ասեն՝ եկեք քանդենք կառավարության ոտքերի տակը։ Վարչապետը գոնե հետո հասկացա՞վ, թե ինչ տխմարություն է դուրս տվել, վիրավորական ինչ մտադրություն ու հատկանիշ է վերագրել մեր եկեղեցականներին, թե հիմա էլ չի զղջում իր ասածի համար և այն, այսպես ասած, ծրագրային հայտարարություն էր․․․

Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանի սպառնալիքի կապակցությամբ դեռ այն ժամանակ ասաց․ «Կարծում եմ, որ նմանատիպ հայտարարությունները՝ «ծնկի բերելու» և այլնի մասին, ընդհնարապես հարիր չէ (առավել ևս՝ պետության ղեկավարին․- Ա․ Հ․):

Եկեղեցին անկախության շրջանից ի վեր անընդհատ թիրախավորվել է թե՛ արտաքին և թե՛ ներքին զանազան ուժերի կամ շարժումների կողմից: Վերջին տարիներին առավել ևս, իսկ վերջին ժամանակահատվածներում կարծես ուղղակիորեն խորը նպատակադրությամբ»։

Հենց այդպես էլ կա։ Ինչպես արդեն նշեցի, Փաշինյանի վերոնշյալ սպառնալիքն այժմ իրագործվում է Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի («Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան») և սորոսական մի շարք կազմակերպությունների ձեռքով կամ նրանց կողմից։ Հայաստանում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը պատրաստվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020թ.) ներկայացնել, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ զեկույցը, որին անդրադարձել ենք նաև մեր «Հայաստանի և հայության ներքին թշնամիներն են, նրանց ուզածը հե՛նց այն է, ինչ ուզում են Ադրբեջանը, Թուրքիան ու մեր մյուս թշնամիները (տեսանյութ)» վերլուծականով և այլ հրապարակումներով:

Վերոնշյալ զեկույցի 1-ի մասի «Կրոնի ազատություն» բաժնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքները, զրպարտությունները հաջորդում են մեկը մյուսին․

«Պետության աշխարհիկ հիմքը և կրոնի ու արտահայտվելու ազատությունը խախտվում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) աճող միջամտող կեցվածքի պատճառով (զրպարտություն թիվ 1․- Ա․ Հ․): Չարաշահելով ՀԱԵ-ի «բացառիկ առաքելության» մասին սահմանադրական դեկլարատիվ դրույթը, թե՛ պետական իշխանությունները, թե՛ ՀԱԵ-ն ներկայացնում և գովաբանում են ՀԱԵ-ն` որպես «պետական եկեղեցի» (զրպարտություն թիվ 2․ ՀԱԵ-ն այդպես չի վարվել, պետական իշխանությունները՝ առավել ևս․- Ա․ Հ․): Այն ունի ոչ միայն օրենքով նախատեսված կրթական համակարգ և զինված ուժեր մուտք գործելու մենաշնորհ, այլ  նաև չարաշահում է իր դիրքը` միջամտելով այդ կառույցների գործունեությանը և խախտելով դրանց աշխարհիկ բնույթը» (զրպարտություն թիվ 3․- Ա․ Հ․):

Անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, զեկույցի հեղինակները դրանում գրել են, թե նշված «պարտադիր առարկայի ուսուցման բովանդակությունը և դասավանդման ձևը հանրակրթական դպրոցներում տեղեկությունն ու գիտելիքը չեն հաղորդում օբյեկտիվ, քննադատական և բազմակարծիք տեսանկյունից և փաստացի հավասարազոր է կրոնական քարոզի»:

Թե ո՞ր տեղեկությունն ու գիտելիքը, իհարկե, չեն նշել։ Կարծում ենք, որ այս առումով ևս փաստեր չունեն, համենայն դեպս, սորոսական կազմակերպություննե՛րը չէ, որ պետք է որոշեն այդ տեղեկությունների ու գիտելիքների օբյեկտիվ լինել- չլինելը, դա Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և մասնագետների՝ աստվածաբանների, պատմաբանների գործն է։

Ի՞նչ է նշանակում, թե տեղեկությունն ու գիտելիքը չեն հաղորդվում քննադատական և բազմակարծիք տեսանկյունից․․․ Եթե սորոսականները կարծում են, թե դպրոցը բանավիճային ակումբ է, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցումն էլ խաղի նման ինչ-որ մի բան, ապա նրանք էլ, Արևմուտքի նրանց հովանավորներն էլ գլուխները պատովն են տվել, պատն էլ՝ գլխներով։

Սորոսականների հերթական հերյուրանքներից է այն, թե հանրակրթական դպրոցներում վերոնշյալ առարկայի դասավանդման ձևը փաստացի հավասարազոր է կրոնական քարոզի։

«Բանակում կատարվում են զորակոչիկների զանգվածային մկրտություն, ամենօրյա առավոտյան աղոթքներ, որոնք, ըստ պնդումների, իբր թե կամավոր են,- նշված է զեկույցում։- Միևնույն ժամանակ, օրենսդրությամբ կրոնական կազմակերպությունների անդամակցության արգելքներ են նախատեսվում ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում և Փրկարարական ծառայությունում աշխատողների, ինչպես նաև` զինված ուժերում ծառայողների համար, և գործնականում այդ արգելքները չեն տարածվում ՀԱԵ-ի հետևորդների նկատմամբ: Կառավարական նախկին և գործող պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ նրանք իրենց հավատարմությունն են հայտնում  ՀԱԵ-ին կամ սուր քննադատության են ենթարկում կրոնական այլ կազմակերպություններին` հաճախ հատելով ատելության խոսքի սահմանը, նպաստում են ճեղքվածքի առավել խորացմանը»:

Ի՞նչ է նշանակում՝ «իբր թե կամավոր են»․․․ Սորոսական կազմակերպությունները որևէ փաստ ունե՞ն, որ զորակոչիկներին, այն էլ՝ զանգվածաբար, նրանց կամքին դեմ գնալով, պարտադիր, հարկադրաբար մկրտում են․․․ Իհարկե՛ ոչ։ Սա էլ հերթական զրպարտություններից մեկն է, որ առաջիկա ամսվա ընթացքում պատրաստվում են ներկայացնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։

Այն, որ օրենսդրությամբ կրոնական կազմակերպությունների անդամակցության արգելքներ են նախատեսված ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Փրկարարական ծառայության աշխատողների, ինչպես նաև զինված ուժերում ծառայողների համար, միանգամայն ճիշտ է։ Օրենսդիրը դա արել է նրա համար, որպեսզի վերոնշյալ աշխատողներն ու ծառայողներն աղանդներին, հատկապես քայքայիչ և ամբողջատիրական աղանդներին անդամակցելով ու նրանց այստեղի և օտարերկրյա ղեկավարների կամքը կատարելով, չվտանգեն մեր ազգային անվտանգությունը։ Ահա թե ինչին են դեմ սորոսական կազմակերպությունները։ Չնայած վերոնշյալ օրենսդրական արգելքին, երկրի ղեկավարության թողտվության և ԱԱԾ-ի անգործության հետևանքով ՀՀ ոստիկանության, փրկարարական ծառայության աշխատողների, զինված ուժերում ծառայողների շարքերում, ցավոք, կան աղանդավորներ։

Ինչ վերաբերվում է նրան, որ գործնականում այդ արգելքները չեն տարածվում ՀԱԵ-ի հետևորդների նկատմամբ, ապա, ի գիտություն սորոսականների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աղանդավորական կազմակերպություն չէ, նրա բացառիկ առաքելությունը, դերն ամրագրված են նույնիսկ ՀՀ Սահմանադրությամբ։ Թեև սորոսականներն այդ մասին չեն ուղղակի կերպով, բացահայտորեն չեն գրել, բայց զեկույցի տվյալ բաժնից կարելի է եզրակացնել, որ նրանց ուզածը, ըստ էության, նաև այն է, որ վերացվի կամ փոփոխվի ՀՀ Սահմանադրության տվյալ դրույթը։ Այստեղ են ասել՝ ախորժակներիդ քացախ․․․

Ի դեպ, շա՜տ հետաքրքիր է, թե ՀՀ կառավարական գործող պաշտոնյաներից այդ ո՞ր մեկն է իր հայտարարությամբ հավատարմություն հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն կամ սուր քննադատության ենթարկել կրոնական այլ կազմակերպություններին` հաճախ հատելով ատելության խոսքի սահմանը, նպաստելով ճեղքվածքի առավել խորացմանը․․․

Իրենց զեկույցում սորոսական կազմակերպությունները վերոնշյալ «խնդիրների» լուծման համար առաջարկել են «Վերանայել «Կրոնական կազմակերպությունների մասին» գործող օրենքը` ըստ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների (2011թ. և 2018թ.), հատկապես ՀԱԵ-ի գերիշխող դիրքի, կազմակերպությունների գրանցման նվազագույն պահանջների բարձր լինելու և քարոզը որպես «հոգեորսություն» (պրոսելիտիզմ) պիտակելու մասերով»,

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական դպրոցներում դասավանդման ծրագիրը համապատասխանեցնել ԵԱՀԿ-ի Տոլեդոյի սկզբունքներին»։

Նրանք առաջարկել են նաև «Արգելել զինվորների հարկադիր մասնակցությունը ՀԱԵ հոգևորականների կրոնական ծեսերին», «Վերացնել կրոնական կազմակերպություններին անդամակցելու օրենսդրական սահմանափակումները և արգելքները իրավապահ մարմինների ու զինվորական ստորաբաժանումների ծառայողների համար», «Քայլեր ձեռնարկել այլ կրոնների դեմ ուղղված պրոպագանդայի ու ատելության խոսքի ուղղությամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Քայքայիչ, ամբողջատիրական աղանդների գործունեության դեմ ուղղված և Հայաստանում, ցավոք, առանց այն էլ հազվադեպ հանդիպող քարոզչությունն ու քննադատությունը նրանք այսպիսով որակել են այլ կրոնների դեմ ուղղված պրոպագանդա ու ատելության խոսք, ու փորձում են հասնել առաջիկայում դրա արգելմանը։

Եթե Հայաստանում սորոսական այդ կազմակերպությունների վերոնշյալ առաջարկություններն իրականություն դառնան, ապա և նրանց պատասխանատուների, և նրանց առաջարկություններն իրականություն դարձնողների թաթիկները մեկ առ մեկ կկտրվեն հայերի ու քրիստոնյաների կողմից։ Թաթիկներ կտրելու նուրբ կամ կոպիտ «արվեստին» միայն Փաշինյանը չի տիրապետում (եթե, իհարկե, տիրապետում է․․․), այդ գործը նրանից շատ ավելի լավ իմացողներ կան։

Արթուր Հովհաննիսյան