Ոստիկանությունում ստուգումները կապ չունեն պաշտոնանկության հետ, իսկ Լոռու մարզում վերահսկողական գործառույթ չի իրականացվում․ ՊՎԾ արձագանքը

Նախօրեին մամուլում հրապարակված «Նախկին պաշտոնյաներին մոռացել են․ խոշոր ձկները ջրից չոր դուրս կգան» վերտառությամբ հոդվածում անդրադարձ էր կատարվել Պետական վերահսկողական ծառայությանը։

Նյութում նշվում էր, որ ՊՎԾ-ն ինչ-ինչ «նեղ շահերից» դրդված ստուգումներ է պատրաստվում իրականացնել Լոռու մարզի մի շարք համայնքներում։

Նյութի հեղինակը նաև պնդում էր, որ «ՊՎԾ-ը դարձել է մահակ՝ մանրերից ազատվելու համար»։ Որպես հիմնավորում նշվում էր, որ ծառայությունը ստուգումներ է իրականացրել Ոստիկանությունում և ԱԱԾ-ում՝ կառույցների նախկին ղեկավարներ Վալերի Օսիպյանի և Արթուր Վանեցյանի հրաժարականներից հետո:

Պետական վերահսկողական ծառայությունը, անդրառնալով վերոգրյալին, հայտնում է.

1․Լոռու մարզի նշյալ համայնքներում ծառայության կողմից վերահսկողական գործառույթներ չեն իրականացվում, հետևաբար շահերի մասին խոսելը անտեղի է։

2․ Ոստիկանությունում իրականացված ուսումնասիրություններն ընդգրկել են շատ ավելի վաղ ժամանակաշրջան, և այն որևէ կերպ չի համընկնում Ոստիկանության նախկին պետի աշխատանքից ազատման ժամանակահատվածի հետ։

Անդրադառնալով Հայաստան համահայկական հիմնադրամում ստուգումներ կատարելուն՝ ծառայությունը հայտնում է, որ այնտեղ կատարվել են ծախսերի այնպիսի ուսումնասիրություններ, որոնք չեն իրականցվել Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգման ընթացքում՝ պայմանավորված «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի սահմանափակումներով: Եվ այդ գործընթացը որևէ անձով պայմանավորված չէ։

Ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ իր կողմից անցնող տարվա ընթացքում կատարվել են շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ և գրեթե վեց տասնյակի չափով մշտադիտարկումներ, որոնց գրեթե բոլորի մասով առկա են համապատասխան քրեական գործեր։ Այդ քրեական գործերով անցնում են տարբեր նախկին պաշտոնյաներ, որոնց անունները չի հրապարակվում՝ պայմանավորված արդյունավետ նախաքննություն իրականացնելու տրամաբանությամբ։