Հունվարի 1-ից կավելանան կենսաթոշակները և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը

Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց ավելացնել հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը:

«Գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու նպատակով պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022 թթ. ՄԺԾԾ-ով սահմանված սոցիալական ոլորտի ծախսային գերակայություններից մեկն է: Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է»,- հարցը ներկայացնելով՝ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Այսպիսով՝ առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել`

նվազագույն կենսաթոշակի չափը` 26 500 դրամ (25 500 դրամի փոխարեն),

աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18 000 դրամ (16 000 դրամի փոխարեն),

աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),

զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1 600 դրամ (1500 դրամ).

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40 000 դրամ (36 000 դրամի փոխարեն)

երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ (26 000 դրամի փոխարեն)

երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27 000 դրամ (25 500 դրամի փոխարեն)

պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27 000 դրամ (25 500 դրամի փոխարեն) երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 000 դրամ (80 000 դրամի փոխարեն):

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 26 500 դրամ (25 500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 000 դրամ (80 000 դրամի փոխարեն):

Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից: