Ժամկետային զինծառայողների ծնողներին սահմանամերձ զորամասեր տանելու ծրագիրը կշարունակվի՞․․․

Ինչո՞վ էր զբաղված ժամանակին մեծ վրդովմունքով և առանց միջոցներ խնայելու նախկին իշխանություններին քննադատող ներկայիս քաղաքապետը

Դեռ 2013 թվականից Երևանի քաղաքային իշխանության և Հայաստանի պաշտպանության նախարարության, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի նախաձեռնությամբ մեկնարկել էր սահմանամերձ զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողներին տարեկան երկու անգամ իրենց զավակներին այցելության ծրագիրը: Այն իրականացվեց ընդհուպ մինչև նախորդ տարվա ապրիլ ամիսը, քանի դեռ չէին փոխվել քաղաքապետն ու պաշտպանության նախարարը: Այդ ընթացքում քաղաքապետարանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ծրագրից հասցրել է օգտվել ավելի քան 10 հազար երևանաբնակ ծնող՝ վեց տարի շարունակ քաղաքապետարանի տրամադրած հարմարավետ ավտոբուսներով մեկնելով սահմանային շրջաններ, Արցախ, հանդիպելով իրենց զավակներին ու ծանոթանալով նրանց ծառայության պայմաններին:

Տվյալ նախաձեռնությունը ոչ միայն սոցիալական, այլև բարոյահոգեբանական կարևոր նշանակություն ունի և կոչված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Դրանից տարիներ շարունակ օգտվել են հատկապես այն ծնողները, որոնք ֆինանսական սուղ միջոցների պատճառով հնարավորություն չեն ունեցել այցելելու զինծառայող իրենց որդիներին, և քաղաքապետարանի նշված աջակցությունը նրանց համար իսկապես մեծ օգնություն է եղել: Տարիների ընթացքում ծրագրի պահանջարկը մեծացել է, հենց դրանով են բացատրվում ամեն տարի ծրագրի շահառուների թվի ավելացումը և դրական արձագանքները: Եթե նախկինում նրանց թիվը հասնում էր 1000-1200-ի, ապա վերջին տարիներին ծրագրում ընդգրկվելու հայտերի թիվը հասնում էր 1700-ի: Քաղաքային իշխանությունները փորձել են բավարարել բոլորի ցանկությունը՝ համապատախան քանակության փոխադրամիջոցներ տրամադրելով:

Սակայն, ինչպես նշեցինք, այդ կարևոր ու ծնողների համար սպասված ծրագիրը վերջին անգամ իրականացվել է նախորդ տարվա ապրիլի 28-ին՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու նախին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ջանքերով: Հաշվի առնելով, որ այն իրականացվում էր տարվա մեջ երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին, սպասվում էր, որ նախորդ աշնանը նույնպես հերթական այցելությունը կլինի: Բայց ժամկետային զինծառայողների ծնողներն այդպես էլ սպասելով մնացին, և այժմ շատերը մտավախություն ունեն, որ նոր իշխանությունները կհարաժարվեն այդ ծրագրից իբրև նախորդների թողած ժառանգություն: Նույն մտայնությամբ, օրինակ, նոր քաղաքապետը հրաժարվեց տրանսպորտային նոր ցանցի ներդրումից՝ շեշտելով, թե իբրև նախորդ քաղաքային իշխանությունը սթափ չէր գնահատել դրա հնարավոր բացերը, և ծրագիրն իրենց մշակած տեսքով չի կարող կյանքի կոչվել և իրատեսական լինել: Բայց եթե տրանսպորտային ցանցի համակարգում կարելի է հանրությանը մոլորեցնել, որովհետև ցանցի նախագիծն ու դրա արդյունավետության գնահատականները հանրությանը հայտնի չեն, ապա սահմանամերձ զորամասերի այցելության ծրագիրը տարիներ շարունակ արդյունավետորեն իրականացվել է և այն դադարեցնելու համար որևէ լուրջ հիմնավորում հնարավոր չէ նշել:

Մեր և ժամկետային զինծառայողների բազմաթիվ ծնողների այս մտահոգությունը փարատելու համար դեռ հունվարի 10-ին կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Տարոն Գևորգյանի հետ և փորձեցինք պարզել՝ ծրագիրը շարունակակա՞ն է լինելու, թե քաղաքապետարանը հրաժարվելու է դրանից: Մեր առաջին զրույցում քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ իրենք մտադրություն ունեն շարունակելու ծրագիրը նաև հետագայում, սակայն ժամկետներն ու հնարավորություններն ավելի հստակեցնելու համար երեք օր ժամանակ խնդրեց:

Հաջորդ հեռախոսազրույցը հունվարի 14-ին էր՝ երկուշաբթի: Տարոն Գևորգյանի հավաստմամբ՝ ծրագիրն, իրոք, լինելու է, սակայն ի՞նչ հաճախականությամբ և տարվա ո՞ր եղանակին, քանի՞ ծնողի համար, դեռևս հստակեցված չէ:

«Ծրագիրը լինելու է միանշանակ, բայց վերջնական չենք կարող ասել՝ աշնանն ու գարնա՞նը կլինի, թե ոչ,- մեզ հետ զրույցում ասաց Տարոն Գևորգյանը։- Մենք ծրագրի շարունակականությունն ապահովելու ենք, բայց ժամկետների մասին նախապես պաշտոնական տեղեկություն կլինի: Այլ մանրամասներ այս պահին դժվարանում եմ ներկայացնել, ումից պետք է ճշտեմ, անհասանելի է, բայց ինքն էլ հավանաբար չգիտի, քանի որ վերջնական հստակեցված չէ: Դրա համար նախատեսված միջոցներ կան բյուջեում, դա հաստատում է, որ ծրագիրը լինելու է, այն ներառված է մեր այս տարվա գործունեության ծրագրում»,- ասաց Տարոն Գևորգյանը:

Մեր հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ այն իրականացնել այս տավա աշնանը, մասնավորապես, հոկտեմբերին, ինչպես որ սպասվում էր, նա պատճառաբանեց՝ փոփոխությունների խառը ժամանակներ էին, և սահմանամերձ զորամասեր այցեր կազմակերպելու համար քաղաքային իշխանությունը պարզապես ժամանակ չուներ. «Աշնանը չեղավ, խառը փոփոխություններ, բաներ էին, դրա համար աշնանայինը չեղավ»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ֆինանսական խնդիրնե՞րն էին ծրագրի չեղարկման պատճառը: Ի պատասխան մեր հարցի, հիշյալ վարչության ղեկավարն ասաց, որ չի կարծում, թե խոչընդոտը ֆինանսական սուղ միջոցներն են եղել։

«Հստակ չասեմ, բայց ավելի շատ պատճառը կադրային, կառուցվածքային փոփոխություններն էին, ժամանակն էլ կարճ էր, քաղաքապետի ընտրությունները, երդմնակալությունը սեպտեմբերին էր և հոկտեմբերին, իսկ ծրագիրը գոնե երեք ամիս առաջ են սկսում կազմակերպել, համաձայնեցնել ՊՆ-ի հետ,- ասաց Տարոն Գևորգյանը։- Ժամացույցի ճշգրտության հստակեցում է պահանջում, որպեսզի որևէ ծնող խնդիր չունենա իր երեխային տեսնելու: Բայց քանի որ փոփոխությունների հետևանքով հնարավոր չէր հապճեպ կազմակերպել, այդ պատճառով աշնանայինը տեղի չունեցավ»։

Ի դեպ, հիշյալ վարչության ղեկավարը չկարողացավ նաև հստակեցնել, թե քաղաքային բյուջեից որքա՞ն գումար է նախատեսված ծրագրի իրականացման համար, արդյոք քաղաքապետարանն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության հետ որոշակի քայլեր կատարո՞ւմ է գոնե գարնանը ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Միով բանիվ, պարզ դարձավ, որ քաղաքապետարանում միայն քաղաքական որոշում է կայացվել ժամկետային զինծառայողներին աջակցելու համար, սակայն գործուն քայլեր չեն արվել։

«Գումարի չափը հայտնի չէ, գիտեմ, որ բյուջեում դրա համար միջոցներ նախատեսվել են,- ասաց Տարոն Գևորգյանը։- Ես չգիտեմ, կարող է հանձնաժողով կա, որն այս պահին զբաղվում է ծրագրով: Ես այս պահին բացի այն, որ ծրագիրը շարունակվելու է, այլ բան չգիտեմ»:

Իսկապես, քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 23-ին, իսկ հոկտեմբերի 13-ին նրա երդմնակալության արարողությունն էր: Այդուհանդերձ, կարող ենք պնդել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կարող էր աշնանն ապահովել ծրագրի շարունակականությունը, եթե զբաղված չլիներ ոչ հրատապ և սեփական քմահաճույքի բավարարմանն ու փիարին միտված անհեթեթ, չարդարացված մեծ ծախսեր պահանջող գործերով: Նկատենք, որ վերջին անգամ քաղաքային նախկին իշխանությունը զինծառայողների ծնողներին սահմանամերձ զորամասեր տանելու ծրագիրն իրականացրել է ապրիլի 28-ին՝  Սերժ Սարգսյանի հրաժարականից հինգ օր հետո, մինչդեռ նրա հրաժարականից հետո թե՛ կառավարությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը կաթվածահար չեղան ու հղում չկատարեցին խառը ժամանակներին, այլ հետևողականորեն իրականացրեցին իրենց նախանշած ծրագիրը: Ա՛յն իշխանությունն ու կառավարությունը, որը ներկաներն անխնա քննադատում մինչև օրս:

Նոր քաղաքապետն ընտրվելուց հետո մեկ ամիս ժամանակ ուներ՝ ծրագրի աշնանային ընթացքն ապահովելու: Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր չէ, և վեց տարվա ընթացքում հստակ մշակվել են դրա իրականացման մեխանիզմները, դժվար թե դրա իրականացման համար առնվազն երեք ամիս ժամանակ պահանջվեր, ինչպես որ ենթադրելով նշեց Տարոն Գևորգյանը, որն, ի դեպ, այդպես էլ չկարողացավ ծրագրի վերաբերյալ հստակ ոչինչ ասել, բացի այն իրականացնելու պատրաստակամությունից: Նկատենք, որ նորելուկները սովորաբար խառնվում են իրար, խուճապի մատնվում՝ հենց որ իրենց քիչ թե շատ պատասխանատու աշխատանք է հանձնարարվում: Իհարկե, մեծ-մեծ խոսելն ու խոստումներ տալը շատ ավելի, անհամեմատ ավելի հեշտ գործ է, քան իրական աշխատանք կատարելը, ինչն էլ պահանջվում էր ապացուցել:

Փոխարենը՝ քաղաքապետը շատ կարճ ժամանակահատվածում և օրենքների խախտմամբ, առանց հանրային, մասնագիտական քննարկումների, լավ էլ հասցրեց իբրև թե երևանցիների պահանջով ու հորդորով Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ձեռք բերել՝ դրա գնման, տեղափոխման ու մոնտաժման համար քաղաքային բյուջեից վճարելով որևէ ձևով չարդարացված 85 մլն 32 000 դրամ:

Տոնածառը գնելուց որոշ ժամանակ հետո «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը բացահայտեց, որ քննարկումների առարկա դարձած տոնածառն իրականում ձեռք է բերվել կանոնակարգերի, ընթացակարգերի ու օրենքների խախտմամբ։ Մասնավորապես՝ տոնածառի, ապրանքների, ծառայությունների ձեռքբերումն իրականացվել է ոչ թափանցիկ: Եվ հետո՝ նման որոշման կայացման համար անհրաժեշտ էին մասնագիտական եզրակացություններ, քննարկումներ, որոնք չեն եղել։ Պետք է լիներ ճարտարապետների, նախևառաջ Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքն առ այն, թե Հանրապետության հրապարակի շենքերի բարձրությունը, ճարտարապետական, քաղաքաշինական չափորոշիչները հաշվի առնելով, արդյոք ճի՞շտ էր 35 մետր բարձրություն ունեցող տոնածառ դնել, թե՞ ավելի ցածրն էր պետք, օրինակ, 25-մետրանոցը: Բարձրությունից կախված՝ ձևավորվում է նաև գինը, բնականաբար, 35-մետրանոց և 15-մետրանոց տոնածառերը չեն կարող նույն գինն ունենալ:

Ի դեպ, քաղաքային իշխանություններն ու կառավարությունն այնքան էին շտապել «հանրության պահանջը» կյանքի կոչել, որ տոնածառը գնելու որոշումը կայացվել էր միայն տոնածառը գնելուց հետո, մինչդեռ սովորաբար նախ լինում է որոշումը, հետո այդ որոշման հիման վրա իրականացվում է գործընթացը: Գնումների մասին օրենքում նշված է, որ պետք է լինի համապատասխան որոշում գնում իրականացնելու համար: Եթե տոնածառը ձեռք է բերվել համայնքային բյուջեից, պետք է լիներ ավագանու որոշում ուղիղ գնում կատարելու վերաբերյալ, եթե պետական բյուջեից է ձեռք բերվել, ապա պետք է լիներ կառավարության որոշում:
Մինչդեռ որոշումը կայացվել է ավելի ուշ, երբ տոնածառն արդեն Հանրապետության հրապարակում էր, և հարցը կառավարությունում ներկայացվել է որպես չզեկուցվող, ինչը նշանակում է, որ գործընթացը թափանցիկ չի եղել:

Մեկ ամիս շարունակ՝ մինչև երդմնակալության արարողությունը, ինչո՞վ էր զբաղված ժամանակին մեծ վրդովմունքով և առանց միջոցներ խնայելու նախկին իշխանություններին քննադատող ներկայիս քաղաքապետը, եթե այդ ընթացքում մայրաքաղաքում աղբահանման հարցն անհուսալի վիճակում էր, և Երևանը վերածվել էր հսկայական աղբանոցի, եթե ժամկետային զինծառայողների ծնողներին այդպես էլ աջակցությոն չտրամադրվեց՝ սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին  տեսնելու, եթե նույն աշխուժությամբ շարունակվում էր ապօրինի շինարարությունը: Գուցե նա էլ իր ղեկավարած կառույցի աշխատակիցների հետ սուրճ խմելով էր զբաղված, ինչում այսօր մեղադրում են օպտիմալացման վտանգի առջև հայտնված նախարարությունների աշխատակիցներին: Սրանք հռետորական հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվի, քանի դեռ քաղաքային իշխանությունն ևս ներկա կառավարության հլու հնազանդ կամակատարն է:

 

Թագուհի Ասլանյան