Վրաստանի նախագահն առաջարկել է ՌԴ-ի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձևաչափի» օրինակով

Թբիլիսին կարող էր Մոսկվայի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձևաչափի» օրինակով: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Մենք կարող էինք դիտարկել բանակցությունները «նորմանդական ձևաչափի» օրինակով վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացված կլիներ իր գործընկերների հետ, քանի որ մենք միայնակ բանակցություններ վարելու ուժ չունենք: Որպեսզի բանակցություններն արդյունք տան, հարկավոր է լինել հավասար վիճակում: Մեզ աջակցություն է հարկավոր»,- նշել է հանրապետության նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե պե՞տք է արդյոք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Վրացական պետության ղեկավարը վստահ է, որ հարկավոր է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի բեկում տեղի ունենա Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների մեջ: «Բոլորը պետք է լավ հասկանան՝ ոչ երկխոսությունը, ոչ բանակցությունները որևէ զիջում չեն ենթադրում»,- ընդգծել է նա: Դրա հետ մեկտեղ Զուրաբիշվիլին գտնում է, որ ժնևյան քննարկումների ձևաչափը, ինչպես նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումները հարկ է պահպանել: